Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երկրում մնացած ազգերը1 Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Հեսուն, որպես…
Երկրում մնացած ազգերը
1 Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Հեսուն, որպեսզի նրանցով փորձվի Իսրայելի այն մասը, որը չէր մասնակցել Քանանին տիրելու պատերազմներին. 2 նաև որպեսզի պատերազմել սովորեն Իսրայելի որդիների սերունդները, որոնք պատերազմելու փորձ չունեին իրենց նախնիների նման. 3 նա թողեց այլազգիների* հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին, 4 որպեսզի նրանցով փորձվի Իսրայելը, և իմացվի, թե կլսե՞ն արդյոք Տիրոջ պատվիրանները, որ նա տվել էր նրանց հայրերին Մովսեսի միջոցով։
5 Այսպիսով Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, հեբուսացիների և գերգեսացիների մեջ։ 6 Նրանց դուստրերին իրենց համար կին առան և իրենց դուստրերին տվեցին նրանց տղաներին և պաշտեցին նրանց աստվածներին։
Գոդոնիել
7 Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։ 8 Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա և նրան մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը. նրան ծառայեցին ութ տարի։
9 Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։ 10 Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։ 11 Երկիրը քառասուն տարի հանգստացավ։ Ապա Կենեզի որդի Գոդոնիելը մահացավ։
Ավոդ
12 Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը Մովաբի արքա Եգղոմին զորացրեց Իսրայելի վրա, քանի որ նրանք չարիք էին գործել Տիրոջ առաջ։ 13 Եվ հավաքեց նրանց դեմ Ամովնի որդիներին և Ամաղեկի որդիներին, գնաց հարվածեց Իսրայելին և տիրեց Արմավենիների քաղաքին։ 14 Տասնութ տարի Իսրայելի որդիները ծառայեցին Մովաբի արքա Եգղոմին։
15 Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, և Տերը նրանց համար մի փրկիչ մեջտեղ հանեց՝ Ավոդին՝ Եմենի որդի Գերայի որդուն, որը երկու ձեռքով էլ հաջող էր գործում։ Իսրայելի որդիները նրա ձեռքով Մովաբի Եգղոմ արքային ընծաներ ուղարկեցին։ 16 Ավոդն իր համար թզաչափ երկարությամբ երկսայրի սուր շինեց, այն կապեց իր աջ ազդրին թիկնոցի տակից և գնաց 17 ու ընծաները մատուցեց Մովաբի արքա Եգղոմին։ Եգղոմը շատ ծանրամարմին մարդ էր։ 18 Երբ Ավոդն իր ընծաները տվեց, արձակեց ընծաները բերողներին։
19 Երբ Եգղոմը վերադարձավ Գաղգաղայի կուռքերի մոտից, Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Եգղոմն ասաց. «Լռի՛ր»։ Եվ ամենքին ասաց. «Դո՛ւրս ելեք»։ Եվ նրա մոտ եղողները դուրս եկան։ 20 Նա միայնակ նստած էր իր ամառանոցի վերնատանը։ Ավոդն ասաց. «Ո՛վ արքա, ես քեզ համար Աստծու պատգամ ունեմ հաղորդելու»։ Եգղոմն աթոռից վեր կացավ գնաց նրա մոտ։ 21 Երբ նա վեր կացավ, Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, քաշեց սուրն իր աջ ազդրից և խրեց Եգղոմի կողը, 22 սրի կոթն էլ խրեց վերքի մեջ։ Ճարպը ծածկեց վերքի բերանը, որովհետև նա սուրը նրա կողից չհանեց։ 23 Նրա դեմ ծածկեց վերնատան դռները, կողպեց, ելավ պատշգամբ, և դուրս գալով՝ գնաց։ 24 Նրա ծառաները ներս մտան, տեսան, որ վերնատան դռները փակված են, և ասացին. «Գուցե սենյակում նստել է բնական կարիքի համար»։ 25 Ամաչելով կանգնեցին ու սպասեցին, բայց ոչ ոք բաց չէր անում վերնատան դռները։ Ապա վերցրին բանալին, բաց արեցին և տեսան, որ ահա իրենց տերն ընկած-մեռած է գետնին։ 26 Մինչ նրանք իրարանցման մեջ էին, Ավոդը փախավ Սիրովթա, և ոչ ոք ուշ չդարձրեց նրա վրա. նա անցավ կուռքերի մոտով և փախավ-ընկավ Սիրովթա։
27 Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։ 28 Նա ասաց նրանց. «Իջե՛ք իմ հետևից, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեր թշնամի մովաբացիներին մեր ձեռքը մատնեց»։ Նրանք իջան նրա հետևից ու նախ գրավեցին դեպի Մովաբ տանող Հորդանան գետի անցումները և ոչ մի մարդու թույլ չտվեցին անցնել։ 29 Այդ օրը մովաբացիներից կոտորեցին մոտ տասը հազար մարդու՝ նրանց բոլոր պատերազմողներին ու բոլոր զորավոր մարդկանց, և նրանցից ոչ մի մարդ չազատվեց։ 30 Այդ օրը մովաբացիներն ընկճվեցին Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։ Ավոդը դատեց նրանց մինչև իր մահը։
Սամեգար
31 Ավոդից հետո մեջտեղ ելավ Անաթի որդի Սամեգարը, որն արորի մաճով այլազգիներից վեց հարյուր մարդ կոտորեց, ավար առավ չափազանց շատ արջառ և ոչխար՝ չհաշված կովերի հորթերը։ Եվ նա փրկեց Իսրայելը։