Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Շմավոնի որդիները փախուստի են մատնում Կենդեբոսին1 Հովհաննեսը եկավ Գազա…

Շմավոնի որդիները փախուստի են մատնում Կենդեբոսին

1 Հովհաննեսը եկավ Գազարայից ու պատմեց իր հայր Շմավոնին, թե ինչե՛ր է անում Կենդեբոսը։ 2 Շմավոնը կանչեց իր երկու որդիներին՝ Հուդային ու Հովհաննեսին, և ասաց նրանց. «Ես, իմ եղբայրներն ու իմ հոր տոհմը մեր մանկությունից մինչև այսօր կռվել ենք իսրայելացիների թշնամիների դեմ և հաջողություններ ունեցել՝ բազմիցս փրկելով Իսրայելի ժողովրդին։ 3 Բայց հիմա ծերացել եմ, իսկ դուք արդեն հասուն տղամարդ եք։ Արդ, փոխարինե՛ք ինձ ու իմ եղբորը և ելե՛ք, կռի՛վ մղեք հանուն մեր ազգի, և թող երկնքից եկող օգնությունը ձեզ հետ լինի»։
4 Հովհաննեսն իր երկրից մոտ քսան հազար ռազմիկներ ու հեծելազոր ընտրեց և գնաց Կենդեբոսի դեմ։ Այդ օրը գիշերեցին Մովդիիմում։ 5 Առավոտ կանուխ դաշտ մտան։ Այնտեղ նրանք տեսան բազմաթիվ հեծյալ ու հետևակ զորքեր, որոնք գալիս էին իրենց դեմ։ Երկու կողմերի միջև մի հեղեղատ կար։ 6 Ինքն ու իր զորքը նրանց դիմաց ճակատ կազմեցին։ Երբ Հովհաննեսը տեսավ, որ իր զորքը հապաղում է անցնել հեղեղատը, առաջինը ինքն անցավ, ապա զորքը միահամուռ գնաց նրա հետևից։ 7 Նա հետևակը բաժանեց երկու մասի և հեծելազորը դասավորեց այդ երկուսի միջև։ Թշնամու հեծելազորը չափազանց շատ էր։ 8 Փող հնչեցրին, միմյանց քաջալերեցին ու անցան հարձակման։ Կենդեբոսը պարտության մատնվեց, և այդ օրը նրանցից բազմաթիվ մարդիկ խոցված ընկան, իսկ կենդանի մնացածները փախան մտան ամրոցը։ 9 Այդ օրը վիրավորվեց նաև Հուդան, իսկ Հովհաննեսը հալածեց փախուստի դիմածներին, մինչև որ նրանց բերեց հասցրեց Կենդեբոսի կառուցած Կեդրոն ամրոցը։ 10 Նրանք փախան մտան Ազովտի դաշտերում գտնվող աշտարակները. Հովհաննեսը կրակի ճարակ դարձրեց նրանց։ Հհրդեհից այրվեց մոտ երկու հազար մարդ, իսկ ինքը խաղաղությամբ վերադարձավ Հուդայի երկիր։

Պտղոմեոսի խարդավանքը և Շմավոնի սպանությունը

11 Աբուբի որդի Պտղոմեոսը նշանակված էր Երիքովի դաշտի կառավարիչ։ Նա շատ արծաթ ու ոսկի ուներ, 12 որովհետև քահանայապետի փեսան էր։ 13 Նա մեծամտացավ, հպարտացավ ինքն իր մեջ և ուզում էր տիրել երկրին։ Նա նենգ դավեր էր նյութում Շմավոնի ու նրա որդիների դեմ, որպեսզի մեջտեղից վերացնի նրանց։ 14 Շմավոնը շրջագայում էր երկրի քաղաքները, խնամում և հոգում էր նրանց կարիքները։ Նա իր որդիներ Մատաթիայի ու Հուդայի հետ եկավ իջավ Երիքով։ Դա հարյուր յոթանասունյոթ թվականի տասնմեկերորդ՝ Շաբաթ ամիսն էր։ 15 Պտղոմեոսն իր կառուցած Դովկ ամրոցում նրանց ընդունեց կեղծ մեծարանքով և խնջույք սարքեց հյուրերի պատվին, մինչդեռ դարանում մարդիկ էր թաքցրել։ 16 Երբ Շմավոնն ու իր որդիները կերան, խմեցին ու հարբեցին, Պտղոմեոսը և թաքնված մարդիկ վեր կացան, վերցրին իրենց զենքերն ու հարձակվեցին Շմավոնի վրա և խնջույքի սրահում սպանեցին նրան, նրա որդիներին ու նրա հետ եկած ծառաներին։ 17 Նրանք մեծ անօրենություն գործեցին և բարությունը չարությամբ հատուցեցին։
18 Պտղոմեոսը թագավորին գրեց, որ իրեն օգնական զորք ուղարկի, որպեսզի թագավորին հանձնի նրանց երկիրն ու քաղաքները։ 19 Զորքերի մի մասն էլ ուղարկեց Գազարա, որպեսզի այնտեղից վերացնի Հովհաննեսին։ Նա գրեց նաև զորապետներին, որ գան ու իրենից ոսկի, արծաթ ու բազմաթիվ պարգևներ ստանան։ 20 Ուրիշների էլ Երուսաղեմ ուղարկեց, որ շտապ հասնեն ու գրավեն այն լեռը, որի վրա էր տաճարը։ 21 Բայց մի մարդ ավելի շուտ եկավ Գազարա և գույժ տվեց Հովհաննեսին. «Քո հայրն ու եղբայրները սպանվել են, և նենգ մտադրությամբ մարդիկ է ուղարկել քո հետևից, որ քեզ էլ սպանեն»։
22 Երբ Հովհաննեսը լսեց այս, խիստ զարմացավ ու ցնցվեց։ Ապա բռնել տվեց իրեն սպանելու եկած մարդկանց ու անմիջապես սպանեց նրանց, որովհետև գիտեր, որ եկել էին նենգությամբ սպանելու իրեն։
23 Հովհաննեսի մնացած գործերը՝ նրա պատերազմները, մյուս քաջագործությունները, պարիսպների շինարարությունը և բարի գործերը, 24 բոլորն էլ գրի են առնված իր քահանայապետության ժամանակագրության մեջ, սկսած այն օրից, երբ իր հորից հետո դարձավ քահանայապետ։