Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայելը բաժանված չէ իր Տիրոջից1 Այսպես է ասում Տերը.«Ո՞ւր է ապահարզա…

Իսրայելը բաժանված չէ իր Տիրոջից

1 Այսպես է ասում Տերը.

«Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը,

կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։

Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք,

և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։

2 Եկա, և մարդ չկար.

կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր.

մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել,

կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։

Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը,

կչորացնեմ գետերը,

և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները

ու կսատկեն ծարավից։

3 Խավար կհագցնեմ երկնքին,

նրա հանդերձը քուրձ կդարձնեմ»։

Ծառան ապավինում է Տիրոջ օգնությանը

4 Տերը ինձ խրատող լեզու է տալիս,

որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել,

ամեն առավոտ ինձ զգուշացրեց,

սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։

5 Տիրոջ խրատը կբացի իմ ականջները,

և ես անհնազանդ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա։

6 Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի,

և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։

7 Տերը եղավ ինձ օգնական,

դրա համար էլ ամոթ չզգացի,

այլ իմ երեսը դարձրի կարծր քարի պես։

Գիտեմ, որ չեմ ամաչելու,

8 քանի որ մոտ է նա, ով արդարացնելու է ինձ։

Ո՞վ է իմ ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղը.

ո՞վ է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ.

9 ահա Տերն է ինձ օգնական,

և ո՞վ է, որ չարչարելու է ինձ։

Ահա դուք բոլորդ ձորձերի պես պիտի հնանաք,

և ցեցը պիտի ուտի ձեզ։

10 Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից,

թող լսի նրա ծառայի ձայնը։

Ովքեր գնում էին խավարի մեջ,

և լույս չկար նրանց համար,

թող իրենց հույսը դնեն Տիրոջ անվան վրա և խրախուսվեն Աստծով։

11 Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով,

պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով

ու պիտի բորբոքվեք բոցով։

Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ,

և դուք տրտմության մեջ պիտի ննջեք։