Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Մոգերի երկրպագությունը1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում…

Մոգերի երկրպագությունը

1 Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրերին, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ 2 և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ 3 Երբ Հերովդես արքան լսեց, խռովվեց, և նրա հետ՝ ամբողջ Երուսաղեմը։ 4 Եվ ժողովելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի դպիրներին՝ հարցրեց նրանց, թե որտե՛ղ էր ծնվելու Քրիստոսը։ 5 Նրանք պատասխանեցին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված.

“Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր,

բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ.

քեզնից մի իշխան կելնի ինձ համար,

ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.1 (5.2))»։

7 Այն ժամանակ Հերովդեսը գաղտնաբար կանչեց մոգերին և նրանցից ճշտեց աստղի երևալու ժամանակը։ 8 Ապա նրանց Բեթղեհեմ ուղարկեց՝ ասելով. «Գնացե՛ք, ստույգ տեղեկացե՛ք մանկան մասին և երբ գտնեք մանկանը, իմա՛ց տվեք ինձ, որպեսզի ես էլ գամ և երկրպագեմ նրան»։ 9 Նրանք թագավորին լսելուց հետո ճանապարհ ընկան։ Եվ ահա այն աստղը, որը տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ մանուկն էր։ 10 Աստղը տեսնելուն պես չափազանց մեծ ուրախություն ապրեցին։ 11 Երբ տուն մտան, տեսան մանկանն իր մոր՝ Մարիամի հետ, և առջևն ընկնելով՝ երկրպագեցին նրան։ Ապա բացելով իրենց գանձատուփերը՝ նրան ընծաներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։ 12 Երազի մեջ Հերովդեսի մոտ չվերադառնալու հրաման ստանալով՝ ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։

Փախուստ Եգիպտոս

13 Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և փախի՛ր Եգիպտոս. այնտե՛ղ մնա, մինչև ասեմ քեզ, որովհետև Հերովդեսը փնտրում է մանկանը՝ նրան սպանելու համար»։ 14 Հովսեփն արթացավ, գիշերով վերցրեց մանկանն ու նրա մորը և հեռացավ Եգիպտոս, 15 որտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսի՛ց եմ կանչելու իմ Որդուն» (Ովս. 11.1)։

Բեթղեհեմի մանուկների կոտորածը

16 Երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվել է, սաստիկ բարկացավ։ Մարդ ուղարկեց ու կոտորեց Բեթղեհեմում ու նրա շրջակայքում գտնվող երկու տարեկան ու ավելի փոքր բոլոր մանուկներին՝ ըստ այն ժամանակի, որը ճշտել էր մոգերից։ 17 Այն ժամանակ իրականացավ Երեմիա մարգարեի միջոցով ասվածը.

18 «Մի ձայն գուժեց Ռամայում,

ողբ, հեծեծանք ու սաստիկ լացուկոծ.

Ռաքելը լալիս էր իր զավակների համար

և չէր ուզում մխիթարվել,

քանի որ նրանք այլևս չկային» (Երմ. 31.15)։

Վերադարձ Եգիպտոսից

19 Երբ Հերովդեսը վախճանվեց, ահա Տիրոջ հրեշտակը Եգիպտոսում երազի մեջ երևաց Հովսեփին 20 և ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մանկանն ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև մեռան նրանք, ովքեր մանկան մահն էին ուզում»։ 21 Եվ Հովսեփը վեր կացավ, վերցրեց մանկանն ու նրա մորը և եկավ Իսրայելի երկիր։ 22 Բայց երբ լսեց, թե Արքեղայոսն է թագավորում Հրեաստանում իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ և երազի մեջ հրաման ստանալով՝ գնաց Գալիլեայի կողմերը։ 23 Եկավ բնակվեց Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի իրականանար մարգարեների այն խոսքը, թե Նազովրեցի է կոչվելու։