Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ա. Վերադարձ Զորաբաբելի ղեկավարությամբ (1.1–6.22)Կյուրոսի հրովարտակը հ…

Ա. Վերադարձ Զորաբաբելի ղեկավարությամբ (1.1–6.22)

Կյուրոսի հրովարտակը հրեաների՝ գերությունից վերադարձի մասին

(Բ Մն. 36.22-23)

1 Պարսից Կյուրոս արքայի թագավորության առաջին տարում, որպեսզի կատարվի Երեմիա մարգարեի բերանով ասված Տիրոջ խոսքը, Տերն արթնացրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա հրովարտակ արձակեց իր ողջ թագավորության մեջ և բոլորին հետևյալը գրեց. 2 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։

3 Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։

4 Իր ողջ հարստությունը թող վերցնի իր հետ և տանի այնտեղ, որտեղ բնակություն կհաստատի. թող իր հետ վերցնի իր ողջ ունեցվածքը, ինչ որ լինի՝ արծաթեղեն և ոսկեղեն, կահ-կարասի կամ անասուն, և իր ընկերների հետ թող տանեն իրենց հետ՝ մասնակցելու Երուսաղեմում Տիրոջ՝ Աստծու տաճարի պատրաստության համար»։

Վերադարձ Երուսաղեմ

5 Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։ 6 Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։

7 Կյուրոս թագավորն էլ բերել տվեց Տիրոջ տաճարի ողջ սպասքն ու կահքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմից և ի պահ հանձնել իր աստվածների տանը։

8 Այդ ամենը պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց Միթրիդատ գանձապահի ձեռքով և հաշվելով հանձնեց Հուդայի իշխան Սամանասարին։

9 Այս է դրանց թիվը. երեսուն ոսկեղեն կոնք, հազար քսանինը արծաթե կոնք. 10 Երեսուն ոսկե սկավառակներ և արծաթեղեն այլևայլ՝ հազար։

11 Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։