Հին Կտակարան
Նոր Կտակարան
16 Ես բերք հավաքողների հետևից հասնող ճռաքաղ դարձա 17 և հնձանը լցնող բ…
16 Ես բերք հավաքողների հետևից հասնող ճռաքաղ դարձա 17 և հնձանը լցնող բերք հավաքողի պես Տիրոջ օրհնությամբ լցվեցի։
18 Հասկացե՛ք, միայն ինձ համար չէ, որ աշխատեցի, այլ բոլորի համար, ովքեր խրատ են փնտրում։
19 Լսե՛ք ինձ, ժողովրդի՛ իշխաններ, և ունկնդի՛ր եղեք, եկեղեցո՛ւ առաջնորդներ։
20 Որդուդ, կնոջդ, եղբորդ և բարեկամիդ իրավունք մի՛ տուր քո կյանքում և քո ունեցվածքը մի՛ տուր ուրիշի, որպեսզի զղջալով կարիքի մեջ չընկնես։
21 Քանի դեռ կենդանի ես, և շունչդ վրադ է, թող ոչ մեկը չփոխարինի քեզ, 22 քանզի ավելի լավ է, որ որդիներդ քո կարիքն զգան, քան դու նայես նրանց ձեռքին։
23 Քո բոլոր գործերի մեջ գլխավո՛ր եղիր։
24 Քո պատվի վրա պարսավանք մի՛ բեր։ Քո կյանքի ավարտի օրը և վախճանի ժամանակ միայն բաշխի՛ր և տո՛ւր ժառանգությունդ։
Ծառաների մասին
25 Կերը, գավազանը և բեռը էշինն են. հացը, ծեծը և գործը՝ ծառայինը։
26 Գործը կատարի՛ր ծառայով, և դու հանգիստ կունենաս, անգործ թող նրա ձեռքերը, և նա ազատություն կփնտրի։
27 Լուծը և շղթաները վիզն են խոնարհեցնում, իսկ լլկանքն ու տանջանքը՝ չարագործ ծառային։
28 Նրան գործի՛ դիր, որպեսզի պարապ չմնա, 29 քանզի անգործությունը բազում չարիքներ է ծնում։
30 Նրան գործի մե՛ջ պահիր, ինչպես վայել է նրան, և եթե նա չհնազանդվի, ծանրացրո՛ւ կապանքները, բայց ամբողջ մարմինը ավելորդ մի՛ ծանրաբեռնիր և մի՛ գործիր անարդարությամբ։
31 Եթե դու ծառա ունես, թող նա քեզ նման լինի, քանզի նրան արյամբ ձեռք բերեցիր։
Եթե դու ծառա ունես, նրա հետ եղբոր նմա՛ն վարվիր, քանզի նրա կարիքը կզգաս, ինչպես քո անձի կարիքը։
32 Եթե չարչարես նրան, նա խրտնելով կփախչի.
33 էլ ո՞ր ճանապարհի վրա նրան պիտի փնտրես։