Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ուղերձ և ողջույն1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբ…
Ուղերձ և ողջույն
1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի բանտարկյալը, և Տիմոթեոս եղբայրը, Փիլիմոնին՝ մեր սիրելիին և գործակցին, 2 նաև քույր Ապփիային, մեր զինակից Արքիպպոսին և քո տանը հավաքվող եկեղեցուն։ 3 Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն և աղոթք
4 Շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն՝ աղոթքներիս մեջ հիշելով քեզ, 5 երբ լսում եմ քո հավատի ու սիրո մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ, 6 որպեսզի քո մասնակցությունը հավատին արգասաբեր դառնա այն բոլոր բարիքների ճանաչման համար, որոնք առկա են ձեր մեջ Քրիստոս Հիսուսով։ 7 Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։
Պողոսի խնդրանքը
8 Դրա համար էլ, թեև Քրիստոսով լիարժեք իրավունք ունեմ հրամայելու քեզ այն, ինչ պատշաճ է, որ անես, 9 բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։ 10 Աղաչում եմ քեզ իմ որդու՝ Օնեսիմոսի համար, որի հոգևոր հայրը եղա իմ կապանքների մեջ։ 11 Նա մի ժամանակ անօգուտ էր քեզ, բայց հիմա օգտակար է թե՛ քեզ և թե՛ ինձ։ 12 Նրան ուղարկեցի քեզ մոտ. դու ընդունի՛ր նրան որպես իմ հարազատ զավակի։ 13 Նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայեր ինձ կապանքներիս մեջ, որ կրում եմ Ավետարանի համար։ 14 Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։
15 Եվ թերևս այն բանի համար նա միառժամանակ հեռացավ, որպեսզի ընդմիշտ ունենաս նրան, 16 այլևս ոչ որպես ստրուկի, այլ ստրուկից շատ ավելի վեր, որպես սիրելի եղբոր։ Եթե ինձ սիրելի է, որքա՜ն առավել քեզ՝ թե՛ իբրև մարդ և թե՛ իբրև եղբայր Տիրոջով։ 17 Եթե ինձ քեզ ընկեր ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ կընդունեիր։ 18 Եվ եթե որևէ անիրավություն է գործել քո դեմ կամ պարտապան է քեզ, իմ հաշվի՛ն անցկացրու։ 19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։ 20 Այո՛, եղբա՛յր, կուզեի, որ ինձ օգտակար լինեիր Տիրոջով։ Սիրտս հանգստացրո՛ւ Քրիստոսով։ 21 Քո հնազանդությանը վստահելով գրեցի քեզ, որովհետև գիտեմ, որ կանես ասածիցս շատ ավելին։ 22 Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տե՛ղ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ Աստված ինձ դարձյալ կվերադարձնի ձեզ։
Վերջին ողջույններ
23 Ձեզ ողջունում է Եպափրասը, որ ինձ հետ բանտարկված է Քրիստոս Հիսուսի համար, 24 ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը և Ղուկասը՝ իմ գործակիցները։
25 Մեր Տեր Հիսուսի շնորհը ձեր հոգու հետ։