Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ալեքսանդրը Հովնաթանին նշանակում է քահանայապետ1 Հարյուր վաթսուն թվական…

Ալեքսանդրը Հովնաթանին նշանակում է քահանայապետ

1 Հարյուր վաթսուն թվականին Անտիոքոսի որդի Ալեքսանդր Եպիփանը գնաց ու գրավեց Պտղոմայիսը։ Բնակիչներն ընդունեցին նրան, և նա թագավորեց այնտեղ։ 2 Երբ Դեմետրիոս արքան լսեց, մեծաթիվ զորք հավաքեց և ելավ նրա դեմ պատերազմելու։ 3 Դեմետրիոսը նաև խաղաղության պատգամ ուղարկեց Հովնաթանին, որպեսզի պատվի նրան, 4 քանի որ մտածեց. «Շտապենք նրա հետ խաղաղության դաշինք կնքել, քանի դեռ նա Ալեքսանդրի հետ դաշինք չի կնքել մեր դեմ։ 5 Ես գիտեմ, նա կհիշի այն չարագործությունները, որ գործել ենք իր դեմ, իր եղբայրների ու իր ազգի դեմ»։ 6 Դեմետրիոսը նրան զորք հավաքելու և զենք պատրաստելու իրավունք տվեց, որպեսզի իր նիզակակիցը դառնա, իսկ միջնաբերդում գտնվող պատանդներին հրամայեց հանձնել նրան։
7 Հովնաթանը եկավ Երուսաղեմ և նամակը կարդաց ամբողջ ժողովրդի ու միջնաբերդում գտնվողների առջև։ 8 Նրանք խիստ վախեցան, որովհետև լսեցին, որ արքան նրան զորք հավաքելու իրավունք է տվել։ 9 Բայց պատանդներին բերեցին ու հանձնեցին նրան, իսկ նա նրանց հանձնեց իրենց ընտանիքներին։
10 Հովնաթանը բնակվեց Երուսաղեմում և սկսեց վերակառուցել ու նորոգել քաղաքը։ 11 Նա պարիսպը կառուցողներին ասաց. «Շինե՛ք այդ պարիսպը և Սիոն լեռը շուրջանակի պատե՛ք քառանկյուն որձաքարերով»։ Այդպես էլ արեցին։ 12 Այն ժամանակ Բաքիդեսի կառուցած բերդերում ապրող այլազգիները փախուստի դիմեցին։ 13 Ամեն մեկը թողեց իր բնակության վայրն ու գնաց իր հայրենի երկիրը։ 14 Միայն Բեթսուրում մնացին Օրենքն ու պատվիրանները լքած մի քանի մարդիկ, որովհետև դա ապաստանի քաղաք էր։
15 Երբ Ալեքսանդր արքան լսեց այն խոստումները, որ Դեմետրիոսն ուղարկել էր Հովնաթանին, և նրան պատմեցին այն պատերազմների ու քաջագործությունների մասին, որ նա կատարել էր իր եղբայրների հետ, և այն տանջանքների մասին, որ կրել էր նրանց հետ, 16 ասաց. «Մի՞թե երբևէ կարող ենք այսպիսի մի տղամարդու գտնել։ Եկեք նրան դարձնենք մեր բարեկամն ու զինակիցը»։ 17 Նա հրամայեց հրովարտակ ուղարկել նրան հետևյալ խոսքերով. 18 «Ալեքսանդր արքայից ողջո՜ւյն իր եղբայր Հովնաթանին։ 19 Քո մասին լսել ենք, որ քաջ տղամարդ ես, և արժանի՝ մեր բարեկամը լինելու։ 20 Ուստի մենք քեզ այսօր նշանակում ենք քո ազգի քահանայապետ և քեզ կոչում ենք արքայի բարեկամ։ Արդ, հաստատո՛ւն մնա մեր դաշինքի մեջ և մեր նկատմամբ հավատարիմ բարեկամությո՛ւն պահպանիր։ Ո՛ղջ եղիր»։ Եվ հրամայեց նրա համար ոսկե թագ ու ծիրանիներ տանել։
21 Հովնաթանը սրբազան պատմուճանը հագավ հարյուր վաթսուն թվականի յոթերորդ ամսին, տաղավարահարաց տոնին։ Նա զորք հավաքեց և զենքեր պատրաստեց։

Հրեաները մերժում են Դեմետրիոսի առաջարկները

22 Այս բաները լսելով՝ Դեմետրիոսը խիստ տրտմեց ու ասաց. 23 «Այս ի՞նչ արեցինք, մենք ինչո՞ւ նրանց մեզ զորակից չդարձրինք։ Ալեքսանդրը մեզնից առաջ ընկավ, նրանց հետ խաղաղության դաշինք կնքեց և Հուդայի երկիրն իր հզոր բազուկը դարձրեց։ 24 Արդ, եկեք մենք էլ նրանց քաջալերանքի ու մեծարանքի խոսքեր գրենք, պարգևներ խոստանանք, որպեսզի նրանք մեզ դաշնակից դառնան»։ 25 Եվ նրանց հրովարտակ ուղարկեց հետևյալ խոսքերով. «Դեմետրիոս արքայից ողջո՜ւյն հրեա ազգին։ 26 Քանի որ դուք պահեցիք մեզ հետ կնքած ուխտն ու դաշինքը, շարունակեցիք մնալ մեր բարեկամը, թշնամիներին աջակից չեղաք, մենք, լսելով այդ, ուրախ եղանք։ 27 Արդ, շարունակե՛ք պահպանել մեր նկատմամբ ունեցած նույն հավատարմությունը, 28 և մենք դրա փոխարեն ձեզ շատ հարկերից կազատենք և պարգևներ կտանք։ 29 Ձեզ ազատություն կտանք և բոլոր հրեաներին կազատենք տուրքերից և աղի ու թագի հարկերից։ 30 Իսկ հացահատիկային բերքի մեկ երրորդը և այգիների ու ծառերի բերքի կեսը, որ ինձ էիք տալիս, այսուհետ կթողնեմ ձեզ։ Դրանք այսուհետ և հավիտյանս չեմ հավաքի Հուդայից և Սամարիայից Հուդային միացված երեք շրջաններից։ 31 Երուսաղեմը, իր շրջակա սահմանները, իր տասանորդներն ու մաքսերը թող սուրբ լինեն ու հարկերից ազատ։ 32 Միջնաբերդի իշխանությունը ևս հանձնում ենք քահանայապետին, որպեսզի դրա պահպանության համար նա այնտեղ կարգի այն մարդկանց, որոնց ինքը կընտրի։ 33 Նաև առանց փրկագնի ազատ կարձակեմ բոլոր այն հրեաներին, որ Հուդայի երկրից գերեվարվել են իմ թագավորության երկրները։ Թող բոլորը չեղյալ համարեն նրանց հասը, մաքսն ու անասնահարկը։ 34 Իմ թագավորության մեջ գտնվող բոլոր հրեաները տարեկան բոլոր տոներին, շաբաթ օրերին, ամսվա սկզբներին, տոնին նախորդող և տոնին հաջորդող երեք օրերին հարկ թող չվճարեն։ 35 Ոչ ոք թող չհանդգնի որևէ մեկին պահանջ ներկայացնել կամ նեղել մեկին որևէ խնդրի վերաբերյալ։ 36 Թող հրեաները ևս զինվորագրվեն արքունի բանակ մինչև երեսուն հազար զորական և թող պարեն ստանան, ըստ արքունի ողջ զորքի համար սահմանված կարգի։ 37 Նրանցից ովքեր հավատարիմ են, թող նշանակվեն արքունի պաշտոնյաներ։ Նրանց իշխաններն ու վերակացուները թող իրենցից լինեն և առաջնորդվեն իրենց օրենքներով, ինչպես որ արքան հրամայել է Հուդայի երկրի համար։ 38 Սամարիայից Հուդայի երկրին միացված երեք շրջանները թող Հուդայի երկրի հետ մեկ վարչական միավոր հարամվեն նույն օրենքներով քահանայապետի իշխանության տակ։ 39 Պտղոմայիսը թող պարգև տրվի Երուսաղեմում գտնվող սրբարանին՝ սրբարանի համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։ 40 Ես ամեն տարի արքունի գանձարանից կտամ տասնհինգ հազար սիկղ արծաթ, որոնք կստացվեն ինձ ենթակա վայրերից։ 41 Այն մթերքը, որ կպակասի, և իրենք չեն կարողանա ձեռք բերել, արքունիքից կտրվի, ինչպես եղել է առաջին սերունդների ժամանակ։ Դրանք սրանից հետո թող տրվեն արքունի միջոցներից։ 42 Բացի այդ, սրբարանի եկամուտներից ամեն տարի գանձվող հինգ հազար սիկղ արծաթը չեղյալ եմ համարում, որովհետև դա պատկանում է քահանաներին ու տաճարի սպասավորներին։ 43 Ով արքունիքին պարտք ունենալու պատճառով փախչի ու մտնի Երուսաղեմի տաճարը կամ նրա սահմաններից ներս, թող ներում ստանա։ Նրանք թող ազատ արձակվեն։ 44 Սուրբ շինություններից ամեն ինչ, որ ավերված-կործանված լինի, թող կառուցվի ու նորոգվի, իսկ ծախսերը թող վճարեն արքունիքից։ 45 Թող կառուցեն Երուսաղեմի պարիսպները և շուրջանակի ամրացնեն, իսկ ծախսերը թող վճարեն արքունիքից։ Նաև թող կառուցվեն Հուդայի երկրի բոլոր բերդապարիսպները»։

Դեմետրիոսի մահը

46 Երբ Հովնաթանն ու ժողովուրդը լսեցին այս խոսքերը, երբեք չհավատացին դրանց, ոչ էլ ընդունեցին, որովհետև հիշեցին Երուսաղեմում Դեմետրիոսի կատարած մեծամեծ չարագործություններն ու իրենց պատճառած նեղությունները։ 47 Նրանք գերադասեցին Ալեքսանդրի հետ հաշտությունը, որովհետև նա էր առաջինը խաղաղություն առաջարկել։ Այդպիսով նրանք նրա նիզակակիցն ու օգնականը եղան նրա կյանքի բոլոր օրերում։
48 Ալեքսանդր արքան զորաժողով արեց և մեծաթիվ զորք հավաքեց, որ գա, պատերազմ տա Դեմետրիոսի դեմ։ 49 Երկու թագավորները եկան ու միմյանց բախվեցին։ Դեմետրիոսի բանակը փախուստի դիմեց։ Ալեքսանդրը նրանց նկատմամբ առավելություն ստացավ 50 և մինչև արևի մայր մտնելը սաստիկ ճակատամարտ մղեց նրանց դեմ։ Այդ օրն այդտեղ՝ Ալեքսանդրի առաջ, Դեմետրիոսը սպանվեց։ Նրանք հարվածեցին, հալածեցին և նույն օրն էլ ամեն ինչ ավարտեցին։

Ալեքսանդրն ամուսնանում է Պտղոմեոս Զ արքայի դստեր հետ

51 Ալեքսանդրը եգիպտացիների երկիր՝ Պտղոմեոս արքայի մոտ, բանագնացներ ուղարկեց հետևյալ գրությամբ. «Թող հայտնի լինի քեզ, ո՜վ արքա Եգիպտոսի, 52 որ ես տեր դարձա իմ տերությանը և նստեցի իմ հայրերի գահին, իշխանությունը վերցրի իմ ձեռքը, հարվածեցի ու վանեցի Դեմետրիոսին իր զորքով և վերանվաճեցի իմ երկիրը։ 53 Պատերազմում հարվածեցի ու վանեցի նրան ու իր զորքերը և նստեցի նրա թագավորական գահին։ 54 Արդ, ե՛կ միմյանց միջև խաղաղություն հաստատենք. քո դստերն ինձ կնությա՛ն տուր, որ նա ինձ արժանի կին լինի, իսկ ես էլ քեզ՝ արժանի փեսա»։
55 Եգիպտացիների արքան պատասխան տվեց ու ասաց. «Բարի է այն օրը, երբ դու վերադարձար քո նախնիների երկիրը և նստեցիր քո հայրերի թագավորության գահին։ 56 Ես պատրաստ եմ սիրով անել այն ամենը, ինչ դու գրել ես ինձ։ Սակայն եկ իրար հանդիպենք Պտղոմայիսում, որպեսզի տեսնենք միմյանց, և քեզ իմ փեսան կդարձնեմ, ինչպես որ ասել ես»։
57 Պտղոմեոս արքան հարյուր վաթսուներկու թվականին ելավ Եգիպտոսից և իր Կլեոպատրա դստեր հետ եկավ Պտղոմայիս։ 58 Երկու թագավորները հանդիպեցին միմյանց, և Պտղոմեոսն իր Կլեոպատրա դստերը տվեց նրան կնության։ Մեծ ճոխությամբ ու մեծ շուքով, ինչպես վայել է թագավորներին, հարսանիք արեցին Պտղոմայիսում։
59 Ալեքսանդրը Հովնաթանին հրովարտակ ուղարկեց, որ նա իր մոտ գա։ 60 Հովնաթանը մեծ շուքով գնաց Պտղոմայիս, մեծամեծ նվերներով ներկայացավ երկու թագավորներին և նրանցից շնորհների արժանացավ։ 61 Երուսաղեմի անօրեն մարդիկ հավաքվեցին նրա դեմ, որպեսզի ամբաստանեն նրան, սակայն թագավորը նրանց չլսեց։ 62 Արքան հրամայեց հանել Հովնաթանի զգեստները և նրան ծիրանի զգեստներ հագցնել։ 63 Ապա նրան նստեցրեց իր կողքին և ասաց իշխաններին. «Կգնաք նրա հետ և բոլոր քաղաքներում կհայտարարեք, որ ոչ ոք չհանդգնի ամբաստանել նրան և ոչ ոք ոչ մի բանով չնեղացնի նրան»։
64 Երբ չարագործները տեսան նրա նկատմամբ ցուցաբերված պատիվը և լսեցին հրամանի խոսքերն ու տեսան, որ ծիրանի զգեստներ է հագել, բոլորը փախան, թաքնվեցին ու անհետացան։ 65 Թագավորը նրան առաջին բարեկամների հետ հավասար պատիվ տվեց և նշանակեց սպարապետ ու կուսակալ։ 66 Հովնաթանը վերադարձավ Երուսաղեմ՝ լցված ուրախությամբ ու խաղաղությամբ։

Ապոլոնիոսի արշավանքն ու պարտությունը

67 Հարյուր վաթսունհինգ թվականին Դեմետրիոսի որդի Դեմետրիոսը կրետացիների կողմերից եկավ իր հայրերի երկիրը։ 68 Ալեքսանդրը խիստ տրտմեց ու այնտեղից վերադարձավ Անտիոք։ 69 Դեմետրիոսն այնտեղ նշանակեց Ապոլոնիոսին, որը նախկինում Ստորին Ասորիքի վերակացուն էր։ Նա բազմաթիվ զորք հավաքեց ու եկավ, բանակ դրեց Յամնիայի շրջակայքում։ Նա Հովնաթան քահանայապետի մոտ մարդ ուղարկեց ու ասաց. 70 «Դու ես միայն, որ գլուխդ բարձրացրել, գոռոզացել ես մեզ վրա, իսկ ես քո պատճառով նախատինքի ու ծաղրի եմ ենթարկվել։ Ինչո՞ւ ես քո լեռներում մեր դեմ իշխանություն բանեցնում։ 71 Արդ, եթե հույսդ քո զորքի վրա է, ե՛կ, իջի՛ր դաշտ՝ մեզ մոտ, որպեսզի ուժերս չափենք, որովհետև այստեղ ինձ հետ քաղաքի զորքերն են։ 72 Արդ, հարցուփո՛րձ արա և տե՛ս, թե ո՛վ եմ ես, կամ ովքե՛ր են մեր օգնականները։ Մարդիկ ձեզ կասեն, որ դուք մեր դեմ կանգնել չեք կարող, որովհետև ձեր հայրերին իրենց իսկ երկրում երկու անգամ պարտության ենք մատնել։ 73 Արդ, դուք չեք կարող դիմադրել այսքան հեծելազորին այս դաշտում, որտեղ թաքնվելու համար ո՛չ թուփ կա, ո՛չ փախուստի տեղ, ո՛չ ապավինելու ժայռ և ո՛չ էլ նետելու քար»։
74 Երբ Հովնաթանը լսեց Ապոլոնիոսի այս խոսքերը, բարկացավ իր հոգում, անմիջապես ոտքի ելավ, իր զորքից ընտրեց մոտ տասը հազար ընտիր զինվոր և դուրս եկավ Երուսաղեմից։ Նրան ընդառաջ եկավ իր եղբայր Շմավոնը՝ օգնելու նրան։ 75 Եկան հասան Հոպպե։ Քաղաքացիները դռները փակեցին նրանց դեմ, որովհետև Ապոլոնիոսը նրանց վրա պահապան ոստիկաններ էր նշանակել։ Նրանք հարձակվեցին, պատերազմ մղեցին քաղաքի դեմ։ 76 Քաղաքի բնակիչները վախից բաց արեցին քաղաքի դռները, և նրանք մտան ու գրավեցին քաղաքը։ 77 Երբ Ապոլոնիոսը դա լսեց, պատրաստություն տեսավ, իր հետ վերցրեց երեք հազար հեծելազոր ու բազմաթիվ այլ զորքեր և 78 գնաց Ազովտի կողմերը, իբր պիտի անցներ դաշտի մոտով, մինչդեռ նա ուղիղ գնում էր դեպի դաշտավայրը, որովհետև վստահ էր իր հեծելազորի վրա։ Հովնաթանը հետապնդեց նրան, որպեսզի ճակատամարտ տա։ 79 Ապոլոնիոսը հազար հեծյալ դարան էր դրել նրա հետևում։ 80 Հովնաթանն իմացավ, որ իր հետևում դարան են դրել։ Ուստի եկան, փակեցին ու պաշարեցին դարանակալների ամրոցը և նրանց շուրջը պատնեշ դրեցին։ Նրանց պաշարված էին պահում առավոտից մինչև երեկո, ինչպես նրանց հրամայել էր Հովնաթանը։ 81 Հեծյալները հոգնեցին, տանջվեցին ու թուլացան։ 82 Շմավոնն իր գնդով բռնեց գաղտնի ճանապարհը, եկավ կանգնեց ձորակի գլխին ու հարձակվեց նրանց վրա։ Քանի դեռ սրանք թուլացած էին ու հոգնած, հարձակվեց, շատերին սպանեց հենց դարանում, 83 հեծելազորից շատերին դաշտով մեկ փախուստի մատնեց ու հալածեց մինչև Ազովտի կողմերը։ Այնպիսի իրարանցում գցեց նրանց մեջ, որ փախստականները եկան Դագովնի մեհյանը, որպեսզի պատսպարվեն։ 84 Հովնաթանն իր զորքով եկավ, պաշարեց Դագովնի մեհյանն ու Ազովտը, ավարի մատնեց նրա շրջակայքի քաղաքները և հրկիզեց Դագովնի մեհյանն այնտեղ պատսպարվածներով հանդերձ։ 85 Սրից ընկածների ու այրվածների թիվը հասավ մոտ ութ հազարի։ 86 Հովնաթանն այնտեղից շարժվեց գնաց ու բանակ դրեց Ասկաղոնի կողմերում։ Այդ քաղաքի մարդիկ մեծ շուքով ելան դիմավորելու նրան։ 87 Հովնաթանն իր զորագնդով Երուսաղեմ վերադարձավ հարուստ ավարով, որովհետև ավարի էր մատնել բազում թշնամիների։ 88 Երբ Ալեքսանդրը դա լսեց, առավել ևս սկսեց փառավորել Հովնաթանին։ 89 Նրան ուղարկեց ոսկե ճարմանդ, որ ավանդաբար տալիս էին թագավորի ազգականներին, և իբրև ժառանգություն՝ նրան տվեց Ակկարոնն իր բոլոր սահմաններով։