Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Կանանց ժառանգության հարցը1 Հովսեփի որդիներից Մանասեի որդի Մաքիրի որդի…

Կանանց ժառանգության հարցը

1 Հովսեփի որդիներից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների ցեղի իշխանները, դիմելով Մովսեսին, Եղիազար քահանային ու Իսրայելի որդիների նահապետական տների իշխաններին, 2 ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ քանանացիների երկիրը ժառանգություն տա Իսրայելի որդիներին։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։ 3 Արդ, եթե նրանք ամուսնանան Իսրայելի մեկ այլ ցեղի տղամարդկանց հետ, ապա նրանց վիճակը պիտի անջատվի՞ իրենց հոր կալվածքից և ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության կգնան։ Այսպիսով մեր ժառանգությունից այդ բաժինը պիտի վերցվի՞։ 4 Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանական տարին, նրանց ժառանգությունը վերջնականապես կգումարվի՞ այն ցեղի ժառանգության վրա, որոնց կնության են գնացել, որով մեր ցեղի ժառանգությունից նրանց բաժին ընկած ժառանգության մասը պիտի վերանա՞»։

5 Մովսեսը Տիրոջ հրամանով Հովսեփի որդիների ասածի մասին Իսրայելի որդիներին ասաց. 6 «Սաղպաադի դուստրերի մասին Տերը այս հրամանն է տվել և ասել. “Նրանք թող ամուսնանան այն տղամարդկանց հետ, որոնք իրենց աչքին հաճելի կթվան՝ պայմանով, որ այդ տղամարդիկ իրենց հայրական ցեղից լինեն։ 7 Իսրայելի որդիների ժառանգությունը ցեղից ցեղ թող չանցնի, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն ի՛ր ցեղի հայրենի ժառանգությանը կապվի։ 8 Իսրայելի որդիների որևէ ցեղից ժառանգություն ստացած ամեն մի աղջիկ թող դառնա իր հայրական ցեղին պատկանող որևէ տղամարդու կինը, որպեսզի Իսրայելի որդիները պահպանեն իրենց հայրենի ժառանգությունը։ 9 Ժառանգության բաժինը մի ցեղից մյուսը չպետք է անցնի, Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը պետք է կապվի իր ժառանգությանը”»։

10 Եվ Տերն ինչպես հրամայել էր Մովսեսին, Սաղպաադի դուստրերն այդպես էլ արեցին։ 11 Թերսան, Եգղան, Մեղքան, Նուան և Մաաղան՝ Սաղպաադի դուստրերը, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։ 12 Նրանք Հովսեփի որդիներից Մանասեի ցեղի տղամարդկանց կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հոր ազգատոհմին։

13 Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։