Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Դավթի2 Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն …

1 Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Դավթի

2 Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր,

Որովհետև նրանից է իմ փրկությունը։

3 Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը,

Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ։

4 Մինչև ե՞րբ բոլորդ պիտի հարձակվեք մարդու վրա՝

Սպանելու ծռած պատի և կոտրած ցանկապատի պես։

5 Բայց նրանք խորհեցին միայն պատիվս նսեմացնել

Եվ ցանկացան իրենց ծարավին հագուրդ տալ։

Իրենց բերաններով օրհնում էին,

Իսկ սրտերում՝ անիծում։ Հանգիստ

6 Ա՛նձ իմ, միայն Աստծո՛ւն ապավինիր,

Որովհետև նրանից է իմ համբերությունը։

7 Նա է իմ Աստվածն ու իմ փրկիչը,

Իմ ապավենը, որ այլևս չսասանվեմ.

8 Աստծուց են իմ զորությունն ու իմ փառքը,

Աստված է օգնականս,

Եվ հույսս Աստծու վրա է։

9 Նրա՛ն հուսացեք, ժողովուրդների բոլոր ժողովնե՛ր,

Նրա առջև՛ սփռեք ձեր սրտերը,

Քանզի Աստված մեր օգնականն է

Հավիտյանս հավիտենից։ Հանգիստ

10 Սակայն ունայն ու սուտ են մարդկանց որդիները,

Մեղանչում են իրենց կշիռներով

Եվ ունայնության մեջ են միասին։

11 Մի՛ հուսացեք անիրավությանը

Եվ հափշտակություն մի՛ ցանկացեք։

Եթե հարստություն գա առատությամբ,

Ձեր սրտերը թող չհոժարեն։

12 Աստված մի անգամ խոսեց,

Եվ երկու բան լսեցինք.

13 Աստծունն է զորությունը,

Եվ որ դու ես հատուցում յուրաքանչյուրին

Ըստ իր գործերի։