Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եկեղեցական առաջնորդի արժանիքները1 Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպո…

Եկեղեցական առաջնորդի արժանիքները

1 Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ 2 Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, 3 ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին, 4 որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն 5 (այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել), 6 ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։ 7 Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։

Սարկավագի արժանիքները

8 Նույնպես և սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ոչ թե երկդիմի խոսող, գինեսեր, շահամոլ, 9 այլ պետք է մաքուր խղճով պահեն հավատի խորհուրդը։ 10 Նրանք էլ պետք է նախ փորձվեն և ապա, եթե անթերի լինեն, անցնեն ծառայության։ 11 Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։ 12 Սարկավագները պետք է լինեն մե՛կ կնոջ ամուսին, լավ վերակացու թե՛ իրենց որդիների և թե՛ իրենց տների համար, 13 որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։

Եկեղեցին և աստվածապաշտության մեծ խորհուրդը

14 Քեզ գրում եմ այս ամենը, որովհետև հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ։ 15 Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։ 16 Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը.

Նա հայտնվեց մարմնով,

արդարացավ Հոգով,

երևաց հրեշտակներին,

քարոզվեց հեթանոսների մեջ,

նրան հավատացին աշխարհում,

փառքով բարձրացվեց երկինք։