Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եղբայրական փոխօգնություն1 Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույ…

Եղբայրական փոխօգնություն

1 Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալները։
2 Մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։
3 Մի՛ խռովիր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։
4 Մի՛ մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի՛ դարձրու տնանկից։
5 Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ,
6 քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքն անմիջապես կլսի Տերը, որն ստեղծել է նրան։
7 Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին և քո ունկը խոնարհեցրո՛ւ իշխանի առաջ, նրա առաջ խոսի՛ր հեզությամբ և խոնարհությամբ։
9 Զրկվածին փրկի՛ր հզորի ձեռքից և կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։
10 Որբերի համար եղի՛ր ինչպես հայր և նրանց մոր հանդեպ՝ որպես ամուսին,
11 և դու կլինես Բարձրյալի որդու նման, որը քեզ ավելի կսիրի, քան քո մայրը։

Իմաստությունը կատարյալ է դարձնում մարդուն

12 Իմաստությունը բարձրացնում է իր որդիներին և պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտրում են իրեն։
13 Ով սիրում է նրան, կյա՛նքն է սիրում, և ովքեր առավոտից շտապում են դեպի նա, ուրախությամբ պիտի լցվեն։
14 Ով ունի այն, փառք պիտի ժառանգի, և ուր մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը, իսկ ով նրան է լսում, պիտի դատի հեթանոսներին։
15 Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբությանը, և Տերը սիրում է այն սիրողներին։
16 Ով լսում է նրան, դատելու է ազգերին, և ով իր մտքի մեջ դնի այն, կապրի հույսով։
17 Ով հավատա, կժառանգի այն, և երբ վրա հասնի չարությունը, նրա սերունդը կհարատևի։
18 Սկզբից իմաստությունը կգնա այդ սերնդի հետ սայթաքուն ճանապարհներով,
19 երկյուղ և վստահություն կբերի նրան և նրան փորձության կմատնի իր խրատով, մինչև որ վստահի նրա անձին և նրան փորձի իր հրահանգներով։
20 Ապա դարձյալ ընդառաջ դուրս կգա նրան ուղիղ ճանապարհի վրա, կուրախացնի նրան և իր գաղտնիքները կհայտնի նրան։
22 Բայց եթե մոլորվի, կթողնի նրան և կմատնի նրան իր իսկ գլորմանը։

Ճշմարիտ և կեղծ ամոթ

23 Առժամանակ դանդաղի՛ր և զգո՛ւյշ եղիր չարից,
24 և դու քո անձի համար ամոթահար չես լինի,
25 քանզի ամոթ կա, որ դեպի մեղք է տանում, ամոթ էլ կա, որ փառք է բերում և շնորհ։
26 Որդյա՛կ, մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի և մի՛ ամաչիր ի վնաս քեզ։
28 Նեղության պահին խոսքը մի՛ արգելիր, քանզի ասվածից է ճանաչվում իմաստությունը, և խրատը՝ լեզվի խոսքերից։
30 Մի՛ եղիր ընդդեմ ճշմարտության և ամաչի՛ր քո անարժանության համար։
32 Մի՛ ամաչիր քո մեղքերը խոստովանելուց, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, քո անձը հիմարին մի՛ ենթարկիր,
33 մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տերը՝ Աստված, կպայքարի քեզ հետ։
34 Հանդուգն մի՛ եղիր քո լեզվով և ծույլ ու դանդաղկոտ՝ քո գործերում։
35 Քո տան մեջ մի՛ եղիր առյուծի պես և դաժան՝ քո ծառաների հանդեպ։
36 Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար և փակ՝ տալու ժամանակ։