Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դանիելը և Բելի քրմերը65 Աստիագես թագավորն ամփոփվեց իր հայրերի մոտ, իս…
Դանիելը և Բելի քրմերը
65 Աստիագես թագավորն ամփոփվեց իր հայրերի մոտ, իսկ պարսիկ Կյուրոսն առավ նրա թագավորությունը։ 1 Դանիելը թագավորի կյանքի ընկերակիցն էր և ավելի փառավոր վիճակում էր, քան նրա բոլոր բարեկամները։ 2 Բաբելացիները մի կուռք ունեին՝ Բել անունով, և նրան մեկ օրվա բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալյուր, քառասուն ոչխար և վեց մար գինի։ 3 Թագավորը պաշտում էր նրան և միշտ գնում երկրպագում էր նրան։ Բայց Դանիելն իր Աստծուն էր երկրպագում։ Եվ թագավորը նրան ասաց. «Դու ինչո՞ւ չես երկրպագում Բելին»։ 4 Եվ նա ասաց. «Քանի որ չեմ պաշտում ձեռակերտ կուռքերին, այլ կենդանի Աստծուն՝ երկնքի և երկրի Արարչին, որ իշխանություն ունի ամեն մարմնի վրա»։ 5 Եվ թագավորը նրան ասաց. «Իսկ քեզ չի՞ թվում, որ Բելը կենդանի Աստված է. մի՞թե չես տեսնում, թե որքա՛ն է միշտ ուտում ու խմում»։ 6 Դանիելը ծիծաղելով ասաց. «Մի՛ խաբվիր, արքա՛, որովհետև դա ներսից կավ է, իսկ դրսից՝ պղինձ. դա երբեք ո՛չ կերել, ո՛չ էլ խմել է»։ 7 Թագավորը բարկանալով կանչեց իր քրմերին, և թագավորը նրանց ասաց. «Եթե ինձ չասեք՝ ո՛վ է ուտում այն սեղանից, մահով կմեռնեք։ 8 Իսկ եթե ցույց տաք, որ Բելն է ուտում այդ բոլորը, կմեռնի Դանիելը, որովհետև Բելին հայհոյեց»։ Եվ Դանիելն ասաց թագավորին. «Թող քո խոսքի համաձայն լինի»։ 9 Բելի քրմերը յոթանասուն հոգի էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։ Թագավորը Դանիելի հետ եկավ Բելի տաճարը։ 10 Բելի քրմերն ասացին. «Ահա մենք դուրս կելնենք, իսկ դու, արքա՛, դի՛ր նրա առաջ. կերակուրներն ու գինին խառնված կդնես, ապա դռները փակի՛ր ու կնքի՛ր քո մատանիով։ 11 Եվ առավոտյան գալով, եթե այդ ամենը կերված չլինի Բելից, թող մե՛նք մեռնենք, իսկ եթե ոչ՝ Դանիելը, որ մեր մասին սուտ խոսեց»։ 12 Նրանք վստահ էին, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին շինել և միշտ նրանով էին մտնում և այն ուտում։
13 Եվ այնպես եղավ, երբ դուրս ելան, թագավորը կերակուրները դրեց Բելի առաջ։ Ապա Դանիելը հրաման տվեց իր ծառաներին, և մոխիր բերեցին ու միայն թագավորի առաջ ողջ մեհյանով մեկ ցանեցին։ Եվ դուրս ելնելով՝ դուռը փակեցին, թագավորի մատանիով կնքեցին ու գնացին։ 14 Եվ քրմերը, իրենց սովորության համաձայն, գիշերն իրենց կանանց ու որդիների հետ մտան, ամբողջը կերան, խմեցին և ոչինչ չթողեցին։ 15 Թագավորը վաղ առավոտյան Դանիելի հետ եկավ 16 և ասաց. «Այդ կնիքներն անխա՞խտ են, Դանիե՛լ»։
Նա ասաց. «Անխախտ են, արքա՛»։ 17 Եվ այնպես եղավ, երբ դռները բացեցին, թագավորը նայեց սեղանին, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Մեծ ես, Բե՛լ, և քո մեջ ոչ մի նենգություն չկա»։ 18 Դանիելը ծիծաղեց, բռնեց թագավորին, որ ներս չմտնի, և ասաց. «Լավ, նայի՛ր այդ հատակին և տե՛ս՝ ո՞ւմն են այդ հետքերը»։ 19 Թագավորն ասաց. «Տեսնում եմ տղամարդկանց, կանանց և մանուկների հետքեր»։ 20 Այն ժամանակ թագավորը բարկանալով բռնեց քրմերին, նրանց կանանց ու որդիներին, և նրան ցույց տվեցին գաղտնի դռները, որտեղով մտնում և սպառում էին սեղանը։ 21 Թագավորը նրանց կոտորեց, իսկ Բելին Դանիելի ձեռքը տվեց, և կործանեց այն ու նրա մեհյանը։
22 Եվ մի մեծ վիշապ կար, և բաբելացիները պաշտում էին նրան։ 23 Թագավորն ասաց Դանիելին. «Մի՞թե դրա մասին էլ կասես, թե պղնձյա է. ահա կենդանի է, ուտում և խմում է, և չես կարող ասել, թե դա կենդանի աստված չէ։ Արդ, ե՛կ, երկրպագի՛ր դրան»։ 24 Դանիելն ասաց նրան. «Ես Տիրոջը՝ իմ Աստծուն եմ երկրպագում, որովհետև նա է կենդանի Աստվածը, 25 բայց դու, արքա՛, իշխանությո՛ւն տուր, և ես առանց սրի ու գավազանի այդ վիշապին քո առաջ կսպանեմ»։ Թագավորն ասաց. «Տալիս եմ քեզ»։ 26 Դանիելը յուղ, ձյութ, ճարպ ու մազ վերցրեց, միասին եփեց, գնդեր շինեց ու խփեց վիշապի բերանին, և երբ կերավ, պայթեց։ Եվ ասաց. «Տեսե՛ք ձեր պաշտամունքը»։ 27 Եվ երբ բաբելացիները լսեցին, շատ բարկացան, հավաքվեցին թագավորի դեմ և ասացին. «Հրեա եղավ թագավորը. Բելին կործանեց, վիշապին սպանեց, քրմերին կոտորեց»։
28 Եվ երբ եկան, թագավորին ասացին. «Դանիելին մեր ձե՛ռքը տուր, իսկ եթե ոչ՝ կսպանենք քեզ և քո ընտանիքը»։ 29 Երբ թագավորը տեսավ, որ շատ են տագնապեցնում իրեն, Դանիելին հարկադրված նրանց ձեռքը տվեց։ 30 Եվ նրանք նրան առյուծների փոսը նետեցին, և այնտեղ էր վեց օր։ 31 Փոսի մեջ յոթ առյուծներ կային։ Նրանց միշտ երկու մարդ և երկու անասուն էին տալիս, բայց այն ժամանակ նրանց ոչինչ չգցեցին, որպեսզի Դանիելին անմիջապես ուտեին։
32 Ամբակում մարգարե կար Հուդայի երկրում. թան եփեց, հաց բրդեց ամանի մեջ և հանդ էր գնում՝ իր մշակներին տանելու։ 33 Եվ Տիրոջ հրեշտակն Ամբակումին ասաց. «Այդ ճաշը, որ ունես, Բաբելոն՝ Դանիելին տա՛ր. առյուծների փոսի մեջ է»։ 34 Ամբակումն ասաց. «Տե՛ր, ես Բաբելոնը չեմ տեսել և չգիտեմ՝ փոսը որտե՛ղ է»։ 35 Հրեշտակը ձեռքը գցեց նրա գագաթից, բռնեց նրա գլխի մազերից և իր հոգու զորությամբ նրան դրեց Բաբելոնում՝ փոսի վրա։ 36 Ամբակումն աղաղակեց և ասաց. «Դանիե՛լ, Դանիե՛լ, ելի՛ր, վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստված քեզ համար ուղարկեց»։ 37 Դանիելն ասաց. «Հիշեցի՛ր ինձ, Աստվա՛ծ, և չլքեցիր քո սիրելիներին»։ 38 Դանիելը վեր կացավ ու կերավ։ Եվ Աստծու հրեշտակը նույն ժամին Ամբակումին կրկին իր տեղը տարավ։ 39 Թագավորը յոթերորդ օրը եկավ ողբալու Դանիելի վրա։ Երբ եկավ փոսի բերանը, նայեց ու տեսավ, որ Դանիելը նստած էր։ 40 Բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Մեծ ես, Դանիելի՛ Տեր, Աստվա՛ծ, և քեզնից բացի ուրիշ մեկը չկա»։ Եվ նրան վեր հանեց։ 41 Իսկ նրան կորստյան մատնող վնասարարներին փոսը նետեցին, և նրա առաջ իսկույն պատառոտվեցին։