Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ճշմարիտ և կեղծ բարեկամներ1 Որդյա՛կ, եթե բարիք ես անում, իմացի՛ր՝ ում …

Ճշմարիտ և կեղծ բարեկամներ

1 Որդյա՛կ, եթե բարիք ես անում, իմացի՛ր՝ ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։
2 Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։
3 Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։
4 Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։
5 Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարիշտին,
6 պահի՛ր քո հացը և մի՛ տուր նրան, որպեսզի դրանով նա չհաղթի քեզ,
7 Այլապես կրկնակի չարիք կստանաս նրան արած քո բոլոր բարությունների դիմաց, որովհետև Բարձրյալն ատում է մեղավորներին և վրեժ առնում ամբարիշտներից։ Օգնի՛ր բարի մարդուն և զորավիգ մի՛ եղիր մեղավորին։
8 Բարեկամը չի ճանաչվում երջանկության մեջ, և ոչ էլ թշնամիդ վշտակից կլինի քեզ։
9 Մարդու երջանկության ժամանակ տրտմության մեջ են լինում նրա թշնամիները, իսկ վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։
10 Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտվում, այնպես էլ՝ նրա չարությունը։
11 Եթե նա թեկուզ խոնարհվի և գլխահակ գնա, ուշքդ վրա՛ն պահիր և զգուշացի՛ր նրանից, նրա առջև մաքուր հայելու նմա՛ն եղիր ու կիմանաս, որ նա իսպառ չի մաքրվել ժանգից։
12 Նրան մի՛ պահիր քեզ մոտ, որպեսզի քեզ կործանելով չգրավի քո տեղը։ Նրան մի՛ նստեցրու քո աջ կողմում, որպեսզի երբևէ չհավակնի քո աթոռին. ի վերջո դու կհասկանաս իմ խոսքերը և չես ափսոսա իմ խրատների համար։
13 Ինչպես նա, ով կարեկցում է խայթված օձահմային, և նա, ով գնում է գազանների դեմ, այդպես է և նա, ով ընդառաջ է գնում մեղավոր մարդուն ու շաղախվում նրա մեղքերին։
14 Մի պահ նա կլինի քեզ հետ և երբ փորձես հեռանալ, չի համբերի։
15 Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորհում է խորխորատի մեջ քեզ կործանելու մասին։
17 Թշնամին իր աչքերով է արտասվում, բայց եթե հարմար պահ գտնի, արյունից չի հագենա։
18 Եթե քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կգտնես քեզանից առաջ, և օգնության փոխարեն նա՛ ոտք կդնի քո առջև։
19 Նա թափ կտա իր գլուխը, ծափ կզարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, և կեղծ զարմանքով կայլայլի իր երեսը։