Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոթ եղբայրների և իրենց մոր նահատակությունը1 Մի այլ անգամ բռնեցին յոթ …
Յոթ եղբայրների և իրենց մոր նահատակությունը
1 Մի այլ անգամ բռնեցին յոթ եղբայրների իրենց մոր հետ և թագավորի ատյան բերեցին։ Ծեծելով ու խոշտանգելով՝ ստիպում էին նրանց խոզի միս ուտել։ 2 Նրանցից մեկն առաջ եկավ և ասաց. «Ի՞նչ եք ուզում հարցնել կամ ի՞նչ եք ուզում իմանալ մեզնից. մենք պատրաստ ենք մեռնել, քան թե մեր հայրերի օրենքներից հրաժարվել»։ 3 Թագավորը լցվեց զայրույթով. հրամայեց տապակներ, կաթսաներ ու անիվներ տաքացնել և տանջանքի զանազան գործիքներ պատրաստել։ 4 Երբ դրանք անմիջապես տաքացրին, նա հրամայեց խոսողին առաջ բերել։ Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տվեցին դեմքին, հետո էլ ոտքերն ու ձեռքերը ծայրատեցին իր մոր ու եղբայրների առաջ։ 5 Երբ նրան խոսելու և գործելու անկարող դարձրին, հրամայեց ողջ-ողջ նստեցնել տաքացրած տապակի վրա։ Երբ ճենճերի թանձր ծուխը տապակից սկսեց բարձրանալ ու դիզվել, եղբայրներն իրենց մորն ու միմյանց սկսեցին մխիթարել ու ասել. «Քաջությամբ մեռնենք և անուն ու հոգի ժառանգենք։ 6 Տերը՝ Աստված, տեսնում է, թե ինչպե՛ս ենք չարչարվում մեր այս պայքարում, և իր գթասրտությունը ցույց կտա իր ծառաների նկատմամբ, ինչպես իր օրհնության մեջ հայտնապես ասել է Մովսեսը. “Նա կարեկից կլինի իր ծառաների նկատմամբ”»։
7 Երբ եղբայրներից առաջինն այսպես հրաժեշտ տվեց աշխարհին, երկրորդին բերեցին տանջանքի վայրը։ Գլխի կաշին մազերով հանդերձ շուռ տվեցին դեմքին ու հարցրին. «Խոզի միս կուտե՞ս, թե՞ ամբողջ մարմինդ մաս-մաս կտրտենք»։ 8 Նա իրենց մայրենի լեզվով պատասխան տվեց ու ասաց. «Ո՛չ»։ Դրա համար սա նույնպես նույն տանջանքներին ենթարկվելով՝ վախճանվեց։ 9 Շունչը փչելուց առաջ նա սկսեց խոսել ու ասաց թագավորին. «Ա՜յ գոռոզ, ինքնահավան ու ամբարտավան, թեև դու մեզ զրկում ես այս աշխարհի կյանքից, թեև մենք մեռնում ենք օրենքի համար, Նա, որ աշխարհի թագավորն է, հավիտենական կյանքում երկրորդ ծննդյան ժամանակ մեզ նորից կյանք կպարգևի»։
10 Նրանից հետո երրորդին բերեցին։ Ուզում էին լեզուն բռնել, բայց նա անմիջապես հանեց այն, քաջաբար մեկնեց նաև ձեռքերը, 12 այնպես որ թագավորն ինքն իսկ զարմացավ պատանու մտքի զորության ու սրտի քաջության վրա, որովհետև նա արհամարհում էր ցավերը։
13 Երբ սա մահացավ, չորրորդին էլ բերելով նույն տեղը՝ նույն տանջանքներին մատնեցին։ 14 Նախքան հոգին ավանդելը նա այսպես խոսեց. «Լավ է, որ մեռնում ենք մարդկանց ձեռքից, որովհետև մենք հավատում ենք մեռելների հարությանը՝ երկրորդ ծննդյանը։ Դու թեև կենդանի ես մնում, բայց հարության չես արժանանա»։
15 Սրանից հետո հինգերորդին բերեցին տանջելու։ 16 Նա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագավորին, սկսեց խոսել նրա հետ ու ասաց. «Դու, որ իշխանություն ունես մարդկանց վրա, ինքդ մահկանացու լինելով, և անում ես այն, ինչ կամենում ես, չկարծես, թե ինչ-որ չարագործություններով մեր ազգը կվերացնես, կամ թե Աստված լքել է մեզ։ 17 Դու շարունակի՛ր և կտեսնես, թե ինչպես նրա մեծասքանչ զորությունը չարաղետ պատուհասներով կպատժի քեզ ու քո ազգատոհմին»։
18 Սրանից հետո բերեցին վեցերորդին։ Երբ մեռնելու մոտ էր, ասաց. «Դու իզուր մի՛ խաբվիր։ Այս փորձանքները մեր գլխին են գալիս մեր մեղքերի համար, որովհետև մենք ապշելու աստիճան մեղքեր ենք գործել Աստծու առաջ։ 19 Սակայն դու երբեք չկարծես, թե աստվածամարտ լինելով՝ անպատիժ կմնաս»։
20 Առավել բարի հիշատակի էր արժանի սքանչելի մայրը, որ թեև այսպիսի յոթ որդի էր կորցնում միաժամանակ՝ մեկ օրում, սակայն քաջությամբ էր դիմանում առ Աստված ունեցած հույսի շնորհիվ։ 21 Նրանցից յուրաքանչյուրին քաջալերում, մխիթարում էր իրենց լեզվով։ Կին լինելով, բայց հանդես բերելով տղամարդուն վայել սիրտ ու միտք՝ 22 քաջաբար առաջ եկավ ու ասաց. «Ես չգիտեմ, թե դուք ինչպե՛ս եք հայտնվել իմ արգանդում։ Ե՛ս չէ, որ ձեզ կյանք ու հոգի եմ պարգևել և ոչ էլ կերպարանք տվել ձեզանից յուրաքանչյուրին, ոչ էլ ձեզ սնել, հասցրել այս հասակին։ Սրանից հետո ես ոչինչ իմը չեմ համարում, 23 այլ նրանը, ով աշխարհի Արարիչն է, ով ստեղծել է մարդկային ծնունդները, և ով իր գալստյան ժամանակ իր ողորմածությամբ ձեր կյանքն ու հոգին պիտի վերադարձնի ձեզ»։
24 Անտիոքոսը թեև նախատինքի այս խոսքերի համար իրեն արհամարհված զգաց, բայց որովհետև դեռևս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կյանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խոսքեր ասել, այլև իրոք երդվում էր, թե նրան հարստություն կպարգևի, ավագության կհասցնի, երանելի կդարձնի երկրում, միայն թե հրաժարվի իր նախնիների օրենքից։ Նրան իշխանություն կտա և թագավորների բարեկամ կդարձնի։ 25 Երբ թագավորը տեսավ, որ պատանին բնավ չի հնազանդվում իր խոսքերին, կանչեց մորը և խնդրեց, որ պատանուն խորհուրդ տա, որպեսզի նա փրկվի։ 26 Երբ շատ ստիպեց, մայրը հանձն առավ խոսել որդու հետ։ 27 Թեքվեց որդու կողմը և ծաղրելով գոռոզ ու ամբարտավան թագավորին՝ ասաց. «Գթա՛ ինձ, որդյա՛կ իմ, հիշի՛ր, որ քեզ ինն ամիս կրել եմ իմ արգանդում, երեք տարի գրկումս կրծքով կերակրել եմ քեզ և հասցրել այս հասակին։ 28 Արդ, աղաչում եմ քեզ, որդյա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին և այնտեղ ապրող արարածներին։ Հիշի՛ր, որ Աստված նրանց ստեղծել է ոչնչից։ Այդպես էլ մարդկային ցեղն է ստեղծել։ 29 Մի՛ զարհուրիր այս դաժան դահճից, այլ արժանի՛ եղիր եղբայրներիդ, գերադասի՛ր մահը, քան թե աշխարհի կյանքը, որպեսզի մեծ Աստծու ողորմածությամբ քո այն եղբայրների հետ ընդունեմ քեզ»։
30 Մինչ մայրն այս խրատներն էր տալիս հաստատ մտքով, պատանին սկսեց խոսել ու ասաց. «Ո՞ւմ եք սպասում, ինչո՞ւ եք ուշացնում։ Թագավորի հրամանին չեմ ենթարկվելու, այլ հնազանդվում եմ Մովսեսի միջոցով մեր հայրերին տրված օրենքներին։ 31 Իսկ դու, որ ամեն տեսակ չարիքներ ես հորինել եբրայեցիների դեմ, չես փրկվի Աստծու ձեռքից, 32 որովհետև եթե կշտամբելու և խրատելու համար է 33 մեր կենդանի Տերը կարճ ժամանակով բարկացել մեզ վրա, ապա նորից ողորմածությամբ հաշտվելու է իր ծառաների հետ։ 34 Իսկ դու, անօրե՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ, վախկո՛տ, քո սնոտի հույսերով ի զուր ես գոռոզանում Նրա ծառաների վրա։ 35 Դու չես փրկվի ամենագետ, ամենակալ Աստծու դատաստանից։ 36 Այժմ մեր եղբայրները, մի քիչ տանջվելով, հավիտենական կյանքի արժանացան։ 37 Ես էլ իմ եղբայրների նման պատրաստ եմ շունչս ու մարմինս հայրերի օրենքի համար զոհել։ Հույսով դիմում եմ Աստծուն, որ մեր ամբողջ ազգին քավություն պարգևի, քեզ, մեծամեծ տանջանքների ենթարկելով, խոստովանել տա, որ միայն ինքն է Աստված, և նրանից բացի ուրիշ մեկը չկա, 38 և իմ ու իմ եղբայրների միջոցով Նրա ողջ բարկությունն անցնի»։
39 Յոթ պատանիների այսպիսի քաջասրտությունից թագավորը խիստ զայրացավ, դրա համար կրտսերին ավելի խիստ տանջանքների ենթարկեցին։ 40 Նա էլ անարատությամբ ու սրբությամբ հեռացավ այս աշխարհից՝ ապավինելով Տիրոջը։
41 Որդիներից հետո երանելի մայրն էլ նույն ձևով նահատակվեց։
42 Զոհերի միս ուտելու և սաստիկ տանջանքների մասին բավարարվենք այսքանով։