Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սպանդի մատնված ոճրային քաղաքը1 Ո՛վ արյան քաղաք,բոլորովին սուտ,անիրավո…

Սպանդի մատնված ոճրային քաղաքը

1 Ո՛վ արյան քաղաք,

բոլորովին սուտ,

անիրավությամբ լի,

որի որսը զննվելու է։

2 Հարվածի ձայն,

անիվի շարժման ձայն,

կառքերի շաչյուն,

հեծյալների արշավանք,

3 զենքի փայլ, սուսերի շող,

վիրավորների թավալգլոր անկում.

և վերջ չկար նրանց ազգերին, բայց կտկարանան իրենց մարմինների մեջ

4 բազում պոռնկությունների պատճառով։

Գեղապանծ պոռնիկ,

կախարդների գլխավոր,

որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ

և տոհմերին՝ իր կախարդանքներով։

5 «Ահա ես դեմ եմ քեզ,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված,-

կբացեմ քո զգեստները

և կգցեմ քո երեսի վրա,

ազգերին ցույց կտամ քո մերկությունը

և թագավորություններին՝ քո անարգանքը։

6 Քեզ վրա կնետեմ քո պղծություններն ու աղտեղությունները

և քեզ խայտառակ կանեմ։

7 Եվ կլինի,

որ ով քեզ տեսնի, կիջնի և կասի.

«Դո՛ւ, խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար»,

որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։

8 Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, Ովնի՛ բաժնեմաս.

նա, որ բնակվում է գետերի մեջ, և ջրերը շրջապատել են նրան,

որի սկիզբը ծովն է,

և ջրերը՝ նրա պարիսպը։

9 Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զորությունն են,

և չափ չկա նրա փախչելուն.

լիբիացիները եղան նրա օգնականները։

10 Սակայն նա էլ հողդողդալով գերի կգնա,

և նրա մանուկներին քարին կխփեն նրա ճանապարհների սկզբին,

նրա բոլոր թանկարժեք իրերի վրա վիճակ կգցեն,

և նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կկապվեն։

11 Դու կհարբես, կհիմարանաս ու քո թշնամիներից

քեզ համար ոտնատեղ կխնդրես։

12 Քո բոլոր ամրոցները նման են թզենու պտղի,

որ եթե շարժվի, կընկնի ուտողների բերանը։

13 Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ.

քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն

քո թշնամիների համար,

և կրակը կուտի քո նիգերը։

14 Պաշարման համար քեզ ջո՛ւր լցրու և ամրացրո՛ւ քո ամրոցները.

մտի՛ր ցեխը,

կոխոտի՛ր հարդի հետ և պնդացրո՛ւ աղյուսից ավելի։

15 Այնտեղ կրակը կուտի քեզ,

և սուրը կկործանի քեզ,

կուտի քեզ մորեխի պես

և կծարավի ջորյակի նման։

16 Շատացրիր քո վաճառելիքները երկնքի աստղերի չափ.

ջորյակը եկավ ու թռավ,

17 խաղաց գրվիճի պես.

քո խառնիճաղանջ ամբոխը

նման է ցուրտ օրը ցանկապատին կպած մորեխի.

արևը ծագեց, և խաղաց ու չճանաչեց իր տեղը։

Վա՜յ նրանց։

18 Ընկան քո զորավարները,

ո՜վ Աշուրի թագավոր,

կոտորվեցին քո զորքերը,

քո ժողովուրդը ցրվեց լեռները,

և չկա մեկը, որ նրանց հավաքի։

19 Թարախակալվեցին քո վերքերը,

և քո անկմանը բուժում չկա.

բոլորը, որ լսեցին քո գույժը,

կծափահարեն քո անկման համար,

քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։