Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հինգերորդ տեսիլքՆաբուքոդոնոսորի երկրորդ երազը1 Ես՝ Նաբուքոդոնոսորս, ո…
Հինգերորդ տեսիլք
Նաբուքոդոնոսորի երկրորդ երազը
1 Ես՝ Նաբուքոդոնոսորս, ուրախ էի իմ տանը և զվարթացած։ 2 Երազ տեսա, և զարհուրեցրեց ինձ, և խռովվեցի իմ անկողնում. իմ գլխի տեսիլքը տագնապեցրեց ինձ։ 3 Ինձնից հրաման տրվեց՝ իմ առաջ բերելու բաբելացիների բոլոր իմաստուններին, որպեսզի երազի մեկնությունն ինձ հայտնեն։ 4 Եվ իմ առաջ եկան գուշակներ, մոգեր, հմայողներ ու քաղդեացիներ, և իմ երազն ասացի նրանց առաջ, բայց դրա մեկնությունն ինձ չհայտնեցին, 5 մինչև եկավ Դանիելը, որի անունը Բաղդասար էր՝ ըստ իմ աստծու անվան, որովհետև Աստծու Սուրբ Հոգի կա նրա մեջ, որին և ասացի. 6 «Բաղդասա՛ր իշխան, գուշակի՛ր այն, ինչ ես տեսել եմ։ Գիտեմ, որ Աստծու Սուրբ Հոգի կա քո մեջ, և ոչ մի խորհուրդ չի թաքցվում քեզնից։ Արդ, դու լսի՛ր իմ երազը, որ տեսել եմ, և դրա մեկնությունը կասես ինձ։ 7 Տեսնում էի իմ անկողնում, և ահա մի ծառ երկրի մեջտեղում, և նրա բարձրությունը չափազանց մեծ էր։ 8 Ծառը մեծացավ, հզորացավ, և նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, իսկ նրա լայնությունը՝ ողջ երկրի ծագերը։ 9 Նրա տերևը գեղեցիկ էր, նրա պտուղը՝ առատ, և բոլորի կերակուրը նրա վրա էր։ Նրա ներքո էին բնակվել վայրի գազանները, և նրա ոստերի վրա էին հանգչել երկնքի թռչունները, և ամեն մարմին նրանից էր կերակրվում։ 10 Տեսնում էի գիշերվա տեսիլքի մեջ, իմ անկողնում, և ահա մի հրեշտակ և սուրբ էր երկնքից իջնում, 11 խոսում էր բարձրաձայն և ասում էր այսպես. “Կտրե՛ք այդ ծառը և հատե՛ք դրա ոստերը, թափահարե՛ք դրա տերևները և ցիրուցա՛ն արեք դրա պտուղը. թող գազանները հեռանան դրա տակից, և թռչունները՝ դրա ոստերի վրայից։ 12 Բայց դրա արմատի շառավիղը թողե՛ք երկրի վրա՝ երկաթապատ ու պղնձապատ, դալար վայրում, և թող երկնքի ցողից հանգստանա. թող դրա բաժինն անապատի գազանների հետ և երկրի խոտի մեջ լինի։ 13 Նրա սիրտը մարդկանցից թող փոփոխվի, և գազանների սիրտ թող տրվի նրան, և յոթ ժամանակներ թող փոփոխվեն նրա վրա”։ 14 Այս բանը հրեշտակի մեկնությամբ է, և այս հարցը՝ սրբերի պատգամը, որ կենդանի արարածները ճանաչեն, թե Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությանը և ում կամենա, կտա այն, և մարդկանցից արհամարհվածին է բարձրացնում դրա վրա։ 15 Այս է այն երազը, որ տեսա ես՝ Նաբուքոդոնոսոր արքաս։ Իսկ դու, Բաղդասա՛ր, ասա՛ ինձ դրա մեկնությունը, որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան ինձ հայտնել դրա մեկնությունը, բայց դու, Դանիե՛լ, կարող ես, որովհետև Աստծու Սուրբ Հոգի կա քո մեջ»։
Դանիելը մեկնում է երազը
16 Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասար էր, մոտ մեկ ժամ ապշահար մնաց, և նրա մտքերը խռովեցնում էին նրան։ Թագավորը պատասխան տվեց և ասաց նրան. «Բաղդասա՛ր, երազը և իր մեկնությունը թող չտագնապեցնեն քեզ»։ Բաղդասարը պատասխան տվեց և ասաց. «Տե՛ր, երազը՝ քեզ ատողներին, իսկ նրա մեկնությունը՝ քո թշնամիներին։ 17 Այն ծառը, որ տեսնում էիր մեծացած ու հզորացած, որի բարձրությունը հասնում էր մինչև երկինք, և նրա լայնությունը՝ ողջ երկիրը. 18 նրա տերևը՝ գեղեցիկ, և նրա պտուղը՝ առատ, և բոլորի կերակուրը՝ նրա վրա. նրա ներքո բնակվել էին անապատի գազանները, իսկ նրա ոստերի վրա հանգչել երկնքի թռչունները, դու ես, արքա՛։ 19 Քանի որ մեծացար ու հզորացար, քո մեծությունը բարձրացավ, հասավ մինչև երկինք, և քո տերությունը՝ երկրի բոլոր ծագերը։ 20 Իսկ այն, որ տեսնում էիր, արքա՛, թե հրեշտակը և սուրբն իջնում էր երկնքից և ասում. «Կտրե՛ք այդ ծառը և ոչնչացրե՛ք այն, բայց դրա արմատի շառավիղը թողե՛ք երկրի վրա՝ երկաթապատ ու պղնձապատ, դալար վայրում, թող երկնքի ցողից հանգստանա. նրա բաժինը՝ անապատի գազանների հետ, մինչև յոթ ժամանակներ փոփոխվեն նրա վրա»։ 21 Սա է դրա մեկնությունը, արքա՛, և Բարձրյալի դատաստանը հասել է իմ տեր արքայի վրա։ 22 Քեզ կհալածեն մարդկանց միջից, և անապատի գազանների հետ կլինի քո բնակությունը։ Որպես արջառի՝ քեզ խոտով կկերակրեն, և երկնքի ցողից կհանգստանաս։ Յոթ ժամանակներ կփոփոխվեն քեզ վրա, մինչև ճանաչես, որ Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությանը և ում կամենա, նրան կտա։ 23 Իսկ որ ասաց, թե՝ «Թողե՛ք ծառի արմատի շառավիղը», քո թագավորությունը քեզ կմնա, մինչև ճանաչես Երկնավորի իշխանությունը։ 24 Դրա համար, արքա՛, թող իմ խրատը հաճելի թվա քեզ. քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրենությունները՝ տնանկներին գթալով, թերևս Աստված ներողամիտ լինի քո հանցանքների հանդեպ»։
25 Այս ամենը եկավ հասավ Նաբուքոդոնոսոր արքայի վրա 26 տասներկու ամիս հետո, մինչ ճեմում էր իր թագավորական պալատում՝ Բաբելոնում։ 27 Թագավորն սկսեց խոսել և ասաց. «Սա այն մեծ Բաբելոնը չէ՞, որ ես իմ զորության ուժով շինեցի որպես թագավորության տուն՝ ի պատիվ իմ փառքի»։ 28 Մինչ բառերը թագավորի բերանում էին, երկնքից ձայն եղավ և ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ Նաբուքոդոնոսոր արքա, քո թագավորությունը վերցվել է քեզնից։ 29 Քեզ կհալածեն մարդկանց միջից, և անապատի գազանների հետ կլինի քո բնակությունը։ Որպես արջառի՝ քեզ խոտով կկերակրեն, և յոթ ժամանակներ կփոփոխվեն քեզ վրա, մինչև ճանաչես, որ Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորությանը և ում կամենա, նրան կտա»։ 30 Նույն ժամին այդ բանը կատարվեց Նաբուքոդոնոսորի հետ. մարդկանց միջից հալածվեց և արջառի պես խոտ էր ուտում։ Նրա մարմինը ներկվեց երկնքի ցողից, մինչ նրա մազերը, ինչպես առյուծներինը, և նրա եղունգները, ինչպես թռչուններինը, երկարեցին։
Նաբուքոդոնոսորն ապաքինվում է
31 «Այդ օրերի ավարտից հետո ես՝ Նաբուքոդոնոսորս, իմ աչքերը երկինք բարձրացրի, և միտքս վերադարձավ ինձ. օրհնաբանեցի Բարձրյալին և գովաբանեցի ու փառավորեցի հավիտենից Կենդանիին, որովհետև նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա տերությունը՝ սերնդից սերունդ։ 32 Երկրի բոլոր բնակիչները ոչինչ համարվեցին։ Նա ըստ իր կամքի է գործում երկնքի զորքերի և երկրի բնակիչների մեջ, և չկա մեկը, որ ընդդիմանա նրա զորությանը և ասի. «Ի՞նչ արեցիր»։ 33 Այդ նույն ժամանակ միտքս ինձ վերադարձավ, և եկա իմ թագավորության պատվին, և իմ կերպարանքն ինձ վերադարձավ։ Իմ իշխաններն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և կրկին իմ թագավորության վրա հաստատվեցի, և առավել մեծություն ինձ համար ավելացավ։ 34 Արդ, ես՝ Նաբուքոդոնոսորս, օրհնաբանում, առավել բարձրացնում ու փառավորում եմ Երկնքի արքային, որովհետև նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա շավիղները՝ արդարություն, և բոլորին, որ ընթանում են ամբարտավանությամբ, կարող է խոնարհեցնել»։