Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ապաշխարության աղոթք1 Դավթի՝ սաղմոս իմաստությանԵրանի՜ նրանց, ում մեղքե…

Ապաշխարության աղոթք

1 Դավթի՝ սաղմոս իմաստության

Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց,

Եվ նրանց, ում բոլոր հանցանքները ներվեցին։

2 Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում,

Եվ որի բերանում նենգություն չկա։

3 Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին

Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։

4 Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա. դեպի թշվառություն դարձա,

Որովհետև փշերն ինձ ծակծկեցին։

5 Մեղքերս քեզ ցույց կտամ

Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։

Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը»,

Եվ դու թողություն կտաս

Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ

6 Դրա համար բոլոր սրբերը անհրաժեշտ ժամին

Աղոթքի կկանգնեն քո առջև.

Առատ հեղեղներից ու ջրերից ոչինչ չի մոտենա նրանց։

7 Դու ես իմ ապավենն այն նեղության մեջ,

Որ շուրջս պատեց։

Ո՛վ իմ ցնծություն, փրկի՛ր ինձ նրանցից,

Ովքեր պաշարեցին ինձ։

8 «Քեզ իմաստուն կդարձնեմ և խելամուտ՝ այն ճանապարհին,

Որով պիտի ընթանաս, և աչքերս վրադ կպահեմ»։

9 Մի՛ եղեք ձիերի և ջորիների նման, որոնք ըմբռնում չունեն.

Նրանց կզակը սանձով և պախուրցով պետք է ճմլել,

Որ քեզ չմոտենան։

10 Բազում են մեղավորների տանջանքները,

Բայց Տիրոջը հուսացողներին

Տիրոջ ողորմությունը կպարուրի։

11 Ուրա՛խ եղեք և ցնծացե՛ք Տիրոջով, ո՜վ արդարներ,

Պարծեցե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։