Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մանուկների դաստիարակությունը1 Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախակի …
Մանուկների դաստիարակությունը
1 Ով սիրում է իր որդուն, պետք է հաճախակի պատժի նրան, որպեսզի վերջում ուրախ լինի։
2 Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա։
3 Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշարժի և բարեկամների առջև նրանով կպարծենա։
4 Երբ նրա հայրը վախճանվի, կարծես չի էլ մեռել, որովհետև իրենից հետո իր նմանին է թողնում։
5 Հայրը նրան տեսավ իր կյանքում և ուրախացավ և իր վախճանի մասին չտրտմեց։
6 Թշնամիների առջև վրիժառու թողեց նրան և բարեկամների առջև՝ շնորհներ հատուցող։
7 Ով գուրգուրում է իր որդուն, նրա վերքերը կկապի, և նրա ամեն ճիչի հետ կգալարվեն նրա աղիքները։
8 Անվարժ ձին կամակոր է լինում, քմահաճ որդին՝ լկտի։
9 Գգվի՛ր որդուդ, և նա քեզ կվախեցնի, խաղա՛ նրա հետ, և նա քեզ կտրտմեցնի։
10 Մի՛ ծիծաղիր նրա հետ, որպեսզի ցավ չպատճառի քեզ, և հետո ինքը քեզ չգանահարի։
11 Մանկության ժամանակ իշխանություն մի՛ տուր նրան և մի՛ անտեսիր նրա տգիտությունը։
Քանի դեռ տղա է, ջարդի՛ր նրա կողերը, 12 որպեսզի չլինի թե երբևէ համառելով՝ չհնազանդվի քեզ։
13 Խրատի՛ր քո որդուն և գործի՛ դիր նրան, որպեսզի խայտառակության մեջ չընկնես։
Առողջության մասին
14 Լավ է առողջ և ուժեղ աղքատը, որն ըստ իր կարողության է ապրում, քան հաշմված մարմնով հարուստը։
15 Լավ է առողջությունն ու առույգությունը, քան ամեն տեսակ ոսկին, և լավ է կարող մարմինը, քան անսպառ հարստությունը։
16 Մարմնի առողջությունից ավելի մեծ հարստություն չկա և մարմնի խնդությունից՝ ավելի մեծ ուրախություն։
17 Լավ է մահը, քան դառը կյանքը կամ երկար ցավը։
18 Կուռքերին մատուցված ողջակեզներն ու զոհերը նույնն են, ինչ գերեզմանին դրված խորտիկները։
19 Քանզի ով այս անում է, իր աչքով է տեսնում, որովհետև ո՛չ ուտում են, ո՛չ էլ հոտոտում։
20 Այնպես էլ՝ ովքեր հալածվեն Տիրոջից, աչքով կտեսնեն ու կհառաչեն այն ներքինու նման, 21 որը գրկում է կույսին և հոգոց հանում։
Ուրախության մասին
22 Անձնատուր մի՛ եղիր տխրությանը և քեզ մի՛ նեղիր խորհուրդներով։
23 Մարդու կյանքը սրտի ուրախությունն է, կյանքի երկարությունը՝ նրա ցնծությունը։
24 Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը և քեզանից հեռո՛ւ վանիր տխրությունը, 25 քանզի շատերին սպանեց տխրությունը, և դրանից ոչ մի օգուտ չկա։
26 Նախանձն ու բարկությունը կարճացնում են կյանքի օրերը, հոգսերը ծերացնում են ժամանակից շուտ։