Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օրհներգ Ե1 Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց,2 մո…
Օրհներգ Ե
1 Իմաստությունը իր տունը շինեց և յոթ սյուներ կանգնեցրեց,
2 մորթեց իր անասունները, հանեց իր գինին
և պատրաստեց իր սեղանը։
3 Առաքեց իր ծառաներին՝
կանչելու բարձր ձայնով իր հացկերույթին, և ասաց.
4 «Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»։
Իսկ պակասամիտներին ասաց.
5 «Եկեք կերե՛ք իմ հացից և խմե՛ք իմ գինուց,
որ հանեցի ձեզ համար։
6 Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք,
իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք,
գիտությա՛մբ ուղղեք հանճարը
և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։
7 Ով խրատում է չարերին,
անարգում է իր անձը,
ով հանդիմանում է ամբարիշտներին,
ատում է իր անձը։
8 Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն,
հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ,
հիմարին, և նա ավելի կատի քեզ։
9 Իմաստունին ասա՛ պատճառը,
և նա ավելի իմաստուն կդառնա,
տեղեկացրո՛ւ արդարին,
և նա կավելացնի ընկալումը։
10 Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,
սրբերի խորհուրդը՝ հանճար,
10ա օրենքի իմացությունը մտքի հարստություն է։
11 Այս օրինակով դու երկար կապրես,
և կավելանան քո կյանքի տարիները։
12 Որդյա՛կ, եթե իմաստուն լինես,
պիտի լինես քեզ համար և քո ընկերների.
եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։
12ա Ով ստի վրա է հաստատվում,
նա հողմեր է արածեցնում
կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել.
քանզի թողած իր այգու ճանապարհները՝
մոլորվում է իր արտի շավիղներում,
գնում է անջրդի դաշտ ու անապատ
և ծարավուտ հողից իր ձեռքով ոչ մի պտուղ չի հավաքում։
13 Անզգամ և հանդուգն կինը հացի կարոտ պիտի մնա,
ու նաև նա, ով ամոթ չի զգում։
14 Աթոռով նստում է իր տան դռանը,
քաղաքի հրապարակներում
15 և կպչում իրենց ուղիղ ճանապարհներով
գնացող անցորդներին.
16 «Ով ձեր մեջ առավել հիմար է,
ինձ մոտ թող գա»,
իսկ պակասամիտներիդ հրամայում եմ և ասում.
17 «Թաքուն կերած հացը համով է,
գողացված ջուրը քաղցր է խմվում»։
18 Եվ չգիտի, որ երկրածինները պիտի կորչեն իր մոտ,
և դժոխքի խորքերը պիտի հասնեն։
18ա Իսկ դու թռի՛ր հեռու և մի՛ մնա նրա մոտ,
և աչքդ մի՛ դիր նրա վրա,
որ այդպես անցնես օտար ջրից,
և անցնես օտար գետից,
հեռու մնաս օտար ջրից
և ջուր չխմես օտար աղբյուրից.
որպեսզի երկար ապրես,
և ավելանան կյանքիդ տարիները։