Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հարուստների մասին1 Ով դիպչի ձյութին, նրանով կշաղախվի։2 Այն, ինչ քեզնի…
Հարուստների մասին
1 Ով դիպչի ձյութին, նրանով կշաղախվի։
2 Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, և ով քեզնից հարուստ ու հզոր է, մի՛ եղիր նրա հետ։
3 Ի՞նչ հարաբերություն ունի կավե սափորը մետաղյա կաթսայի հետ. սա հարվածում է, և այն փշրվում է։
4 Հարուստը զրկում և ինքն է սպառնում, աղքատը զրկվում և ինքն է ներողություն խնդրում։
5 Եթե դու նրան պետք լինես, նա քեզ կօգտագործի, իսկ եթե պետք չես, քեզ կլքի։
6 Եթե ունևոր ես, նա քո ընկերը կլինի, քեզ կքամի և չի էլ կարեկցի։
7 Երբ քո կարիքը ունենա, կմոլորեցնի քեզ, կժպտա երեսիդ և հույս կտա քեզ։
8 Քեզ հետ կխոսի ազնվությամբ և կասի՝ «Քեզ ի՞նչ է պետք», ու քեզ կամաչեցնի իր հյուրասիրությամբ,
9 մինչև որ երկու-երեք անգամ կողոպտի և ապա խաբի քեզ, որից հետո երբ տեսնի քեզ, կարհամարհի ու երես կթեքի քեզնից։
10 Զգո՛ւյշ եղիր, որպեսզի չմոլորվես, և մի՛ նվաստացիր քո ուրախության մեջ։
12 Եթե հզորը քեզ հրավիրի, խուսափի՛ր, և նա առավել պնդելով՝ կհրավիրի քեզ իր մոտ։
13 Շատ մեջ մի՛ ընկիր, որ չվռնդվես, ոչ էլ շատ հեռու մնա, որ մոռացվես։
14 Մի՛ ձգտիր նրան հավասարվել և մի՛ հավատա նրա երկար խոսքերին, որովհետև երկար խոսքով նա քեզ կգայթակղեցնի և քո երեսին ժպտալով՝ կքննի քեզ։
15 Անողորմ է նա, ով չի չափավորում իր խոսքը և չի զգուշանում տանջանքից ու կապանքներից։
16 Ուշադի՛ր եղիր և չափազանց զգույշ, քանզի ամեն րոպե կարող ես կործանվել։
17 Բայց այս լսելով իբրև երազի մեջ՝ հսկի՛ր դրանք։
18 Քո կյանքի ամեն պահի սիրի՛ր Աստծուն և նրան քեզ փրկությա՛ն կանչիր։
19 Յուրաքանչյուր կենդանի էակ իր նմանին է սիրում, և յուրաքանչյուր մարդ՝ իր մերձավորին։
20 Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին։
21 Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև, այդպես էլ հարաբերություն չի կարող լինել մեղավորի ու արդարի միջև։
22 Ի՞նչ խաղաղություն կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն հարուստի և աղքատի միջև։
23 Առյուծների որսը անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրը աղքատներն են։
24 Հպարտի համար արգահատելի է խոնարհությունը, այդպես էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։
25 Եթե հարուստը վտանգվի, բարեկամները նեցուկ կլինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանոթներից իսկ հեռու է վանվում։
26 Սխալվելիս հարուստը բազում պաշտպաններ է ունենում, իսկ աղքատը՝ ոչ մի. հարուստն անմիտ բաներ խոսեց, և նրան իրավունք տրվեց,
27 բայց երբ աղքատը խոսեց, դատափետեցին նրան. թեև նա խելացի խոսեց, բայց նրան տեղ չտրվեց։
28 Երբ հարուստը խոսեց, բոլորը լռեցին և նրա խոսքերը մինչև երկինք բարձրացրին։
29 Աղքատը խոսեց, և ասացին. «Սա ո՞վ է». իսկ եթե նա սայթաքի, ավելի կկործանեն նրան։
30 Լավ է այն հարստությունը, որի մեջ չկա մեղք, և վատ է աղքատությունն ամբարշտի շուրթերին։
31 Թե՛ բարիք և թե՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը։
32 Բարի սրտի նշանը զվարթ դեմքն է, բայց իմաստության գյուտը արդյունք է տանջալից խորհրդածության։