Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անդամալույծի բժշկումը(Մրկ. 2.1-12, Ղուկ. 5.17-26)1 Հիսուսը, նավակ մտն…
Անդամալույծի բժշկումը
(Մրկ. 2.1-12, Ղուկ. 5.17-26)
1 Հիսուսը, նավակ մտնելով, անցավ լճի մյուս կողմը և եկավ իր քաղաքը։ 2 Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։ 3 Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Հայհոյում է դա»։ 4 Հիսուսը, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք չար բան խորհում ձեր սրտերում։ 5 Ի՞նչն է ավելի դյուրին. ասել՝ «Թող քո մեղքերը ներվեն քեզ», թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր»։ 6 Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- այդ ժամանակ նա անդամալույծին ասաց,- վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ 7 Նա վեր կացավ և գնաց իր տուն։ 8 Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն՝ մարդկանց այդպիսի իշխանություն տվողին։
Մատթեոսի կոչումը
(Մրկ. 2.13-17, Ղուկ. 5.27-32)
9 Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ 10 Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան և բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։ 11 Երբ փարիսեցիները տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ձեր վարդապետն ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ 12 Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ 13 Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Վեճ ծոմապահության շուրջ
(Մրկ. 2.18-22, Ղուկ. 5.33-39)
14 Այն ժամանակ Հիսուսին մոտեցան Հովհաննեսի աշակերտները և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 15 Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։ 16 Ոչ ոք նոր կտորից կարկատան չի դնում հնացած հագուստի վրա, որովհետև այն ամբողջությամբ կպոկվի հագուստից, և ավելի վատ պատռվածք կառաջանա։ 17 Նաև նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
Հայրոսի աղջկա հարությունը
(Մրկ. 5.21-43, Ղուկ. 8.40-56)
18 Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց, բայց ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և նա կկենդանանա»։ 19 Հիսուսը վեր կացավ և իր աշակերտների հետ գնաց նրա հետևից։
20 Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին, 21 որովհետև մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կփրկվեմ»։ 22 Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։
23 Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ, 24 ասաց նրանց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։ 25 Երբ ամբոխը դուրս ելավ, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։ 26 Այս լուրը տարածվեց այդ ամբողջ երկրով։
Կույրերի և համրի բժշկումը
27 Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ 28 Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ այդ բանը կարող եմ անել ձեզ համար»։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»։ 29 Այդժամ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ 30 Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։ 31 Իսկ նրանք ելան և նրա համբավը տարածեցին այդ ամբողջ երկրով։
32 Կույրերի մեկնելուց հետո ահա նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդու։ 33 Երբ դևը ելավ, համրը խոսեց։ Եվ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»։ 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դա հանում դևերին»։
35 Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ 36 Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները՝ սակավ։ 38 Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։