Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ծնողներն սպասում են իրենց որդուն1 Նրա հայր Տովբիթը մտքում հաշվում էր …
Ծնողներն սպասում են իրենց որդուն
1 Նրա հայր Տովբիթը մտքում հաշվում էր օրերը։ Երբ լրացան վերադառնալու օրերը, և չեկան, 2 ասաց. «Գուցե Գաբայելը մեռե՞լ է, և չկա մեկը, որ նրան տա արծաթը, իսկ նա ամաչելով չի վերադառնում»։ 3 Նա խիստ տրտում էր։ 4 Կինն ասաց նրան. «Տղան կորավ, քանի որ այսչափ ուշացավ»։ Նա սկսեց լալ ու սգալ որդուն և ասաց. 5 «Ոչինչ պետք չէ ինձ, որդյա՛կ իմ։ Ինչո՞ւ թողեցի քեզ, իմ աչքերի՛ լույս»։ 6 Տովբիթն ասաց նրան. «Լռի՛ր և մի՛ անհանգստացիր. նա ողջ է»։ 7 Իսկ կինն ասաց նրան. «Դո՛ւ լռիր և մի՛ խաբիր ինձ, որովհետև իմ երեխան կորավ»։ Եվ ամեն օր մայրը դուրս էր ելնում ու գալիս այն ճանապարհը, որով նրանք գնացել էին։ Ցերեկը հաց չէր ուտում, իսկ գիշերը չէր դադարում իր որդի Տովբիային սգալուց։
Տովբիան ուզում է վերադառնալ
Երբ լրացան հարսանիքի տասնչորս օրերը, որ Հռագուելը երդվել էր, թե նրանք այնտեղ կմնան, 8 Տովբիան ասաց Հռագուելին. «Արձակի՛ր ինձ, որովհետև իմ հայրն ու մայրն ինձ ողջ տեսնելու հույս այլևս չունեն»։ 9 Աներն ասաց նրան. «Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, իսկ ես մարդիկ կուղարկեմ քո հոր մոտ, և նրանք քո մասին կտեղեկացնեն նրան»։ Տովբիան ասաց. «Այդպես չի լինի, պետք է ինձ արձակես, որ գնամ իմ հոր մոտ»։ 10 Հռագուելը վեր կացավ և նրան տվեց նրա կին Սառային, իր ունեցվածքի կեսը, ծառաներ ու աղախիններ, անասուններ ու արծաթ, 11 օրհնեց նրանց, արձակեց ու ասաց. «Որդյա՛կ իմ, թող Տերը՝ երկնքի Աստվածը, հաջողություն պարգևի ձեզ, նախքան մեռնելս»։ 12 Իսկ իր դստերն ասաց. «Զավա՛կս, պատվի՛ր քո սկեսուրին ու սկեսրայրին, քանի որ այժմ նրանք են քո հայրն ու մայրը, և հեռո՛ւ մնա ատելության խոսքերից»։ Եվ համբուրեց նրան։ 13 Իսկ Հեդնան Տովբիային ասաց. «Սիրելի՛ եղբայր, թող Տերը քեզ ողջությամբ տանի քո տուն և ինձ իմ դուստր Սառայից զավակ տեսնել տա, որպեսզի ես ուրախանամ Տիրոջ առջև։ Այժմ նրան հանձնում եմ քեզ, թող այսուհետև քոնը լինի. չտրտմեցնես նրան»։
14 Տովբիան գնում էր ու օրհնում Աստծուն, որ հաջողություն տվեց իր ճանապարհին։ Նա նաև օրհնում էր Հռագուելին ու նրա կնոջը։