Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Լյուսիասի առաջին արշավանքը1 Քիչ ժամանակ անց արքայի հազարապետ Լյուսիաս…

Լյուսիասի առաջին արշավանքը

1 Քիչ ժամանակ անց արքայի հազարապետ Լյուսիասը, այդ մասին լսելով, խիստ զայրացավ ու վրեժխնդրությամբ լցվեց կատարված դեպքերի համար։ 2 Նա զորք ժողովեց՝ ութսուն հազար հետևակ ու ամբողջ հեծելազորը, և նրանց իր հետ վերցնելով՝ գնաց եբրայեցիների վրա այն մտադրությամբ, որ նրանց գլխավոր քաղաքը վերածի հեթանոսների բնակավայրի, 3 սրբության տաճարը մյուս մեհյանների նման հարկատու դարձնի, իսկ քահանայապետության պաշտոնը ամեն տարի աճուրդի դնի։ 4 Անտեսելով Աստծու զորությունը՝ բյուրավոր հետևակ զինվորներ, հեծելազոր ու փղեր հավաքելով՝ գոռոզամտությամբ առաջ էր շարժվում։
5 Երբ Հուդայի երկիր մտավ ու մոտեցավ Երուսաղեմից հինգ ասպարեզ հեռու գտնվող Բեթսուրի բերդին, տասնյակ հազարավոր զինվորներով շրջապատեց բերդը և սկսեց ճնշում գործադրել։ 6 Մակաբայեցիները, իմանալով իրենց բերդի պաշարման մասին, ժողովրդի հետ ողբալով ու արտասվելով, աղաչում էին Աստծուն, որ բարի հրեշտակ առաքի իսրայելացիներին փրկելու համար։ 7 Մակաբեն նախ ինքը զենք վերցրեց, զորքին հրաման տվեց սպառազինվել, կազմ ու պատրաստ լինել և իրենց անձերը վտանգի ենթարկելով՝ օգնության հասնել նեղության մեջ գտնվող եղբայրներին։ 8 Այդ ժամանակ նրանք միաբան, միահամուռ սպառազինվելով, առաջ նետվեցին։ Երբ մոտենում էին Երուսաղեմ քաղաքին, նրանց առաջ եկավ իջավ ոսկե զենքերով սպառազինված, սպիտակ ձի հեծած մի մարդ։ Նա ճոճում էր նիզակը և պատրաստվում հարձակվել։ 9 Բոլորը գոտեպնդված օրհնեցին ողորմած Աստծուն և այնպես քաջալերվեցին ու զորացան, որ պատրաստ էին ոչ միայն մարդկանց դեմ գնալ, այլև եթե կատաղի գազաններ հանդիպեին կամ երկաթե պարիսպներ, դրանք ևս կոտորել, կործանել ու անցնել։ 10 Նրանք համարձակորեն հարձակվեցին՝ Տիրոջ ողորմածությամբ երկնային հեծյալին նիզակակից ունենալով։ 11 Այդպես առյուծի նման հարձակվեցին թշնամու բանակի վրա և այնտեղ՝ նույն տեղում, հարվածեցին ու տապալեցին տասնմեկ հազար ընտիր զինվորի և հազար վեց հարյուր հեծյալի, իսկ մնացած ամբողջ զորքը փախուստի մատնեցին։ 12 Նրանցից շատերը ծանր վիրավոր, տկար ու տկլոր փախան և փրկվեցին։ Լյուսիասն ինքը գլխիկոր, մազապուրծ փախավ։

Խաղաղության դաշինք հրեաների հետ

13 Քանի որ անմիտ մեկը չէր, Լյուսիասը մտածեց իր պարտության մասին և գիտակցելով, որ եբրայեցիներն անհաղթելի են, քանի որ հզոր Աստված օգնում է նրանց, պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ, որպեսզի արդար պայմաններով հաշտություն կնքի։ 14 Նա հանձն առավ թագավորի համաձայնությունն էլ ստանալ ու համոզել նրան, որ բարեկամանա նրանց հետ։ 15 Հուդան հասարակության շահերի համար համաձայնվեց այն պայմաններին, որ Լյուսիասն առաջարկեց։ Մակաբեն հրեաների վերաբերյալ ինչ գրավոր պահանջեց Լյուսիասից, արքան շնորհեց նրանց։ 16 Հրեաներին գրված նամակներն ունեին այս բովանդակությունը. «Լյուսիասը ողջունում է հրեա ժողովրդին։ 17 Հովհաննեսն ու Աբեսաղոմը, որոնց դուք ուղարկել էիք մեզ մոտ, մեզ հանձնեցին ձեր նամակը և խնդրեցին այն, ինչ գրված էր դրա մեջ։ Ինչ հնարավոր էր, թույլ տվեցի և 18 ինչ պետք էր ներկայացնել թագավորին, ներկայացրի, որպեսզի ձեզ գործերի վերաբերյալ արտոնություն տրվի ձեզ։ 19 Եթե հոգ տանեք կատարել մեր կողմից ձեզ գրվածը, ես էլ սրանից հետո ավելի կջանամ բարիք անել ձեզ։ 20 Հետագա գործերի մասին էլ պատվիրեցինք, որ խորհրդակցեն ձեզ հետ։ 21 Ո՛ղջ եղեք։ Հարյուր քառասունութ թվականին, Դիոսկորինթ ամսի քսանչորսին»։
22 Իսկ արքունի հրովարտակը գրված էր այսպես. «Անտիոքոս արքան ողջունում է եղբայր Լյուսիասին։ 23 Հիմա որ մեր հայրն աստվածների մոտ է տեղափոխվել, կամենում ենք, որ մեր թագավորության ենթակա ժողովուրդներն առանց խռովության ապրեն, 24 հատկապես հրեաները, որովհետև նրանք չընդունեցին իմ հոր՝ հեթանոսության դառնալու պահանջը և խնդրեցին, որ թույլ տանք իրենց ապրել ըստ իրենց օրենքների։ 25 Քանի որ կամենում ենք, որ այս ազգը ևս առանց խռովության ապրի, հրամայում ենք տաճարը վերադարձնել իրենց և թույլ տալ, որ ապրեն ըստ իրենց նախնիների օրենքների։ 26 Արդ, լավ կանես, եթե մարդ ուղարկես նրանց մոտ ու դաշինք կնքես, որպեսզի տեսնելով իրենց հանդեպ մեր տածած խնամքը՝ ուրախանան և զվարթությամբ շարունակեն ապրել ըստ իրենց օրենքների»։
27 Իսկ հրեա ժողովրդին ուղղված արքունի հրովարտակն այսպես էր գրված. «Անտիոքոս արքան բարեկամաբար ողջունում է հրեաների ծերակույտին ու հրեա ժողովրդին։ 28 Եթե լավ եք, մենք հենց դա էլ կամենում ենք։ Մենք ևս լավ ենք։ 29 Լյուսիասը մեզ տեղեկացրեց, որ ուզում եք վերադառնալ Երուսաղեմում գտնվող ձեր եղբայրների մոտ։ 30 Ուստի նրանք, ովքեր կգնան մինչև Ահեկան ամսի երեսունը, թող ունենան մեր բարեկամությունն ու 31 արտոնությունը՝ առաջվա նման դավանելու իրենց կրոնն ու օրենքները, և ոչ ոք որևէ ձևով նեղություն թող չտա նրանց։ 32 Մենք ուղարկում ենք Լյուսիասին ու Մենելաոսին, որ ձեզ քաջալերեն։ 33 Ո՛ղջ եղեք։ Հարյուր քառասունութ թվականին, Ահեկան [Ο΄
Քսանթիկոս
] ամսի տասնհինգին»։
34 Հռոմեացիները նույնպես նամակ ուղարկեցին, այսպիսի բովանդակությամբ. «Կոյինդոս Մեմիոսն ու Տիտոս Մանիոսը՝ հռոմեացիների գլխավորները, ողջունում են եբրայեցի ժողովրդին։ 35 Ինչ արտոնություն տվել է ձեզ թագավորի եղբայր Լյուսիասը, մենք նույնպես համաձայն ենք։ 36 Բայց քանի որ ինչ որոշել է, պետք է ներկայացվի արքային, իմաստությամբ խորհելուց հետո արա՛գ ուղարկեք մեկին, որպեսզի կարողանանք ձեր օգտին առաջարկ ներկայացնել, որովհետև մենք ահա գնում ենք Անտիոք։ 37 Ուստի շտապե՛ք և ուղարկե՛ք մեկին, որ մենք էլ իմանանք, թե դուք ի՛նչ եք մտածում։ 38 Ո՛ղջ եղեք։ Այս դաշինքը կնքվեց հարյուր քառասունութ թվականին, Քսանթիկոս ամսին»։