Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Գերգեսացի դիվահարի բժշկումը(Մտթ. 8.28-34, Ղուկ. 8.26-39)1 Հիսուսը եկա…

Գերգեսացի դիվահարի բժշկումը

(Մտթ. 8.28-34, Ղուկ. 8.26-39)

1 Հիսուսը եկավ լճի մյուս կողմը՝ գերգեսացիների երկիրը։ 2 Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի, 3 և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան, 4 որովհետև ոտնակապերով և շղթաներով բազմիցս կապվել էր, բայց շղթաները փշրել էր ու ոտնակապերը ջարդել։ Ոչ ոք նրան չէր կարողանում զսպել, 5 որովհետև միշտ՝ գիշեր ու ցերեկ, գերեզմաններում ու լեռներում, աղաղակում էր և ինքն իրեն քարերով ծեծում։ 6 Երբ նա հեռվից տեսավ Հիսուսին, առաջ վազեց և երկրպագեց նրան. 7 բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ», 8 որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։ 9 Հիսուսը նրան հարցրեց. «Անունդ ի՞նչ է»։ «Անունս Լեգեոն է,- պատասխանեց նրան,- քանի որ շատ ենք»։ 10 Պիղծ ոգիները սաստիկ աղաչում էին նրան, որ իրենց այդտեղից դուրս չուղարկի։ 11 Այնտեղ՝ լեռան լանջին, խոզերի մի մեծ երամակ էր արածում։ 12 Դևերը բոլորն էլ աղաչեցին նրան և ասացին. «Մեզ խոզերի մո՛տ ուղարկիր, որ մտնենք նրանց մեջ»։ 13 Հիսուսը թույլատրեց նրանց։ Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, խոզերի երամակը, որ թվով մոտ երկու հազար էր, դարավանդից դեպի լիճը դիմեց, և խոզերը խեղդվեցին լճում։ 14 Խոզարածները փախան և այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Մարդիկ դուրս ելան՝ տեսնելու, թե ի՛նչ էր կատարվել։ 15 Եկան Հիսուսի մոտ և տեսան դիվահարին, որ լեգեոն ուներ, նստել էր հագնված ու զգաստացած, և զարհուրեցին։ 16 Ովքեր տեսել էին, պատմեցին նրանց, թե ի՛նչ պատահեց դիվահարին և ի՛նչ՝ խոզերին։ 17 Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ 18 Երբ նավակ մտավ, դիվահարը նրան աղաչեց, որ նրա հետ լինի։ 19 Բայց Հիսուսը նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա՛ քո տուն, քո ընտանիքի մոտ և պատմի՛ր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց և թե ինչպե՛ս քեզ ողորմեց»։ 20 Նա գնաց և սկսեց տարածել Դեկապոլիում, ինչ որ Հիսուսն արել էր իր համար։ Եվ ամենքը զարմանում էին։

Հայրոսի աղջկա հարությունը և արյունահոսությունից տառապող կնոջ բժշկումը

(Մտթ. 9.18-26, Ղուկ. 8.40-56)

21 Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց։ Եվ նա լճի եզերքին էր։ 22 Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև. 23 սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա և իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա և ապրի։ 24 Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաև մի մեծ բազմություն և նեղում էր նրան։

25 Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։ 26 Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։ 27 Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը և դիպավ նրա զգեստին, 28 որովհետև մտքում խորհում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ»։ 29 Նրա արյան աղբյուրն իսկույն չորացավ, և նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։ 30 Այդ նույն պահին Հիսուսն զգաց, որ զորություն դուրս ելավ իրենից. շրջվեց դեպի բազմությունը և ասաց. «Ո՞վ դիպավ իմ հագուստին»։ 31 Աշակերտները նրան ասացին. «Տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե՝ ո՞վ դիպավ իմ հագուստին»։ 32 Հիսուսը շուրջն էր նայում՝ տեսնելու, թե ո՛վ արեց այդ։ 33 Եվ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ նրա առաջ և ամեն բան ստուգությամբ ասաց։ 34 Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։

35 Մինչ Հիսուսն այս էր խոսում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և Հայրոսին ասացին. «Քո դուստրը մեռավ, էլ ինչո՞ւ ես նեղություն տալիս Վարդապետին»։ 36 Իսկ Հիսուսը, երբ լսեց այս խոսքերը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախենա, այլ միայն հավատա՛»։ 37 Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ 38 Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ 39 Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։ 40 Սակայն նրանք ծաղրում էին նրան։ Իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց, իր հետ վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որ իր հետ էին, և մտավ այնտեղ, որտեղ պառկած էր մանուկը։ 41 Հիսուսը, բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան. «Տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «Աղջի՛կ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։ 42 Աղջիկն իսկույն վեր կացավ և քայլում էր, քանի որ մոտ տասներկու տարեկան էր։ Ամենքը մեծապես զարմացան։ 43 Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց, որ ոչ ոք այդ մասին չիմանա, և ասաց, որ նրան ուտելիք տան։