Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոթ օգնականների ընտրությունը1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հ…
Յոթ օգնականների ընտրությունը
1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։ 2 Այդ ժամանակ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտների բազմությունն ու ասացին. «Մեզ հաճելի չէ սեղանների սպասարկության պատճառով թողնել Աստծու խոսքի քարոզությունը։ 3 Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար. 4 իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք»։ 5 Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։ 6 Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին։ 7 Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
Ստեփանոսի ձերբակալությունը
8 Ստեփանոսը՝ շնորհներով և զորությամբ լցված մի մարդ, զարմանալի գործեր և մեծամեծ նշաններ էր անում ժողովրդի մեջ։ 9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ 10 Բայց նրանք չէին կարողանում հակադրվել այն իմաստությանը և Հոգուն, որով խոսում էր նա։ 11 Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խոսքեր ասելը Մովսեսի և Աստծու դեմ»։ 12 Այդպիսով գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու դպիրներին և Ստեփանոսի վրա հարձակվելով՝ բռնեցին ու տարան ատյան։ 13 Ապա բերեցին կանգնեցրին սուտ վկաների, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս Սուրբ տաճարի և Օրենքի դեմ. 14 նրա բերանից իսկ լսեցինք, թե՝ “Հիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի տաճարը և փոխի այն օրենքները, որ Մովսեսը փոխանցեց մեզ”»։ 15 Նայելով նրան՝ ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։