Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստծու խոսքը իր Որդու միջոցով1 Աստված բազում ձևերով և բազում օրինակնե…
Աստծու խոսքը իր Որդու միջոցով
1 Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ 2 Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ 3 Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Որդին հրեշտակներից մեծ է
4 Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ 5 Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.
«Դու ես իմ որդին,
ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։
Եվ դարձյալ.
«Ես նրան հայր կլինեմ,
իսկ նա ինձ որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։
6 Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է.
«Թող երկրպագեն նրան
Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX))։
7 Իսկ հրեշտակների մասին էլ ասում է.
«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց
և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» (Սաղ. 103(104).4)։
8 Իսկ Որդու մասին ասում է.
«Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է.
քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։
9 Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը.
դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը
քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 44(45).6-7)։
10 Նաև՝
«Դու, Տե՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր,
և քո ձեռքի գործն է երկինքը։
11 Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։
Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր.
12 Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես,
և նրանք պիտի ոլորվեն։
Բայց դու միշտ նույնն ես,
և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։
13 Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.
«Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին
քո ոտքերին պատվանդան դարձնեմ» (Սաղ. 109(110).1)։
14 Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։