Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կյուրոսի հրովարտակը(Բ Մն. 36.22-23, Բ Եզր. 1.1-11)1 Կյուրոսի թագավորո…
Կյուրոսի հրովարտակը
(Բ Մն. 36.22-23, Բ Եզր. 1.1-11)
1 Կյուրոսի թագավորության առաջին տարում լրացավ Հուդայի և Բենիամինի գերության յոթանասուն տարին, և Կյուրոսը թագավորեց բոլորի վրա երեսուն տարի։
Պարսից Կյուրոսի թագավորության առաջին տարում կատարվեց Տիրոջ խոսքը, որ ասվել էր Երեմիա մարգարեի բերանով։ Տերը շարժեց պարսից Կյուրոս թագավորի ոգին, և Կյուրոսը հրամայեց հայտարարել իր ողջ թագավորության մեջ և ասել. 2 «Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ Իսրայելի Աստվածը, Բարձրյալ Տերը, ինձ թագավոր կարգեց ողջ տիեզերքի վրա, և ինձ պատվիրեց իր համար տաճար կառուցել Հուդայի Երուսաղեմում։ 3 Արդ, թող Տերը՝ Աստված, լինի նրանց հետ, ովքեր, հրեա ազգից լինելով, կմեկնեն Երուսաղեմ՝ շինելու Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարը։ Սա է Տերը, որ բնակվում է Երուսաղեմում։ 4 Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են տարբեր վայրերում, թող օգնեն նրանց ոսկով ու արծաթով, ձիերով ու ամեն տեսակի անասուններով և այլ իրերով, որոնք թող նվիրեն Տիրոջ՝ Աստծու՝ Երուսաղեմի տաճարին»։
5 Եվ ըստ իրենց հայրերի դասակարգի՝ Հուդայի և Բենիամինի ցեղերի իշխանները, քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, որոնց հոգիները շարժեց Տերը, ոտքի ելան՝ շինելու Տիրոջ տունը Երուսաղեմում։ 6 Շրջակայքում բնակվողները օգնեցին արծաթով ու ոսկով, ձիերով ու անասուններով, և Տիրոջը տվեցին այնքան, որքան անցել էր իրենց մտքով։ 7 Կյուրոս թագավորը բերել տվեց Տիրոջ սուրբ սպասքը, որ Նաբուքոդոնոսորը հափշտակել էր Երուսաղեմից և ի պահ դրել իր կուռքերի տանը։ 8 Պարսից Կյուրոս թագավորը բերել տվեց և հրամայեց սպասքը տալ իր գանձապահ Միթրիդատին։ Իսկ նա հաշվելով հանձնեց Հուդայի խնամակալ Սամանասարին։ 9 Եվ Տիրոջ սպասքի թիվն այս էր. հազար ոսկե սպաս, հազար արծաթե սպաս, քսանինը արծաթե խնկաման, 10 երեսուն ոսկե ափսե, երկու հազար չորս հարյուր քսան արծաթե սրվակ և հազար կտոր այլ սպասք։ 11 Իսկ ողջ սպասքը, որ բերեցին՝ ոսկյա և արծաթյա, հինգ հազար չորս հարյուր վաթսունինը հատ էր։ Եվ այս ամենը Սամանասարի ձեռքը տալով՝ բոլոր գերեվարվածների հետ միասին, Բաբելոնից փոխադրեցին Երուսաղեմ։
Երուսաղեմի վերաշինության արգելումը
(Բ Եզր. 4.7-24)
12 Պարսից Արտաշես արքայի թագավորության ժամանակ նրան գրեցին Հուդայի երկրի և Երուսաղեմի շուրջը բնակվողներ Բաաղսամոսը, Միթրիդատը, Բելիոսը, Հռաթիմոս կառավարիչը, Սամելիոս քարտուղարը և նրանց հետ շատ ուրիշներ, որ բնակվում էին Սամարիայում և ծովեզերքին՝ քանանացիները և տյուրոսցիները, ամովնացիները և մովաբացիները, շամրտացիները և բազում այլաբնակներ, գրեցին հետևյալ նամակը. 13 «Մեր տեր Արտաշես թագավորին. քո ծառաները՝ Հռաթիմոսը, որ երկրպագում է քեզ, Սամելիոս գրագիրը և մեր բոլոր խորհրդակիցներն ու Ստորին Ասորիքի* և Փյունիկեի** կողմերի դատավորները։ 14 Մեր տե՛ր և թագավո՛ր, թող այժմ հայտնի լինի քեզ հրեաների մասին, որ ձեր կողմերից եկան մեզ մոտ՝ գնալու ապստամբող և դառնալից Երուսաղեմ քաղաքը։ Այժմ նրանք կառուցում են այն ու նրա հրապարակները և ցանկանում են ամրացնել նրա պարիսպներն ու շինել նրա բարձրաբերձ տաճարը։ 15 Արդ, եթե այս քաղաքը շինեն և նրա պարիսպները կառուցեն, ոչ ոքի հարկ չեն վճարի, այլ նաև թագավորներին հանդիման կկանգնեն, 16 որովհետև պարծենալով իրենց հույսը կդնեն իրենց տաճարի վրա։ Արդ, լավ կլինի, մեր տե՛ր թագավոր, որ ջանք թափես այս ուղղությամբ և փնտրես ու տեսնես, թե ի՛նչ են գրել քո հայրերն ու նախնիները և 17 գտնելով հիշատակարանների գրություններում՝ իմանաս, որ այս քաղաքն ապստամբող է, ապստամբող են նաև սրա թագավորները, ապստամբող են հրեաները. հավիտյան երդմնազանց են սրա բնակիչները, որի պատճառով էլ այս քաղաքը ավերվելով անապատ դարձավ։ 18 Արդ, մեր տիրոջն ու թագավորին հայտնում ենք, որ եթե այս քաղաքը կառուցվի, և սրա պարիսպները կանգնեն, այլևս Ստորին Ասորիքի և Փյունիկեի կողմերում դու իշխանություն և ճանապարհ չես ունենա»։ 19 Այնժամ Արտաշես թագավորը գրեց Հռաթիմոսին, Բելտեթմոսին, Սամելիոս գրագրին և մյուս բոլորին, որ բնակվում էին Սամարիայի, Ստորին Ասորիքի և Փյունիկեի կողմերում, նրանց, որ գրել էին իրեն հետևյալը. 20 «Կարդացի ձեր թուղթը, որ գրեցիք ինձ, 21 և հրամայեցի ստուգել հիշատակարանների մատյաններում։ Եվ պարզվեց, որ այդ քաղաքը ի սկզբանե և միշտ ընդդիմացել է բոլոր թագավորներին։ Եվ դրա բնակիչները ապստամբողներ և պատերազմողներ էին, 22 իսկ Երուսաղեմում նստող թագավորները՝ հզոր ու խիստ են եղել, որ տիրանալով հարկ են գանձել Ստորին Ասորիքի ու Փյունիկեի կողմերից։ 23 Արդ, այժմ հրամայեցի արգելել այդ մարդկանց՝ շինելու այդ քաղաքը։ 24 Դուք ևս ձեր կողմից ջա՛նք թափեք, որ դրանց չարությունը չավելանա, և չընդդիմանան ու չանհանգստացնեն մեր թագավորությունը»։ 25 Կարդալով Արտաշես թագավորի գիրը՝ Հռաթիմոսը, Սամելիոս գրագիրը և նրանց հետ շատ ուրիշներ, անմիջապես հեծելազորով ու հետևակով փութացին Երուսաղեմ և հրեաներին արգելեցին կառուցել։
26 Եվ Երուսաղեմում Տիրոջ տաճարի շինությունը խափանվեց մինչև Պարսից Դարեհ արքայի թագավորության երկրորդ տարին։