Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խնդրել Տիրոջից և ոչ կուռքերից1 «Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝վա…

Խնդրել Տիրոջից և ոչ կուռքերից

1 «Խնդրե՛ք Տիրոջից անձրև ըստ ժամանակի՝

վաղաժամ և ուշացած։

Տերը հրաշքներ գործեց և ձմեռային

անձրև կբերի նրանց հանդի յուրաքանչյուր խոտի վրա։

2 Քանի որ վհուկները նեղություններ բարբառեցին,

և կախարդները սուտ տեսիլքներ ու սուտ երազներ էին խոսում և իզուր մխիթարում,

դրա համար ցամաքեցին հոտերի նման ու չարիքներ կրեցին,

որովհետև բժշկություն չկար»։

Գերեդարձության խոստումներ

3 «Իմ բարկությունը բորբոքվեց հովիվների դեմ,

և գառների համար այցելություն կանեմ։

Եվ Տերը՝ Ամենակալ Աստված, կայցելի իր հոտին՝ Հուդայի տանը,

և կպատրաստի նրանց իր համար

որպես պատերազմի գեղեցիկ երիվար։

4 Նրանից դիտեց ու նրանից պատրաստեց,

նրանից է իր աղեղը բարձրությամբ,

և նրանից կելնի ամեն ոք,

ով կհալածի նրանով։

5 Եվ կլինեն պատերազմողների պես,

որ կկոխկռտեն ցեխը պատերազմի ճանապարհներին

ու ճակատամարտ կտան,

որովհետև Տերը նրանց հետ է,

և կամաչեն հեծյալները երիվարների վրա։

6 Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը

կփրկեմ

ու կբնակեցնեմ նրանց,

որովհետև սիրեցի նրանց.

և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի,

որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը,

և կլսեմ նրանց։

7 Եվ կլինեն Եփրեմի պատերազմողների պես,

և նրանց սիրտը կխնդա, ինչպես գինուց,

նրանց որդիները կտեսնեն և կուրախանան,

և նրանց սրտերը կցնծան Տիրոջով։

8 Կազդարարեմ նրանց

և կընդունեմ նրանց,

քանի որ կփրկեմ նրանց,

և կբազմանան, ինչպես որ բազմաթիվ էին։

9 Կսերմանեմ նրանց ազգերի մեջ,

և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։

Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։

10 Եվ կդարձնեմ նրանց եգիպտացիների երկրից,

ասորեստանցիներից կընդունեմ նրանց

և Գաղաադ ու Լիբանան կմտցնեմ նրանց,

և նրանցից և ոչ մեկը չի պակասի։

11 Կանցնեն նեղ ծովով

և կխփեն ծովի ալիքներին.

կցամաքեն գետերի բոլոր խորությունները,

կկործանվի ասորեստանցիների ողջ հպարտությունը,

և կվերանա եգիպտացիների իշխանությունը։

12 Եվ նրանց կզորացնեմ Տիրոջով՝ նրանց Աստծով,

և նրա անունով կպարծենան»,- ասում է Տերը։