Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ի՞նչ է անում իմաստունը1 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի …

Ի՞նչ է անում իմաստունը

1 Հացդ ջրի՛ն տուր՝ թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ 2 Բաժի՛ն տուր յոթին էլ, ութին էլ, որովհետև ի՞նչ իմանաս, թե ի՛նչ չարիք պիտի լինի երկրի վրա։ 3 Երբ ամպերը լցվում են անձրևով, այն թափում են երկրի վրա։ Երբ ծառն ընկնում է դեպի հարավ կամ դեպի հյուսիս, ուր էլ ընկնի, այնտեղ էլ մնում է։ 4 Քամուն նայողը սերմ չի ցանի, ամպին նայողը հունձ չի անի, 5 որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։ 6 Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։ 7 Քաղցր է լույսը, և աչքի համար հաճելի է նայել արեգակին, 8 որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։

Խրատ երիտասարդին

9 Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։ 10 Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։