Հին Կտակարան
Նոր Կտակարան
Օգնություն եղբայրներին1 Իսկապես ավելորդ եմ համարում գրել ձեզ սրբերին …
Օգնություն եղբայրներին
1 Իսկապես ավելորդ եմ համարում գրել ձեզ սրբերին ուղարկվելիք օգնության մասին, 2 որովհետև գիտեմ ձեր հոժարակամությունը և ձեր մասին պարծանքով եմ խոսել մակեդոնացիների մոտ, թե՝ «Աքայեցիներն անցյալ տարվանից պատրաստ են օգնություն անելու»։ Եվ ձեր նախանձախնդրությունը շատերի համար խթան եղավ։ 3 Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպեսզի այս գործի մեջ ձեր հանդեպ մեր ունեցած պարծանքը ի դերև չելնի, այլ, ինչպես ասում էի, ավելի պատրաստ լինեք։ 4 Չլինի թե, երբ մակեդոնացիները մեզ հետ գան և ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասելու համար՝ դուք) ամոթով մնանք այդ գործի մեջ ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքի համար։ 5 Ուստի կարևոր համարեցի խնդրել եղբայրներին, որ ինձնից առաջ գան ձեզ մոտ և նախապատրաստեն ձեր՝ նախօրոք խոստացված նվերը, այնպես որ ձեր նվերը լինի իբրև առատաձեռնության դրսևորում և ոչ թե ժլատության։ 6 Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։ 7 Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ 8 Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ բարի գործերի համար, 9 ինչպես որ գրված է.
«Առատորեն բաշխեց և տվեց աղքատներին.
նրա արդարությունը մնում է հավիտյան» (Սաղ. 111(112).9)։
10 Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։ 11 Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի. 12 որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։ 13 Այս ծառայության փորձով շատերը կփառավորեն Աստծուն ձեր հնազանդության և Քրիստոսի Ավետարանը խոստովանելու համար և այն առատաձեռնության համար, որով բաժին եք հանում նրանց և ամենքին։ 14 Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։ 15 Գոհություն Աստծուն՝ իր աննկարագրելի պարգևների համար։