Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սիմոնը զրպարտում է Օնիային1 Դարձյալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի…
Սիմոնը զրպարտում է Օնիային
1 Դարձյալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի տեղը և դավաճանել իր երկրին։ Նա սկսեց ավելի հաճախ ամբաստանել Օնիային, թե նա ինքն է Հելիոդորոսին անձամբ մղել ու ստիպել այդ քայլին, և նա է բոլոր չարիքների պարագլուխն ու կատարողը։ 2 Քաղաքի այդ բարերարին ու վերակացուին, ազգի երախտավորին, օրենքների նախանձախնդիր այդ մարդուն նա համարձակվեց ներկայացնել իբրև արքունի գործերի վնասարար։ 3 Նա իր թշնամանքն այնքան խորացրեց, որ իր կողմից նշանակված մարդկանցից ոմանց միջոցով ուզում էր սպանել սուրբ մարդուն։ 4 Երբ Օնիան տեսավ, որ հակառակությունը դառնում է անհանդուրժելի, իսկ Ստորին Ասորիքի ու Փյունիկեի սպարապետ Ապոլոնիոսը ընկերացել և աջակցում է Սիմոնի չար գործերին, 5 դիմեց թագավորին՝ ոչ թե իր համաքաղաքացիներին ամբաստանելով, այլ ամբողջ ժողովրդի ընդհանուր և անձնական բարօրությանը հետամուտ լինելով, 6 քանի որ տեսավ, որ այլևս անհնար է առանց թագավորի միջամտության հասարակությանը օգուտ տալ, մանավանդ տեսնում էր, որ Սիմոնն անհանգիստ խորամանկությամբ անընդհատ խարդախություններ է նյութում։
Քահանայապետ Յասոնը ժողովրդին հունական բարքեր է պարտադրում
7 Երբ Սելևկիոսը մեռավ, և գահ բարձրացավ Անտիոքոսը, որ կոչվում էր Եպիփան, Յասոն անունով մեկը, որ Օնիայի եղբայրն էր, անամոթաբար աշխատեց քահանայապետությունը խլել Օնիայից։ 8 Նա խոստացավ երեք հարյուր քանքարից բացի արքունիքին հավելյալ տալ վաթսուն քանքար, իսկ այլ եկամուտներից՝ ևս ութսուն քանքար։ 9 «Ես դրան կավելացնեմ ևս հարյուր հիսուն,- ասում էր նա,- եթե գործը գլուխ գա։ Քաղաքը կենթարկեմ ձեզ, թատրոններ ու կրկեսներ կշինեմ, երուսաղեմացիներին էլ ձեր անունով անտիոքացիներ կգրեմ»։ 10 Երբ թագավորը համաձայնվեց, և Յասոնը հասավ իր ցանկացած իշխանությանը, իր հայրենակիցներին անմիջապես հույն հեթանոսական օրենքներ պարտադրեց։ 11 Նա մի կողմ դրեց նախկին այն արքունական արտոնությունները, որ ձեռք էին բերվել հռոմեացիների հետ բարեկամության ու զինակցության առաքելությունն իրականացրած Հովհաննեսի՝ Եվպոլեմոսի հոր միջոցով, վերացրեց օրինավոր սովորությունները և ներմուծեց անօրեն նոր բարքեր։ 12 Միջնաբերդի ներսում նա թատրոն ու մարզարան կառուցեց, որտեղ ընտիր ու առույգ պատանիներին մարմնամարզության արվեստն էին ուսուցանում։ 13 Այդ ամբարիշտ ու չքահանայապետ Յասոնի ծայրահեղ մոլորության պատճառով այնպես եռանդագին սկիզբ դրվեց այլազգությանն ու հեթանոսությանը, 14 որ այդուհետ քահանաներն անտեսում էին զոհասեղանի սպասավորությունն ու տաճարի ծառայությունը, արհամարհում ողջակեզի զոհաբերությունները և կոչնազանգի կանչելուն պես շտապում էին մասնակցել ըմբշամարտի մրցասպարեզում տեղի ունեցող անօրեն տեսարանին։ 15 Հայրերի պատիվն արհամարհում էին և անօրեն հեթանոսության փառքը գերադասում օրհնության փառքից։ 16 Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրա բոլոր կողմերից նեղություններ հասան ու պաշարեցին նրանց, և ում բարքին ու սովորությանը որ նախանձում էին ու աշխատում ամեն ինչով նմանվել նրանց, հենց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ ու տանջողներ դարձրին։ 17 Անպատիժ չեն մնա նրանք, ովքեր կանարգեն աստվածային օրենքները։ Ստորև պատմվող դեպքերը բացահայտ դա ցույց կտան։
18 Արդ, ժամանակն էր, որ Ծուր քաղաքում թագավորի ներկայությամբ յուրաքանչյուր հնգամյակը մեկ տեղի ունեցող աստվածների պաշտամունք կատարվեր։ 19 Անօրեն Յասոնը այդ խաղերին անտիոքացի անվանումով մասնակիցներ ուղարկեց սուրբ Երուսաղեմ քաղաքից. նրանց երեք հարյուր սատեր տվեց՝ իբրև Վահագնի [Ο΄
Հերակլ
] պաշտամունքի զոհերի գին։ Երբ նրանք եկան ու բերեցին այն, ինչ պետք է բերեին, խնդրեցին, որ այդ արծաթը չխառնեն կուռքերի պաշտամունքի զոհերին, որովհետև պատշաճ չէր սուրբ վայրի գանձը հատկացնել դիցապաշտության կուռքերի զոհերին։ 20 Նրանք վերցրին պաշտամունքի զոհերի համար ուղարկված դրամը, բայց բերողների աղաչանքին անսալով՝ այն չխառնեցին պաշտամունքի զոհերի համար հատկացվածներին, այլ հատկացրին արքունի գործերին՝ նավեր պատրաստելու համար։
Անտիոքոսի հանդիսավոր ընդունելությունը Երուսաղեմում
21 Ֆիլոմիտորի թագադրությանը մասնակցելու համար Մենեսթեոսի որդի Ապոլոնիոսի՝ Եգիպտոս ուղարկվելուց հետո Անտիոքոսը տեղեկացավ, որ Ֆիլոմիտորը հակառակ է իրեն, և միջոցներ ձեռք առավ իր անվտանգության համար։ Ուստի գնաց հասավ Հոպպե, այնտեղից եկավ Երուսաղեմ։ 22 Այստեղ Յասոնն ու այդ քաղաքի բնակիչները նրան ընդունեցին մեծ պատվով՝ ջահերով ու լուսաճաճանչ աշտանակներով։ Ապա այնտեղից իր ողջ զորքով գնաց Փյունիկեի կողմերը։
Մենելաոսը դառնում է քահանայապետ
23 Երեք տարի անց Յասոնը վերոհիշյալ Սիմոնի եղբորը՝ Մենելաոսին, ուղարկեց և նրա ձեռքը տվեց արքունի դրամը, որպեսզի տանի արքային։ 24 Երբ նա հանդիպեց արքային ու մեծարվեց նրա կողմից, իր համար կորզեց քահանայապետությունը և առավելություն ստացավ Յասոնի նկատմամբ՝ տուրքի դրամին ևս երեք հարյուր քանքար ավելացնելով։ 25 Եվ իշխանություն ստանալու արքունի հրամանն առնելով՝ վերադարձավ։ Նա քահանայապետությանն արժանի ոչինչ չուներ, այլ չար գազանի նման դառը կատաղությամբ էր լցված։ 26 Յասոնը, որ իր եղբոր քահանայությունը խլել էր դավով, նույն ձևով ինքն էլ զրկվեց քահանայությունից և հալածական դառնալով՝ փախավ ամովնացիների երկիրը։
27 Մենելաոսն իր ձեռքն առավ քահանայապետության իշխանությունը, սակայն ամբողջությամբ չկարողացավ տալ այն գումարը, որ խոստացել էր թագավորին։ 28 Դղյակ-միջնաբերդի հազարապետն սկսեց անհանգստանալ ու պահանջել գումարը, որովհետև նրան էր հանձնարարված հավաքել երկրի հարկը, ուստի երկուսն էլ պալատ կանչվեցին։ 29 Երբ Մենելաոսը տեսավ, որ հարկ չի կարող վճարել, իր փոխանորդ նշանակեց իր եղբայր Լյուսիմաքոսին, իսկ Սովստրատոսը դարձավ կիպրացի վարձկանների կառավարիչ։
Օնիայի սպանությունը
30 Երբ այս դեպքերը տեղի էին ունենում, տարսոնցիներն ու մալոտացիներն ըմբոստացան, որովհետև իրենք իբրև սեփականություն հանձնվել էին թագավորի հարճ Անտիոքիդեին։ 31 Թագավորը, իր տեղը փոխանորդ նշանակելով բարձրաստիճան Անդրոնիկոսին, շտապով գնաց, որ հասնի, հնազանդեցնի նրանց։ 32 Մենելաոսը, տեսնելով, որ պատեհ առիթ է ներկայացել, տաճարից զգուշությամբ ոսկե սպասներ գողացավ և տվեց Անդրոնիկոսին. ուրիշ սպասներ էլ վաճառել էր Ծուրում և դրա շրջակայքում գտնվող այլ քաղաքներում։ 33 Օնիան, որ ապաստանել էր Անտիոքի մոտ գտնվող Դափնի քաղաքում, այդ մասին տեղեկանալով, հանդիմանեց նրան։ 34 Դրա համար էլ Մենելաոսը, Անդրոնիկոսին մի կողմ տանելով, համոզեց նրան, որ սպանի Օնիային։ Նա գնաց Օնիայի մոտ, նենգությամբ համոզեց նրան և մեծ երդումներով հավատարմության դաշինք կնքեց նրա հետ։ Օնիան թեև մտքում կասկածում էր, համաձայնվեց դուրս գալ բերդից։ Հենց դուրս եկավ, Անդրոնիկոսը սրախողխող արեց նրան՝ ամենևին չվախենալով արդար դատաստանից։ 35 Դրա համար էլ ոչ միայն հրեաները, այլև հեթանոսները զայրացած էին այդ մարդու անարդար սպանության համար։
36 Երբ թագավորը վերադարձավ Կիլիկիայի կողմերից, բոլոր քաղաքների հրեաներն ու հեթանոսները սրտի կսկիծով դիմեցին նրան այդ մարդու անարդար սպանության և նրա տարապարտ մահվան համար։ 37 Անտիոքոսն անկեղծորեն տրտմեց, խղճահարությամբ լցվեց ու շատ արտասվեց այդ մարդու սրբության ու անսահման իմաստության համար։ 38 Բարկությամբ բորբոքված՝ նա հրամայեց Անդրոնիկոսի վրայից հանել ծիրանին, մերկացնել նրան իր զգեստներից, ման տալ քաղաքով մեկ և այն նույն վայրում, որտեղ նա Օնիայի նկատմամբ անօրենություն էր գործել, հրամայեց կտրել այդ ստոր մարդասպանի գլուխը՝ Տիրոջից արժանի պատիժ հասցնելով չարագործին։
Լյուսիմաքոսի մահը
39 Երբ շատ գանձեր գողացվեցին Լյուսիմաքոսի ձեռքով ու Մենելաոսի խորհրդով, և երբ այդ լուրը տարածվեց, ժողովուրդը հավաքվեց Լյուսիմաքոսի դեմ, որովհետև ոսկե բազում անոթներ էին կորել։ 40 Երբ ժողովուրդը հուզված ու զայրացած ոտքի ելավ, Լյուսիմաքոսը սպառազինեց մոտ երեք հազար մարդու և ձեռնարկեց չար գործեր՝ առաջնորդությամբ մի մարդու, որը որքան դժնատեսիլ էր, նույնքան էլ՝ թանձրամիտ։ 41 Երբ տեսան Լյուսիմաքոսի գործած դավն ու նենգությունը, անմիջապես հավաքվեցին, որ միջոցներ ձեռնարկեն։ Մեկը քար, մյուսը փայտ, երրորդը ավազ ու հողախառն խիճ վերցնելով՝ նետեցին հարձակվողների վրա։ 42 Ոմանց վիրավորեցին, ոմանց գլուխը կտրեցին, շատերին սպանեցին, իսկ մնացած բոլորին փախուստի մատնեցին և տաճարը կողոպտողին գանձատան մոտ հալածական տապալեցին։
43 Այս ամենի համար մեղադրանք ներկայացվեց Մենելաոսին։ 44 Երբ թագավորը եկավ Ծուր, ծերակույտի կողմից ուղարկված երեք մարդիկ գործը ներկայացրին նրան։ 45 Երբ Մենելաոսը մեղավոր ճանաչվեց, խոստացավ շատ գանձեր տալ Պտղոմեոսին, եթե նա սիրաշահեր թագավորի սիրտը։ 46 Այդ մտադրությամբ նա, իբր թագավորի հետ զբոսնելու նպատակով, մի կողմ տարավ նրան և հեղաշրջեց նրա միտքը։ 47 Թագավորը բոլոր չարիքների պատճառ Մենելաոսին ազատեց մեղադրանքներից, իսկ այն տառապյալներին, որոնք եթե անգամ խաղտեացիների [Ο΄
սկյութների
] առաջ դատվեին, անպարտ կհամարվեին և ազատ կարձակվեին, մահվան դատապարտեց։ 48 Անարդար պատիժն անմիջապես գործադրեցին նրանց նկատմամբ, ովքեր հանուն քաղաքի, ժողովրդի ու սրբազան անոթների պաշտպանության բողոք էին բարձրացրել։ 49 Այդ պատճառով էլ չարատյաց ծուրացիները սրտացավությամբ ու առատապես հոգացին այն ամենը, ինչ պետք էր նրանց հուղարկավորելու համար։ 50 Իշխանների ժլատությունից ու ագահությունից օգտվելով՝ Մենելաոսը չարախոսությամբ էր զբաղվում և իր համաքաղաքացիներին մեծամեծ չարիքներ պատճառում։