Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ամենօրյա ընծաներ(Ելք 29.38-46)1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2 «Պատ…

Ամենօրյա ընծաներ

(Ելք 29.38-46)

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և նրանց ասա՛. “Հետամո՛ւտ եղեք, որ իմ տոներին մատուցեք իմ պատարագները, իմ ընծաներն ու իմ զոհերը՝ որպես անուշահոտություն”։ 3 Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։ 4 Մի գառը կզոհես առավոտյան, իսկ երկրորդ գառը կզոհես երեկոյան։ 5 Դրանց հետ կմատուցես քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ։ 6 Սա ամենօրյա ողջակեզ է, որ առաջին անգամ մատուցվեց Սինա լեռան վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ 7 Առավոտյան գառի հետ պիտի ընծայաբերես նաև քառորդ դորակ հեղման ընծա. ըմպելի նվերը Տիրոջը պիտի նվիրես Սրբությունում։ 8 Երկրորդ գառը կզոհես երեկոյան՝ իր անարյուն զոհի և հեղման ընծայի հետ՝ իբրև անուշահոտություն Տիրոջը”»։

Շաբաթ օրվա ընծան

9 «Շաբաթ օրը կմատուցես արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ, և հեղման ընծան։ 10 Այս ողջակեզը կմատուցեք ամեն շաբաթ օր, բացի ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից»։

Ամսվա առաջին օրվա ընծան

11 «Ամիսների առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից երկու զվարակ, մի խոյ, և մեկ տարեկան յոթ գառ։ 12 Ամեն մի զվարակի հետ պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, ամեն մի խոյի հետ՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ, 13 ամեն մի գառան հետ՝ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անուշահոտություն՝ զոհ Տիրոջը։ 14 Ամեն մի զվարակի հետ պետք է ընծայաբերեք կես դորակ հեղման ընծա, ամեն մի խոյի հետ՝ մեկ երրորդ դորակ, իսկ ամեն մի գառան հետ՝ մեկ քառորդ դորակ։ Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին։

15 Ամեն օրվա ողջակեզից ու դրա հեղման ընծայից բացի, մեղքերի քավության համար Տիրոջը պետք է մատուցվի այծերից մեկ նոխազ»։

Զատկի և Բաղարջակերաց տոները

(Ղևտ. 23.5-14)

16 «Առաջին ամսի տասնչորսերորդ օրը Տիրոջ զատիկն է։

17 Նույն ամսի տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։ 18 Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք. այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք։ 19 Տիրոջը ողջակեզ և ընծա մատուցեք երկու զվարակ նախրից, մեկ խոյ, արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 20 Նաև ամեն մի զվարակի հետ պետք է մատուցվի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, ամեն խոյի հետ՝ երկու տասներորդ, 21 իսկ յոթ գառներից ամեն մեկի հետ՝ մեկ տասներորդ։ 22 Իսկ մեղքերի քավության համար այծերից մի նոխազ կընծայաբերեք, 23 բացի ամեն օր առավոտյան կատարվող ողջակեզից, որը ամենօրյա ողջակեզ է։ 24 Այս օրինակով ամեն օր, յոթ օր շարունակ, պատարագ և զո՛հ մատուցեք՝ իբրև անուշահոտություն Տիրոջը, ամենօրյա ողջակեզից և նրա հեղման ընծայից բացի։ 25 Յոթերորդ օրը նույնպես սուրբ հավա՛ք արեք։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք»։

Շաբաթների և առաջին բերքի տոները

(Ղևտ. 23.15-22)

26 «Երախայրիքի տոնին, այսինքն՝ Շաբաթների* տոնին, երբ նոր բերքից անարյուն զոհ մատուցեք Տիրոջը, սուրբ հավա՛ք արեք ձեզ. ոչ մի աշխատանք չպետք է կատարեք։ 27 Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք երկու զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։ 28 Նաև՝ ամեն մի զվարակի հետ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, խոյի հետ՝ երկու տասներորդ, 29 յոթ գառներից ամեն մեկի հետ՝ մեկ տասներորդ։

30 Կնվիրաբերեք նաև այծերից մի նոխազ ձեր մեղքերի քավության համար՝ 31 չհաշված ամենօրյա ողջակեզները, դրանց անարյուն զոհերը և հեղման ընծաները. զոհաբերվող ամեն ինչ անարատ թող լինի»։

*Իմա՛ Պենտեկոստե։
. Եբր․ և հուն. ունեն նաև Երկիրը կժառանգեք վիճակ գցելով...։