Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փրկության ուրախ լուրը1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն,հագի՛ր քո զորություն…
Փրկության ուրախ լուրը
1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն,
հագի՛ր քո զորությունը, Սիո՛ն.
դու էլ քո փա՛ռքը հագիր,
ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղեմ,
որովհետև պիղծերն ու անթլփատներն այլևս չեն անցնելու քո միջով։
2 Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ,
քանդի՛ր քո պարանոցի կապը,
ո՛վ դու Սիոնի գերի դուստր։
3 Արդարև, այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք փրկվելու»։ 4 Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց։ 5 Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։ 6 Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, իմանա, որ ես նույնն եմ, որի մասին խոսում էին, և ահա եկել հասել եմ»։
7 Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա,
ով խաղաղության լուրն է ավետում,
ով բարության ավետիսն է բերում
և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով.
«Քեզ վրա թագավորելու է Աստված»։
8 Քո պահապանների ձայնը բարձրացավ,
բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու,
որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը,
երբ Տերը ողորմելու է Սիոնին։
9 Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն,
քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։
10 Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի,
և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
11 Հեռացե՛ք, հեռացե՛ք,
ելե՛ք այդտեղից և պիղծերին մի՛ մոտեցեք.
ելե՛ք այդ երկրի միջից և հեռացե՛ք,
դուք, որ վերցրել բերում եք Տիրոջ սպասքը։
12 Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք
և ո՛չ էլ փախչելով գնաք,
քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու,
և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։
Տիրոջ ծառան պիտի բարձրանա
13 Ահավասիկ խելահաս պիտի դառնա իմ ծառան,
պիտի հառնի, բարձրանա ու մեծապես փառավորվի։
14 Ինչպես որ շատերը քեզ վրա պիտի զարմանան,
այդպես էլ կանշքանա քո տեսքը մարդկանց համար
և քո փառքը՝ մարդկանց որդիների համար,
15 այդպես էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրա,
թագավորների բերանները պապանձվելու են,
որովհետև տեսնելու են այն,
ինչի մասին նրանց չի պատմվել,
և իմանալու են այն,
ինչի մասին չեն լսել։