Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ հրամայեց տանել նրան իր գանձատունը։ Հրամայեց նաև նրան մատուցել իր…
1 Եվ հրամայեց տանել նրան իր գանձատունը։ Հրամայեց նաև նրան մատուցել իր խորտիկներից և այն գինուց, որն ինքն էր ըմպում։ 2 Հուդիթն ասաց. «Ես չեմ ուտի դրանցից, որպեսզի մեղք գործած չլինեմ։ Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը սպառի իր հետ բերած կերակուրը»։ 3 Իսկ Հողոփեռնեսն ասաց. «Իսկ եթե սպառվի, որտեղի՞ց տանք քեզ դրանից, քանի որ մեզ մոտ քո ազգից ոչ ոք չկա»։
4 Եվ Հուդիթն ասաց. «Երդվում եմ քեզնով, տե՛ր իմ, որ մինչ իմ բերած կերակուրի սպառվելը, Տերն իմ ձեռքով կկատարի այն, ինչ որ խոսվեց»։ 5 Եվ Հողոփեռնեսի ծառաները տարան նրան վրան, և նա ննջեց այնտեղ մինչև կեսգիշեր և առավոտյան՝ պահակախմբի փոխվելու պահին, 6 մարդ ուղարկեց Հողոփեռնեսի մոտ՝ ասելով. «Թող իմ տերը հրամայի, որ իր աղախնին թույլ տան դուրս գալ և աղոթել»։
7 Հողոփեռնեսը հրամայեց պահապաններին նրան արգելք չլինել։ Եվ նա երեք օր մնաց այդ բանակում։ Գիշերը ելնում էր Բետիղուայի ձորը, լվացվում էր բանակի մոտ գտնվող աղբյուրում՝ ըստ հրեաների օրենքի։ 8 Եվ երբ լվացվում էր, աղոթքի էր կանգնում առ Տերն՝ Աստվածն Իսրայելի, որ հաջողի իր ծրագիրն իր ժողովրդի փրկության համար։ 9 Սրբված վերադառնում էր և մնում վրանում, մինչև մատուցում էին իր կերակուրը՝ երեկոյան միայն։ 10 Չորրորդ օրը Հողոփեռնեսը կոչունք արեց միայն իր պաշտոնյաների համար և օտարներից ոչ մեկին կոչունքի չհրավիրեց։ 11 Եվ ասաց Բագու ներքինուն, որ իր ունեցվածքի հազարապետն էր. «Գնա՛, համոզի՛ր քեզ մոտ գտնվող եբրայեցի կնոջը, որ ուտի և ըմպի մեզ հետ։ 12 Ամոթ կլինի մեզ համար, եթե անտարբեր լինենք այդպիսի կնոջ նկատմամբ։ Եվ եթե բնավ չխոսենք նրա հետ, եթե նրան մեզ չմերձեցնենք, կարող է ծիծաղել մեզ վրա»։
13 Եվ Բագուն ելավ Հողոփեռնեսի մոտից, մտավ նրա մոտ ու ասաց նրան. «Թող գեղեցիկ աղախինդ չդանդաղի գալու իմ տիրոջ մոտ՝ փառավորվելու նրա կողմից և նրա հետ ըմպելու գինի ուրախության։ Դու այսօր կլինես իբրև Ասուրի որդիների դուստրերից մեկը, որոնք սպասավորում են Նաբուքոդոնոսոր արքային»։
14 Հուդիթն ասաց նրան. «Եվ ո՞վ եմ ես, որ ընդդիմանամ իմ տիրոջը։ Այն ամենը, ինչ հաճելի է նրա աչքին, անմիջապես կանեմ։ Դա ինձ համար ցնծություն կլինի մինչև իմ մահվան օրը»։
15 Եվ ելավ, զարդարվեց իր զարդարանքով՝ ըստ կանացի արդուզարդի, եկավ իր նաժիշտը, տարավ նրան, նստեցրեց Հողոփեռնեսի դիմաց՝ նրա տակ դնելով այն գորգը, որ Բագուից ստանալով՝ օգտագործում էր ամեն օր։ Եվ Հուդիթը նստեց նրա վրա։ 16 Հողոփեռնեսի սիրտն ալեկոծվեց, հոգին խռովվեց, մեծ ցանկություն առաջացավ նրա հետ լինելու. արդեն, այն օրվանից, ինչ տեսել էր նրան, Հողոփեռնեսն առիթ էր փնտրում նրան խաբելու։ 17 Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Խմի՛ր դու և մեզ հետ ուրա՛խ եղիր»։ 18 Հուդիթն ասաց. «Այո՛, տե՛ր, քանի որ այսօր իմ կյանքը արժևորվեց ավելի, քան իմ ծննդյան օրվանից սկսած մյուս օրերը»։
19 Եվ վերցրեց, կերավ ու ըմպեց նրանց առաջ այն, ինչ պատրաստել էր իր աղախինը։ 20 Եվ Հողոփեռնեսն ուրախություն ապրեց նրանով և շատ գինի խմեց, որքան երբեք չէր խմել իր ծննդյան օրվանից։