Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Եվ Եզրասը, ելնելով Տիրոջ տաճարի սրահից, գնաց Հովնանի՝ Ելիասիբի որդո…

1 Եվ Եզրասը, ելնելով Տիրոջ տաճարի սրահից, գնաց Հովնանի՝ Ելիասիբի որդու տուն 2 և իջևանեց այնտեղ։ Հաց չճաշակեց և ջուր չխմեց՝ ողբալով ժողովրդի անօրենությունների ու մեծամեծ մեղքերի վրա։ 3 Եվ ազդարարվեց ողջ Հուդայի երկրում ու Երուսաղեմում, որ գերությունից բոլոր վերադարձողները գան հավաքվեն Երուսաղեմում։ 4 Ովքեր երկու-երեք օրից չժամանեն, պիտի դատվեն առաջնորդների և ծերերի կողմից, նրանց ունեցվածքը պիտի հափշտակվի, և նրանք, օտար համարվելով, պիտի հեռացվեն գերեդարձների բազմությունից։
5 Հուդայի ու Բենիամինի բոլոր ցեղակիցները երեք օրվա ընթացքում՝ իններորդ ամսի քսանին, հավաքվեցին Երուսաղեմում։ 6 Ողջ բազմությունը նրա ընկերակցությամբ նստեց Տիրոջ տան ընդարձակ սրահում՝ սարսռալով ու դողալով ձմեռվա ցրտից։ 7 Եզրասը ոտքի կանգնեց և ասաց նրանց. «Դուք եք որ մեղանչել եք՝ կին առնելով այլազգիների դուստրերից և ավելացնելով Իսրայելի անօրենությունները։ 8 Արդ, խոստովանություն և փա՛ռք տվեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, 9 կատարե՛ք նրա կամքը և զատվե՛ք, հեռացե՛ք երկրի բոլոր հեթանոսներից ու ձեր այլազգի կանանցից»։ 10 Եվ ողջ բազմությունը միաբանվելով մեծ աղաղակ բարձրացրեց ու ասաց. «Կանենք այնպես, ինչպես որ դու ասացիր, 11 բայց քանի որ հիմա ձմեռ է, ուստի մեր հսկայական բազմությունը չի կարող դիմանալ այս վշտին ու նեղությանը, մանավանդ որ դա մեկ-երկու օրվա գործ չէ, քանի որ մենք չափազանց սաստիկ մեղանչեցինք այդ գործում։ 12 Արդ, թող բազմության վրա իշխաններ ու առաջնորդներ նշանակվեն, և գնալով այն տունը, որտեղ այլազգի կին կա, ժամանակ սահմանեն։ 13 Ամեն տեղ թող ծերեր ու դատավորներ նշանակվեն, և լուծելով քավեն մեզնից Տիրոջ բարկությունը այն մեծամեծ չարիքների համար, որ գործել ենք»։ 14 Հովնաթասը՝ Ազայելի որդին, և Եզիասը՝ Թոկանի որդին, ինչպես նաև նրանց հետ միաբանված Մոսոլամոսը, Ղևին և Սաբատեոսը հանձն առան կատարել այդ բանը, 15 և արեցին այն ամենի համաձայն, ինչպես որոշել էին գերությունից վերադարձածները։ 16 Եվ Եզրաս քահանան ըստ նահապետական տների իշխաններ ընտրեց և նրանց անունները գրանցեց, որոնք տասներորդ ամսի ամսամուտին ժողովի նստեցին՝ այդ հարցը լուծելու համար։ 17 Եվ մինչև առաջին ամսվա սկիզբը հավաքագրեցին այն մարդկանց, ովքեր այլազգի կին ունեին*։

Այլազգի կին ունեցողների ցանկը
(Բ Եզր. 10.18-44)

18 Հավաքված քահանաների մեջ ևս գտնվեցին ոմանք, որ այլազգի կին ունեին և հաղորդակից էին դարձել ամբարշտությանը՝ 19 Հովսեդեկի որդու՝ Հեսուի որդիներից ու նրա եղբայրներից՝ Մաթելան, Եղիազարը, Հորիբոսը և Հովադան, 20 որոնք սկսեցին վտարել իրենց այլազգի կանանց, և յուրաքանչյուրը խոյ մատուցեց չգիտակցված մեղքերի համար։ 21 Եմմովրի որդիներից՝ Անանիասը, Զաբդեոսը, Մանեսը, Սամեոսը, Հերիելը և Ազարիասը, 22 Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասիասը, Իսմայելը, Նաթանայելը, Ովկիդելոսը և Սալթոսը. 23 ղևտացիներից՝ Հովզաբդոսը, Սեմեիսը և Կովլիոսը՝ նույն ինքը Կալիտասը, և Փաթեասը, Հուդասը և Հովանասը. 24 սաղմոսասացներից՝ Ելիասիբոսը, Բաքուրոսը. 25 դռնապաններից՝ Սալոիմոսը և Տոլբանեսը։ 26 Իսրայելից, Փորոսի որդիներից՝ Հերմասը, Հեզիասը, Մելքիասը, Միամիոսը, Եղիազարը, Ասաբիասը և Բանեասը, 27 Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Հեզրիելը, Հովադիոսը, Հերիմովթը և Այեդիասը, 28 Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Հարիմովթը, Սաբաթոսը և Զարդեասը, 29 Բեբեի որդիներից՝ Հովհաննեսը, Անանիասը, Զաբդոսը և Եմաթոսը, 30 Մանիի որդիներից՝ Ովլամոսը, Մալուքոսը, Հեդեոսը, Հասուբոսը, Հասաելոսը և Հերեմովթը, 31 Ադդիի որդիներից՝ Նաաթոսը, Մոոսիասը, Ղակունոսը, Նաիդոսը, Մատաթիասը, Սեսթելը, Բալնուոսը և Մանասիասը, 32 Աննասի որդիներից՝ Ելիովնասը, Ասեասը, Մելքիասը, Սաբեոսը, Սիմովնը և Քոսամեոսը, 33 Ասոմի որդիներից՝ Ալտանեոսը, Մատաթիասը, Բանեուսը, Ելիփալատը, Մանասեն և Սեմեին, 34 Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոադիոսը, Մաերոսը, Հուելը, Մամդեն, Պեդիասը, Անովսը, Կարաբասիովնը, Ելինասիբոսը, Մամնիտանեմոսը, Ելիասիսը, Բանուսը, Ելիալին, Սոմեին, Սելեմիասը, Նաթանիասը, Եզովրի որդիներից՝ Սեսիսը, Եզրիլը, Ազայելը, Սամատոսը, Զամբրին, Հովսեփը, 35 Նաումի որդիներից՝ Մազիտեասը, Զաբադեասը, Եդեսը, Իուելը և Բանեասը։ 36 Սրանք բոլորն այլազգի կանայք էին առել և արձակեցին նրանց, իրենց որդիների հետ։

Եզրասը հրեաներին ընթերցում է Օրենքը
(Նեմ. 7.72–8.12)

37 Քահանաները, ղևտացիներն ու իսրայելացիներից շատերը յոթերորդ ամսի ամսամուտին բնակվեցին Երուսաղեմում ու նրա շրջակայքում։ Իսրայելի որդիները բնակվեցին իրենց բնակավայրերում։ 38 Ողջ բազմությունը միակամ հավաքվեց տաճարի արևելյան դռան առջև՝ ընդարձակ վայրում, 39 և ասացին Եզրաս քահանայապետին ու օրենքի քարոզչին, որ բերի Մովսեսի օրենքները՝ տրված Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից։ 40 Եզրասը մեջտեղ բերեց օրենքը բոլոր մարդկանց ու կանանց և բոլոր քահանաների առաջ։ Եվ յոթերորդ ամսվա ամսամուտին լսեցին Տիրոջ օրենքը։ 41 Նա առավոտից մինչև միջօրե կարդում էր տաճարի դռան առջևի ընդարձակ վայրում, բոլոր տղամարդկանց ու կանանց առաջ, և ողջ բազմությունը ուշադիր լսում էր Տիրոջ՝ Աստծու օրենքը։ 42 Եզրաս քահանան՝ Տիրոջ օրենքի ընթերցողը, կանգնած էր փայտաշեն բեմի վրա։ 43 Նրա աջ կողմում կանգնած էին Մատաթիան, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը և Բաալսամոսը։ 44 Իսկ ձախ կողմում՝ Փադեոսը, Միսայելը, Մելքիասը, Լովթասը, Ուբոսը, Նաբարիասը և Զաքարիասը։ 45 Եզրասը, իր ձեռքին Օրենքի գիրքը, մեծ փառքով նստել էր բոլորի առջև, իսկ ողջ բազմությունը նստել էր նրա առաջ։ 46 Երբ նա բացեց Օրենքի գիրքը, ողջ բազմությունը ոտքի կանգնեց, և Եզրասը օրհնություն մատուցեց Տիրոջը՝ Բարձրյալ Աստծուն՝ ամենակալ Սաբավովթ Աստծուն։ 47 Եվ ողջ բազմությունը միաբերան ասաց՝ Ամեն, ապա իրենց ձեռքերը վեր բարձրացնելով՝ նրանք իրենց երեսների վրա ընկան գետնին ու երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն։
48 Հեսուսը, Աննիուսը, Սարաբիասը, Հադինոսը, Հակուբոսը, Սաբուտեոսը, Ավդեասը, Մեաննասը, Կալիտասը, Ազարիասը, Հովզաբդոսը, Անանիասը և Փիլասը այն ղևտացիներն էին, որ ժողովրդին ուսուցանում էին Տիրոջ օրենքը, բացատրում ու հասկացնում Տիրոջ՝ Աստծու օրենքը։
49 Եվ Ատթարատեսը բոլորի առաջ ասաց Եզրաս քահանային՝ Տիրոջ օրենքի քարոզչին, և այն ղևտացիներին, որ ուսուցանում էին բազմությանը. 50 «Այս օրը Տիրոջ սրբության օրն է,- բոլորը հուզված էին Տիրոջ օրենքը լսելուց,- 51 գնացե՛ք, ճոխ կերակուրնե՛ր կերեք և հաճելի ըմպելիքնե՛ր ըմպեք. մա՛ս ուղարկեք նաև չունևորներին։ 52 Որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ համար, ուստի մի՛ տխրեցրեք այն, քանի որ Տերը՝ Աստված, ինքը փառավորեց մեզ»։ 53 Եվ բոլոր ղևտացիները հրամայեցին բազմությանը՝ ասելով. «Այս օրը սուրբ է, և տխուր մի՛ դարձրեք այն»։ Բազմությանն ասացին նաև. 54 «Ով ունի, թող ուտի, խմի և ուրախանա, նաև տա նրան, ով չունի, և թող բոլորն այսօր շատ ուրախ լինեն, 55 որովհետև դուք հագեցաք Տիրոջ օրենքի խոսքերով, որոնց համար հավաքվեցիք այստեղ, և որոնք մենք ուսուցանեցինք ձեզ»։