Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում …

1 Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։

2 Իմաստունների լեզուն գիտի բարին, անզգամների բերանը պատմում է չարիքներ։

3 Տիրոջ աչքն ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։

4 Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։

5 Անզգամն անարգում է հոր խրատը, իսկ ով ընդունում է հանդիմանությունը, խորագետ է։

6 Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։

7 Իմաստունների շուրթերը շաղ են տալիս իմաստություն, իսկ անմիտների սրտերը չեն կարող հաստատ լինել։

8 Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։

9 Ամբարիշտների ճանապարհները պիղծ են Տիրոջ առջև, իսկ ով արդարությանն է հետևում, Տերը սիրում է նրան։

10 Անմեղի խրատն ընդունելի է մերձավորներին, իսկ ով ատում է հանդիմանությունը, պիտի վախճանվի անարգանքով։

11 Դժոխքն ու կործանումը հայտնի են Տիրոջ առջև, ինչո՞ւ ոչ՝ նաև մարդկանց սրտերը։

12 Անուղղելին չի սիրում իրեն հանդիմանողին և չի խոսում իմաստունների հետ։

13 Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին՝ թախծալի շրջում։

14 Ուղիղ սիրտը փնտրում է իմաստությունը, անխրատ մարդկանց բերանը չարիքի է հանդիպելու։

15 Չարի աչքերը ամեն ժամ սպասում են չարիքների, իսկ բարիները պիտի հանդարտվեն ամեն ժամ։

16 Լավ է քիչը՝ Տիրոջ հանդեպ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ աներկյուղածությամբ։

17 Լավ է բանջարեղենի ճաշը՝ սիրով ու շնորհով, քան թե պարարտ արջառի միսը՝ թշնամությամբ։

18 Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։

18ա Երկայնամիտ մարդը մեղմում է դատաստանը, իսկ ամբարիշտը ավելի է գրգռում։

19 Ծույլերի ճանապարհները ծածկված են փշերով, իսկ ժիրերինը՝ բաց են։

20 Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին արհամարհում է մորը։

21 Անմիտի սիրտը կարոտ է իմաստության, իմաստուն մարդն ընթանում է ուղիղ ճանապարհով։

22 Նրանք ուշացնում են իրենց խորհուրդները, չեն պատվում իրենց խորհրդակիցներին։ Խորհուրդը խոհական սրտում է հաստատ մնում։

23 Անզգամը նրան չի հնազանդվում և չի ասում պատշաճ բան, որ բարի լինի բոլորի համար։

24 Իմաստունի խորհուրդը կյանքի ճանապարհ է, որովհետև խորշելով դժոխքից՝ կփրկվի։

25 Տերը կործանում է ոխակալների տները և հաստատ է պահում սահմանը որբերի և այրիների։

26 Անիրավ խորհուրդը պիղծ է Տիրոջ առջև, սրբերի խոսքերը պարկեշտ են։

27 Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։

27ա Ողորմությամբ ու հավատքով սրբվում է մեղքը, Տիրոջից երկյուղով յուրաքանչյուրը խորշում է չարից։

28 Արդարների սրտերը խոկում են հավատքի մասին, իսկ ամբարիշտի բերանը չարիք է պատասխանում։

28ա Արդար մարդկանց ճանապարհները հաճելի են Տիրոջ առջև. նրանց շնորհիվ թշնամիները դառնում են բարեկամներ։

29 Ամբարիշտներից հեռու է Աստված և լսում է արդարների աղոթքը։

29ա Լավ է քիչ շահելն արդարությամբ, քան թե շատ արդյունքը՝ աներկյուղածությամբ։

30 Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։

31 Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, բարի համբավը զորացնում է ոսկորները։

32 Խրատ մերժողն ատում է իր անձը, ով ընդունում է հանդիմանություն, խոհեմություն պիտի ստանա։

33 Տիրոջից երկյուղը խրատ է և իմաստություն, և փառքի սկիզբը պատշաճում է նրան։