Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Հովսեփը գնաց ու փարավոնին ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխար…

1 Հովսեփը գնաց ու փարավոնին ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցվածքով եկել են քանանացիների երկրից և ահա Գեսեմում են»։ 2 Նա, իր եղբայրներից հինգին հետն առնելով, ներկայացրեց փարավոնին։ 3 Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ի՞նչ գործ եք անում»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ թե՛ մենք, թե՛ մեր հայրերը, ոչխարների հովիվներ ենք»։ 4 Նրանք ասացին փարավոնին. «Պանդխտության ենք եկել այս երկիրը, որովհետև քո ծառաների ոչխարները կեր չունեին, քանի որ քանանացիների երկրում սովը սաստկացավ։ Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»։ 5 Փարավոնը ասաց Հովսեփին. «Քո հայրն ու քո եղբայրները եկել են քեզ մոտ։ 6 Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. արգավանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին։ Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում։ Իսկ եթե գիտես, որ նրանց մեջ կան հմուտ անձինք, իմ ոչխարների հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր»։ 7 Հովսեփը փարավոնին ներկայացրեց նաև իր հորը՝ Հակոբին, և Հակոբն օրհնեց փարավոնին։ 8 Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»։ 9 Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։ 10 Հակոբն օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից։ 11 Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամեսեի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը։ 12 Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։

13 Պարենն սպառվել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր։ Սովից հյուծվեցին եգիպտացիների երկիրն ու քանանացիների երկիրը։ 14 Հովսեփը, ցորեն վաճառելով, հավաքեց եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի ողջ արծաթը և այն տարավ փարավոնի պալատը։ 15 Երբ եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի արծաթն սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ. մեր արծաթն սպառվել է»։ 16 Հովսեփը նրանց ասաց. «Եթե արծաթն սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների դիմաց հաց կտամ ձեզ»։ 17 Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։ 18 Այդ տարին անցավ. նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Տե՛ր, կթողնե՞ս, որ կորստյան մատնվենք. մեր արծաթն սպառվեց, մեր անասուններն ու ունեցվածքը քեզ տվեցինք։ Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողակտորներից։ 19 Արդ, որպեսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, և երկիրն էլ չկործանվի, հացի դիմաց գնի՛ր մեզ և մեր հողակտորները. մենք ու մեր հողակտորները թող լինենք փարավոնի սեփականությունը։ Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»։ 20 Հովսեփը փարավոնի համար գնեց եգիպտացիների ողջ երկիրը, որովհետև եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարավոնին, քանի որ նրանց մեջ սովը սաստկացավ։ Այսպիսով երկիրը դարձավ փարավոնի սեփականությունը, 21 և Եգիպտոսի մի ծայրից մինչև մյուս ծայրը բնակվող ժողովուրդը դարձավ նրա ստրուկը, 22 բացի քրմերի կալվածքներից, որովհետև Հովսեփը դրանք չգնեց, քանի որ փարավոնը քրմերին առատորեն պարգևատրում էր, և նրանք սնվում էին այն պարգևներով, որ նրանց տալիս էր փարավոնը, այդ պատճառով էլ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները։ 23 Հովսեփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ և ձեր հողը ես գնեցի փարավոնի համար։ Ձեզ համար սերմացո՛ւ առեք և հողը սերմանե՛ք։ 24 Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։ 25 Նրանք ասացին. «Մեզ փրկեցիր. շնորհ գտանք մեր տիրոջ առաջ, ուստի թող լինենք փարավոնի ծառաները»։ 26 Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։

27 Իսրայելը բնակվեց եգիպտացիների երկրում՝ Գեսեմում։ Նրանք այնտեղ կալվածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան։

28 Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։ 29 Երբ Իսրայելի մահվան օրերը մոտեցան, նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց նրան. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար ու ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի։ 30 Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։ 31 Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդվեց նրան, իսկ Իսրայելը խոնարհվեց՝ դիպչելով նրա գավազանի ծայրին։