Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իմաստուն խորհուրդներ1 Բարի անունը լավ է հոտավետ յուղից, և մահվան օրը՝…

Իմաստուն խորհուրդներ

1 Բարի անունը լավ է հոտավետ յուղից, և մահվան օրը՝ ծննդյան օրից։

2 Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա է բարություն տալիս ողջ մնացած մարդու սրտին։ 3 Սրտմտությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից կզվարթանա սիրտը։ 4 Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ անմիտի սիրտը՝ ուրախության տանը։

5 Մարդու համար ավելի լավ է իմաստունի հանդիմանությունը լսել, քան անմիտների երգը։ 6 Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա ևս ունայնություն է։ 7 Զրպարտությունը խռովում է իմաստուններին և կործանում նրանց ազնիվ սրտերը։ 8 Խոսքի վերջաբանը նախընտրելի է առաջաբանից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։ 9 Մի՛ շտապիր հոգուդ մեջ բարկանալ, որովհետև բարկությունը հանգչում է անզգամների ծոցում։

10 Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ անցյալը լավ է ներկայից, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։ 11 Իմաստությունը ժառանգության հետ լավ է և առավելություն՝ արեգակը տեսնողների համար։ 12 Քանզի արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի ստվերին, բայց իմաստուն գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին։ 13 Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստված։ 14 Քո առատության օրերին բարիքի մե՛ջ ապրիր և վատ օ՛րն էլ նկատիր։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, և մարդ չգիտի, թե ի՛նչ է լինելու։

15 Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։ 16 Չափազանց արդար մի՛ եղիր և ոչ էլ շատ ճարտար, որ չսխալվես։ 17 Շատ ամբարիշտ մի՛ եղիր և մի՛ եղիր խստաբարո, որ տարաժամ չմեռնես։ 18 Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։

19 Իմաստությունն ավելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնվող տասը իշխան։ 20 Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։ 21 Բայց դու ամբարիշտների ասած ամեն խոսք սրտիդ շատ մոտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անեծքը չլսես, երբ նա քեզ անիծի։ 22 Քանզի ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։

23 Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձա»։ Բայց իմաստությունը հեռացավ ինձնից, ավելի հեռու, քան մինչ այդ էր։ 24 Եվ արդ ո՞վ կարող է չափել խորխորատը։ 25 Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։ 26 Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։ 27 Ահա այս բոլորը գտա,- ասում է Ժողովողը,- մեկ առ մեկ հաշվելով՝ հասկանալու այդ ամենի պատճառը, 28 որը փնտրեց հոգիս, բայց ես չգտա. հազարի մեջ մի տղամարդ գտա, բայց կին ամենևին չգտա։

29 Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։