Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Երբ երեկոյացավ, շտապեցրեց իր պաշտոնյաներին գնալ դուրս։ Բագուն փակեց…

1 Երբ երեկոյացավ, շտապեցրեց իր պաշտոնյաներին գնալ դուրս։ Բագուն փակեց վրանի դուռը, և նրանցից յուրաքանչյուրը գնաց իր անկողինը՝ հեռու վրանից, քանի որ բոլորն էլ մեծ գինարբուքից խոնջացած-հոգնած էին։ 2 Վրանում մնացին միայն Հուդիթն ու Հողոփեռնեսը։ Հողոփեռնեսը, քանի որ շատ հարբած էր գինուց, մտնելով իր գահույքը, քնեց։ 3 Իսկ Հուդիթը պատվիրեց իր աղախնին մնալ վրանից դուրս և սպասել իրեն, մինչև դուրս կգա, որպեսզի մյուս օրերի պես գնան աղոթելու։ Նույնն ասաց նաև Բագուին։ 4 Եվ բոլորը գնացին սենյակից. այնտեղ ոչ ոք չմնաց։ Հուդիթը մոտեցավ գահույքին և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, այժմ հանուն Երուսաղեմի փառքի, հաջողեցրո՛ւ իմ գործը։ 5 Որովհետև ժամանակն է այցելելու քո ժառանգությանը և իմ ձեռքով անելու գործը՝ մեզ վրա հարձակված թշնամիների վերացման համար»։ 6 Մոտեցավ գահույքի գլխին, որ Հողոփեռնեսի գլխավերևի մոտ էր, նրա ազդրից հանեց դաշույնը, 7 բռնեց նրա մազերից և ասաց. «Զորացրո՛ւ ինձ այսօր, Աստվա՛ծ Իսրայելի»։
8 Եվ երկու անգամ իր ողջ ուժով հարվածելով նրա պարանոցին՝ կտրեց նրա գլուխը։ 9 Ապա նրա մարմինը վայր գցեց գահույքից։ Որոշ ժամանակ անց դուրս եկավ ու իր նաժիշտին տվեց Հողոփեռնեսի գլուխը։ 10 Նա գցեց իր կերակրի մախաղի մեջ, և երկուսը միասին, ըստ իրենց սովորության, ելավ անցան բանակի միջով, շրջվեցին ձորով և բարձրացան Բետիղուայի լեռը։ Եվ եկան քաղաքի դարպասների մոտ։
11 Հուդիթը հեռվից կանչեց դարպասների պահապաններին. «Բացե՛ք, բացե՛ք դռները, քանի որ մեզ հետ է Տերը։ Մեր Աստվածը դեռ շատ հրաշագործություններ պիտի անի Իսրայելի մեջ և մեր թշնամիներին բեկանի, ինչպես որ արեց այսօր»։
12 Երբ նրա քաղաքի մարդիկ լսեցին նրա ձայնը, փութացին իջնել իրենց քաղաքի դարպասի մոտ և կանչեցին քահանաներին ու ժողովրդի ծերերին։ 13 Հավաքվեցին փոքրից մինչև մեծ, քանի որ բոլորն էլ զարմացել էին նրա վերադարձով։ Բացեցին քաղաքի դարպասը և նրանց ներս առան։ Եվ վառելով իրենց լապտերները՝ շրջապատեցին նրանց։ 14 Եվ Հուդիթը բարձրաձայն ասաց. «Իսրայելի՛ որդիներ, օրհնեցե՛ք Աստծուն, որ Իսրայելի տնից չմերժեց իր ողորմությունը, այլ այս գիշեր իմ ձեռքով հարվածեց մեր թշնամիներին»։
15 Եվ մախաղից հանելով գլուխը՝ ցույց տվեց նրանց և ասաց. «Ահա Ասուրի զորքերի զորագլուխ Հողոփեռնեսի գլուխը և ահա այն սավանը, որի վրա պառկած էր հարբած, և Տերը՝ Աստված, սպանեց նրան կնոջ ձեռքով։ 16 Երդվում եմ Տիրոջով, որ պահպանեց ինձ այն ճանապարհին, որով գնացի։ Քանի որ իմ տեսքը խաբեց նրան և կորստյան մատնեց, սակայն նա ինձ չպղծեց և իմ անձը նախատինքի չարժանացրեց»։
17 Եվ ողջ ժողովուրդը գոհացավ և խոնարհվելով երկրպագեց Աստծուն։ Եվ բոլորը միաձայն ասացին. «Տե՛ր, Աստվա՛ծ մեր, օրհնյա՜լ ես դու, որ այսօր ամոթի ենթարկեցիր քո ժողովրդի թշնամիներին»։
18 Ոզիան ասաց Հուդիթին. «Դո՛ւստր, բարձրյալ Աստծու առաջ օրհնյալ ես դու առավել, քան երկրի վրայի բոլոր կանայք։ Եվ օրհնյալ է Տերը՝ Աստված, որ արարեց երկինքն ու երկիրը, և որ հաջողեցրեց քեզ՝ գլխատելու մեր թշնամի իշխանին։ 19 Քո անունը թող հավիտյան հիշվի մարդկանց կողմից և Աստծու առջև, 20 և Տերը՝ իմ Աստվածը, թող փառավորի քեզ և բարություն շնորհի, քանի որ դու չխնայեցիր քո անձը մեր ազգի տառապանքը վերացնելու համար և վրեժ խնդրեցիր մեր հարվածների դիմաց՝ մեր Տիրոջ առջև ուղիղ ճանապարհով ընթանալով»։ Եվ ողջ ժողովուրդն ասաց. «Թող լինի, թող լինի»։