Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սուրբ Հոգու պարգևները1 Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրնե՛ր…

Սուրբ Հոգու պարգևները

1 Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ մնաք։ 2 Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՛ս էիք գնում-գալիս անշունչ կուռքերի մոտ։ 3 Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նմանապես, ոչ ոք չի կարող ասել. «Հիսուսը Տեր է», եթե ո՛չ Սուրբ Հոգով։ 4 Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ 5 Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։ 6 Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։ 7 Բայց յուրաքանչյուր մեկին է տրված Հոգու հայտնությունը՝ բոլորի օգուտի համար։ 8 Մեկին իմաստության խոսք է տրված Հոգու կողմից, մյուսին՝ գիտության խոսք՝ ըստ նույն Հոգու, 9 մեկ ուրիշին՝ հրաշագործ հավատ՝ նույն Հոգու միջոցով, մեկ ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգու միջոցով, 10 մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ 11 Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։

Մեկ մարմին՝ բազում անդամներով

12 Ինչպես որ մարմինը մեկ է և բազում անդամներ ունի, և մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաև Քրիստոսը, 13 որովհետև մենք ամենքս՝ հրեա թե հեթանոս, ծառա թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք մեկ մարմին կազմելու համար, և ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք։ 14 Քանի որ մարմինը մեկ անդամից չէ կազմված, այլ բազում անդամներից։ 15 Եթե ոտքն ասի՝ «Քանի որ ձեռք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ 16 Եթե ականջն ասի՝ «Քանի որ աչք չեմ, այդ մարմնին չեմ պատկանում», չի դադարում այդ մարմնին պատկանելուց։ 17 Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։ 18 Բայց արդ, Աստված անդամները, նրանցից յուրաքանչյուրը, դրեց մարմնի մեջ այնպես, ինչպես ինքը կամեցավ։ 19 Իսկ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, որտե՞ղ կմնար մարմինը։ 20 Բայց արդ, անդամները բազում են, իսկ մարմինը՝ մեկ։ 21 Աչքը չի կարող ձեռքին ասել, թե՝ «Ինձ պետք չես», ոչ էլ գլուխը՝ ոտքերին, թե՝ «Ինձ պետք չեք»։ 22 Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որ ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։ 23 Այն անդամներին, որ ավելի անարգ են թվում, առավելագույն պատիվ ենք տալիս, և մեր ամոթույքն ավելի պարկեշտությամբ ենք ծածկում, 24 մինչդեռ մեր պարկեշտ անդամները դրա կարիքը չունեն։ Աստված կազմեց մարմինը և նվազ պատվավորին ավելի պատիվ տվեց, 25 որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի անդամները նույն հոգածությունն ունենան միմյանց նկատմամբ։ 26 Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։

Քրիստոսի խորհրդավոր մարմինը

27 Արդ, դուք Քրիստոսի մարմինն եք և անդամները՝ առանձնաբար։ 28 Եվ նրանց, որոնց Աստված կարգեց եկեղեցու մեջ, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, ապա՝ հրաշագործներին, ապա՝ բժշկության շնորհ ունեցողներին, ուրիշներին օգնողներին, վարիչներին, զանազան լեզուներով խոսողներին, այդ լեզուներից թարգմանողներին։ 29 Մի՞թե բոլորն առաքյալներ են, մի՞թե բոլորը մարգարեներ են, մի՞թե բոլորն ուսուցանողներ են, մի՞թե բոլորը հրաշագործներ են, 30 մի՞թե բոլորը բժշկության շնորհ ունեն, մի՞թե բոլորը լեզուներ են խոսում, մի՞թե բոլորը թարգմանում են։ 31 Բայց դուք նախանձախնդի՛ր եղեք այն շնորհներին, որոնք լավն են։ Բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։