Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տերը խաղաղություն և բարօրություն է խոստանում Սիոնին1 Եվ Ամենակալ Տիրո…
Տերը խաղաղություն և բարօրություն է խոստանում Սիոնին
1 Եվ Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.
2 «Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար
և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար”։
3 Այսպես է ասում Տերը.
“Կվերադառնամ Սիոն և կբնակվեմ Երուսաղեմում.
Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք,
և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։
4 Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ,
յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝
մեծ տարիքի պատճառով։
5 Քաղաքի հրապարակները կլցվեն պատանիներով և աղջիկներով,
որ խաղան նրա հրապարակներում”։
6 Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև
այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի”,-
ասում է Ամենակալ Տերը։
7 Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին
արևելքի երկրից և արևմուտքի երկրից.
8 նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում,
և ինձ համար ժողովուրդ կլինեն,
և ես կլինեմ նրանց համար Աստված՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։
9 Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Թող զորանան ձեր ձեռքերը,
որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից,
երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք,
և երբ այս տաճարը շինվեց։
10 Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր,
անասուններ վարձելն էլ հարգի չէր,
և ելնողի ու մտնողի համար չկար խաղաղություն նեղության պատճառով.
կուղարկեմ բոլոր մարդկանց,
յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։
11 Բայց արդ նախկին օրերի նման ես չեմ անի այդ ժողովրդի մնացորդներին,-
ասում է Ամենակալ Տերը,-
12 այլ խաղաղություն ցույց կտամ։
Այգին կտա իր պտուղը,
հողը կտա իր բերքը,
երկինքը կտա իր ցողը,
և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։
13 Եվ կլինի,
ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ,
Հուդայի՛ տուն և Իսրայելի՛ տուն,
նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք օրհնություն.
քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։
14 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Ինչպես խորհեցի ձեզ չարչարել,
երբ ձեր հայրերը բարկացրին ինձ,-
ասում է Ամենակալ Տերը,- և չզղջացի,
15 նույնպես պատրաստվում ու խորհում եմ
այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանդ.
քաջալերվե՛ք։
16 Այս բաներն են, որ պիտի անեք.
խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը,
խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.
17 թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար.
մի՛ սիրեք սուտ երդումը,
որովհետև ատեցի այդ ամենը”,-
ասում է Ամենակալ Տերը»։
Պահեցողության օրերը պիտի դառնան տոնի օրեր
18 Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց.
19 «Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Չորրորդ պահքը
և հինգերորդ պահքը,
յոթերորդ պահքը
և տասներորդ պահքը
թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ.
ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։
20 Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ,
21 և մեկի բնակիչները կհավաքվեն մյուս քաղաքում և կասեն.
“Գնանք աղաչելու Տիրոջ առջև և փնտրելու Ամենակալ Աստծու երեսը”. ես էլ կգնամ։
22 Շատ ժողովուրդներ կգան՝
փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում
և Տիրոջ հետ հաշտություն գտնելու”։
23 Այսպես է ասում Ամենակալ Տերը.
“Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն,
կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն.
“Մենք կգանք քեզ հետ,
որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։