Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օրենսգետի մասին1 Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի ու կհմտանա ի…

Օրենսգետի մասին

1 Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի ու կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։
2 Կմտապահի անվանի մարդկանց պատմությունները և կթափանցի առակների նրբին դարձվածքների մեջ։
3 Կփնտրի առակների խորհուրդը և կզբաղվի առակների իմաստների բացահայտմամբ։
4 Նա կծառայի մեծամեծների մոտ և կերևա իշխանների առջև։
5 Կճամփորդի օտար ազգերի երկրներով, որպեսզի ձեռք բերի մարդկանց չար և բարի փորձառությունը։
6 Վաղ առավոտից սրտով կդիմի Տիրոջը, որ ստեղծեց իրեն, և կպաղատի Բարձրյալի առջև։
7 Աղոթքի մեջ կբացի իր շուրթերը և կթախանձի իր մեղքերի համար։
8 Եթե մեծազոր Տերը կամենա, նա կլցվի իմաստության հոգով։
9 Նրա սրտից կբխեն Տիրոջ իմաստության խոսքերը, և նա աղոթքով կփառաբանի նրան։
10 Տերը կուղղի նրա խորհուրդներն ու իմաստությունը, իսկ նա էլ կմտածի նրա գաղտնիքների մասին։
11 Նա ցույց կտա իր ստացած ուսմունքի իմաստությունը և կպարծենա Տիրոջ պատվիրանի օրենքով։
12 Շատերը նրա իմաստությունը կգովեն, և նա հավիտյանս չի մոռացվի։
13 Նրա հիշատակը չի անցնի, և նրա անունը կմնա սերնդից սերունդ։
14 Ազգերը կպատմեն նրա իմաստության մասին, և ժողովուրդը կտարածի նրա գովքը։
15 Քանի դեռ կապրի, հազարավոր մարդկանցից ավելի մեծ անուն կունենա, և երբ վախճանվի, լավ կլինի նրա համար։

Գովք արարչագործության

16 Դարձյալ խորհրդածելով՝ պիտի պատմեմ, քանզի լցվեցի լիալուսնի նման։
17 Լսե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։
18 Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեք։
19 Ծաղկե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեք, օրհնության ե՛րգ երգեք, Տիրո՛ջն օրհնեք իր բոլոր գործերի մեջ։
20 Փա՜ռք տվեք նրա մեծ անվանը և նրան փառաբանե՛ք օրհնությամբ. շուրթերի երգով և տավղով այսպե՛ս ասացեք՝ գոհաբանելով.
21 «Տիրոջ բոլոր գործերը շատ բարի են, և նրա բոլոր հրամանները կատարվում են իրենց ժամանակին. վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ պիտի կատարվի իր ժամանակին։
22 Նրա խոսքով ջուրը կանգնեց դեզի նման, նրա բերանի պատգամով ջրերի շտեմարաններ հայտնվեցին։
23 Նրա հրամանների մեջ է իր հաճությունը, և ոչ ոք չի կարող նսեմացնել նրա բերած փրկությունը։
24 Նրա առջև է ամեն մարմնեղեն էակի մարմնի գործը, և անկարելի է թաքնվել նրա աչքից։
25 Նա տեսնում է հավիտենությունից հավիտենություն, և չկա մի բան, որ զարմանալի լինի նրա համար։
26 Վայել չէ ասել՝ ի՞նչ է սա, կամ ինչո՞ւ է սա, քանզի ամեն ինչ ստեղծված է ըստ իր կարիքի։
27 Նրա օրհնությունը հորդում է գետի նման և հեղեղի նման ջրում ցամաքը։
28 Հեթանոսները պիտի ժառանգեն նրա բարկությունն այնպես,
29 ինչպես նա քաղցր ջուրը վերածեց աղաջրի։ Նրա ճանապարհները սրբերի համար ուղիղ են, իսկ անօրենների համար՝ սայթաքուն»։
30 Ինչպես բարիքները բարիների համար ստեղծվել են սկզբից, այնպես էլ չարիքները՝ մեղավորների համար։
31 Մարդու կյանքի համար ամեն տեսակ կարիքների սկիզբը ջուրն է, կրակը, երկաթը, աղը, ցորենի ալյուրը,
32 կաթը, մեղրը, խաղողի հյութը, ձեթ և հագուստը։
33 Այս բոլորը բարիք է բարեպաշտների համար, իսկ մեղավորների համար չարիք կդառնա։
34 Այն հոգիները, որոնք ստեղծված են վրեժխնդրության համար և իրենց սրտմտությամբ սաստկացրել են իրենց տանջանքները, նրանք իրենց վախճանի ժամանակ հեղում են իրենց ուժն ու զայրույթը, և դա հանդարտեցնում է իրենց Արարչի ցասումը։
35 Կրակը, կարկուտը, սովը և մահը, այս բոլորը վրեժխնդրության համար են ստեղծված։
36 Գազանների ժանիքները, իժերը, օձերը և սուրը վրիժառության համար են, ամբարիշտների ոչնչացման համար։
37 Նրանք ուրախ կլինեն նրա պատվիրանները կատարելու համար, երկրի վրա պատրաստ են հոգալու նրա կարիքները և իր ժամանակին չեն խախտի նրա խոսքը։
38 Դրա համար էլ ես սկզբից հաստատվեցի, մտածեցի ամեն բան և գրով թողեցի։
39 Արդարև, Տիրոջ բոլոր գործերը բարի են, և բոլոր պետքերը նա ժամանակին է բաշխում։
40 Չի կարելի ասել, թե սա նրանից վատ է, քանզի ամեն ինչ իր ժամանակին լավ կլինի։
41 Իսկ այժմ ամբողջ սրտով և լիաբերան օրհնե՛ք և բարեբանե՛ք Տիրոջ անունը։