Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հարսանիքի հրավիրվածների առակը(Ղուկ. 14.15-24)1 Հիսուսը դարձյալ խոսեց …

Հարսանիքի հրավիրվածների առակը

(Ղուկ. 14.15-24)

1 Հիսուսը դարձյալ խոսեց և առակներով ասաց նրանց. 2 «Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ 3 Նա իր ծառաներին ուղարկեց՝ հրավիրյալներին հարսանիքի կանչելու, և չցանկացան գալ։ 4 Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրավիրյալներին ասե՛ք. ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը. իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիք»։ 5 Նրանք անտեսելով հեռացան. մեկը՝ իր ագարակը, մեկը՝ իր առևտրին, 6 իսկ ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, խոշտանգեցին և սպանեցին։ 7 Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։ 8 Այդժամ ասաց իր ծառաներին. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրյալներն արժանի չէին։ 9 Արդ, գնացե՛ք ճանապարհների խաչմերուկները և ում գտնեք, հրավիրե՛ք հարսանիքի»։ 10 Ծառաները, ճանապարհների վրա դուրս գալով, հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ և՛ չարերին, և՛ բարիներին, և հարսանիքը լցվեց հյուրերով։ 11 Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան զգեստ չէր հագել։ 12 Նրան ասաց. «Ընկե՛ր, հարսանեկան զգեստ չունենալով՝ ինչպե՞ս այստեղ մտար»։ Մարդը պապանձվեց։ 13 Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և հանե՛ք դրան արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց. 14 որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։

Կայսրին տրվելիք հարկը

(Մրկ. 12.12-17, Ղուկ. 20.20-26)

15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին, խորհրդակցություն հրավիրեցին նրա դեմ, թե նրան խոսքերով ինչպե՛ս ծուղակը գցեն։ 16 Նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսականների հետ, և ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ արդարամիտ ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում. որևէ մեկին հաճոյանալու հոգ չես անում և մարդկանց միջև խտրականություն չես դնում։ 17 Արդ, ասա՛ մեզ, քեզ ինչպե՞ս է թվում, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ»։ 18 Հիսուսը հասկացավ նրանց խորամանկությունը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր. 19 ցո՛ւյց տվեք ինձ հարկի դահեկանը»։ Նրանք Հիսուսին մի դահեկան բերեցին։ 20 Հիսուսը նրանց ասաց. «Այս պատկերը կամ արձանագրությունն ո՞ւմն է»։ 21 Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։ 22 Երբ լսեցին, զարմացան. թողեցին ու գնացին։

Հարության մասին

(Մրկ. 12.18-27, Ղուկ. 20.27-40)

23 Նույն օրը Հիսուսին մոտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան 24 և ասացին. «Վարդապե՛տ, Մովսեսն ասաց. “Եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ ապահովի” (Բ Օր. 25.5)։ 25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինն ամուսնացավ, ապա մեռավ, և որովհետև սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց։ 26 Նմանապես և երկրորդը, երրորդը, մինչև յոթերորդը։ 27 Բոլորից հետո նաև կինը մեռավ։ 28 Արդ, հարության ժամանակ նա յոթից ո՞ր մեկի կինը կլինի, որովհետև բոլորն էլ նրան որպես կին ունեցան»։ 29 Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Մոլորյալնե՛ր, ո՛չ Սուրբ Գիրքն եք հասկանում, ո՛չ էլ Աստծու զորությունը։ 30 Արդարև հարության ժամանակ ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում, այլ լինում են ինչպես հրեշտակները երկնքում։ 31 Բայց մեռելների հարության մասին չե՞ք կարդացել Աստծու կողմից ձեզ ասվածը. 32 “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։ Ուրեմն Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի»։ 33 Երբ ժողովուրդը լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։

Ամենամեծ պատվիրանը

(Մրկ. 12.28-34, Ղուկ. 10.25-28)

34 Փարիսեցիները, երբ լսեցին, որ Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, հավաքվեցին իրար մոտ։ 35 Նրանցից մեկը փորձելու նպատակով նրան հարցրեց և ասաց. 36 «Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ 37 Հիսուսը նրան ասաց. «“Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով” (Բ Օր. 6.5)։ 38 Այս է ամենամեծ ու գլխավոր պատվիրանը։ 39 Երկրորդը նման է սրան. “Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ” (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։ 40 Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու մարգարեները»։

Ո՞ւմ որդին է Քրիստոսը

(Մրկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44)

41 Երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց 42 և ասաց. «Ի՞նչ եք կարծում Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»։ Նրան պատասխանեցին. «Դավթի»։ 43 Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում.

44 “Տերն իմ Տիրոջն ասաց.

նստի՛ր իմ աջ կողմում,

մինչև քո թշնամիներին դնեմ

իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։

45 Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, Քրիստոսն ինչպե՞ս նրա որդին կլինի»։ 46 Ոչ ոք նրան չկարողացավ պատասխան տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։