Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երեմիան թաքցնում է Վկայության Խորանն ու պաշտամունքի առարկաները1 Նախկի…

Երեմիան թաքցնում է Վկայության Խորանն ու պաշտամունքի առարկաները

1 Նախկին մատյաններում գրված է, թե Երեմիա մարգարեն գերության տարվողներին հրամայեց վերցնել այդ կրակից, ինչպես ցույց տրվեց։ Մարգարեն գերության տարվողներին 2 Օրենքը տվեց և պատվիրեց, որ չմոռանան Տիրոջ հրամաններն ու չմոլորվեն իրենց խորհուրդների մեջ, երբ տեսնեն ոսկուց ու արծաթից քանդակված կուռքեր ու պատկերներ և դրանց շրջապատող զարդարանքը։ 3 Նա խրատներ տալով աղաչում էր, որ չմոռանան և իրենց սրտից չհանեն Տիրոջ օրենքը։ 4 Նույն մատյանում գրված է նաև, որ մարգարեն երկնային հրամանի համաձայն հրամայեց Վկայության խորանն ու Ուխտի տապանակը իր հետ ման ածել, մինչև որ բարձրացավ այն լեռը, որտեղ ելել էր Մովսեսը՝ Աստծու ժառանգությունը տեսնելու համար։ 5 Երբ Երեմիա մարգարեն եկավ հասավ այդ վայրը, այնտեղ անտառապատ ու ամուր մի քարանձավ գտավ և Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու խնկերի սեղանը ներս տանելով՝ փակեց մուտքը։ 6 Նրան ուղեկցող մարդիկ մոտեցան, որ նշան դնեն այդ տեղին, բայց այդ վայրը տանող ճանապարհն անգամ չգտան։ 7 Երբ Երեմիան իմացավ դա, սկսեց հանդիմանել նրանց ու ասաց. «Մի՞թե չգիտեիք, որ ըստ հրամանի՝ անհայտ պիտի մնա այդ վայրը, մինչև որ Տերերի Տերը բարեհաճ վերաբերմունք ցույց տա իր արարածներին և հրամայի ժողովել իր ժողովրդին։ 8 Դրանից հետո միայն Տերը ցույց կտա այդ վայրը, և Տիրոջ փառքը կերևա ամպի սյան մեջ, ինչպես Մովսեսի ժամանակ էր, և ինչպես որ Սողոմոնն աղաչեց, որ Տիրոջ տաճարը փառավորապես սրբագործվի»։ 9 Հայտնի է նաև, որ իմաստությամբ լցված լինելով՝ Սողոմոնը տաճարի նավակատիքի ու ավարտման զոհեր մատուցեց։ 10 Եվ ինչպես որ Մովսեսն աղոթեց Աստծուն, և կրակ իջավ երկնքից ու լափեց փայտն ու ողջակեզները, այդպես էլ Սողոմոնն աղոթքի կանգնեց, և կրակ իջավ ու լափեց զոհասեղանի վրայի ողջակեզները։ 11 Մովսեսն ասաց. «Կրակ իջավ ու լափեց զոհերը, քանի որ մեղքերի համար մատուցված զոհերի միսը չէր կերվել»։ 12 Նույն ձևով Սողոմոնը տոնեց այդ ութ օրերը։
13 Այս բաները ներկայացված են նաև Նեեմիայի գրառումներում և հուշերում, ինչպես նաև այն, որ նա, գրադարան հիմնելով, հավաքեց թագավորների ու իշխանների մասին գրված գրքերը, Դավթի գրվածքներն ու տաճարի ընծաների մասին թագավորների հրովարտակները։ Այդ բոլորը հավաքվեց մի տեղ։ 14 Նույն ձևով էլ Հուդան մի տեղ հավաքեց պատերազմի պատճառով կորած ու ցրված գրքերը։ Դրանք հիմա մեզ մոտ են պահվում։ 15 Արդ, եթե դրանց կարիքն ունեք, մա՛րդ ուղարկեք, և մենք դրանք կտանք ձեզ։ 16 Բարի գործ կատարած կլինեք, եթե միշտ պահեք տոն օրերը։ 17 Աստված ինքն է, որ փրկություն պարգևեց իր ամբողջ ժողովրդին և բոլորին վերադարձրեց իրենց ժառանգությունը, թագավորությունը, քահանայությունն ու սրբությունները, 18 ինչպես խոստացել էր ուխտի միջոցով։ Հույս ունենք Տիրոջ վրա, որ շուտով մեզ կհավաքի սուրբ վայրում, որովհետև նա է մեզ փրկել մեծամեծ փորձանքներից ու մաքրել սրբավայրը։

Հեղինակի տեսակետը մատենագրության մասին

19 Ինչ վերաբերում է Հուդա Մակաբեին և նրա եղբայրներին, մեծ տաճարի սրբագործմանը և զոհասեղանի նավակատիքին, 20 Անտիոքոս Եպիփանի ու նրա որդի Եվպատորի դեմ մղված ճակատամարտերին 21 կամ այն հայտնություններին, որ երկնքից եղան Օրենքի հաստատության համար քաջությամբ մարտնչողներին, այնպես որ սակավաթիվ լինելով՝ աշխարհին տիրանալ ցանկացող բազմաթիվ խուժադուժ ազգերին հալածեցին, 22 վերստին տիրեցին ամբողջ տիեզերքում հոյակապ ու շքեղ տաճարին և ազատագրեցին մեծ քաղաքը, քանի որ Տերը՝ Աստված, ամբողջ քաղցրությամբ ու խաղաղությամբ բարեհաճ էր նրանց նկատմամբ,- 23 ահա այս բոլորը, որ ժամանակին հինգ հատորով Յասոն Կյուրենացին ներկայացրել է, ջանացինք մի գրքով համառոտակի վերաշարադրել։ 24 Տեսնելով թվերի շատությունը և այն դժվարությունը, որ նյութի առատության պատճառով գոյություն ուներ այդ մատյաններում նկարագրված դեպքերին խորամուխ լինել կամեցողների համար, 25 հոգ ենք տարել, որ այն հաճելի լինի ընթերցողներին, դյուրին՝ հիշել ցանկացողներին և օգտակար՝ բոլոր ընթերցողներին։ 26 Չկարծեք, թե մեզ համար, որ հանձն ենք առել համառոտ բան գրելու այս աշխատանքը, հեշտ, քիչ քրտինք ու տքնություն պահանջող գործ է։ 27 Ինչպես որ նա, ով պատրաստվում է ուրախ խնջույք տալ իր ընկերներին, նրանց ուրախացնելու համար ճոխ սեղան պետք է բացի և ոչ թե իր հանգստյան մասին մտածի, այդպես էլ մենք շատերին հաճույք պատճառելու համար այս չարչարանքը հանձն առանք։ 28 Իսկ ճշտելն ու ճշգրտելը մեր նախորդների գործն է եղել, մենք հանձն առանք միայն համառոտել, պարզ ու սեղմ դարձնել ընդարձակ խոսքը։ 29 Ինչպես որ նոր ապարանքի շինության ժամանակ շատերին է գործ հանձնարարվում, բայց շինության սկիզբն ու ավարտը բուն ճարտարապետի գործն է, իսկ ծեփելը, ներկելը, զարդարելն ու նկարելը՝ արվեստագետի, այդպես էլ մեր դեպքում է։ 30 Հարցուփորձ անելը, քննելը, ճշմարիտ խոսքին հետամուտ լինելը, գաղտնիքների մեջ թափանցելը բուն պատմագրի խնդիրն է, 31 իսկ համառոտ պատմություն ներկայացնելը, որ այժմ հանձն եմ առել անել, կարող եք ինձանից պահանջել։
32 Արդ, այստեղ սկսենք պատմել այն, ինչ խոստացել էինք՝ այլևս որևէ բան չավելացնելով ասվածին, որովհետև անմտություն է գրքի նախաբանն ընդլայնել, իսկ բուն պատմությունը՝ համառոտել։