Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Փեսան ասում է ինքն իրեն և հարսին.1 Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շու…

Փեսան ասում է ինքն իրեն և հարսին.

1 Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։

2 Ինչպես շուշանը՝ փշերի մեջ,

այնպես և իմ քույրը՝ աղջիկների մեջ։

Հարսն ասում է փեսային.

3 Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ,

այնպես է իմ եղբորորդին [եբր․ սիրելին]՝ տղաների մեջ։

Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի.

և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։

Հարսն ասում է օրիորդներին.

4 Գինետո՛ւն տարեք ինձ և սե՛րն իմ վրա կարգեք։

5 Զորացրե՛ք ինձ յուղով, խնձո՛ր լցրեք վրաս,

քանզի լի եմ խանդակաթ սիրով։

6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է,

և նրա աջը թող գրկի ինձ։

Հարսն ասում է օրիորդներին.

7 Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի,

անդաստանի զորություններով և ուժերով,

եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։

Փեսայի ձայնը լսելով՝ հարսն ասում է.

8 Իմ եղբորորդու ձայնն է.

ահա նա գալիս է,

վազում լեռների վրայով՝ ոստոստելով բլուրների վրա։

9 Եղբորորդիս նման է այծյամի կամ եղնիկների հորթերի՝

Բեթելի լեռների վրա։

Հարսն օրիորդներին նշան է անում փեսայից

Կանգնած է նա ահա մեր տան դրսում,

ձգվել է դեպի պատուհանները,

նայում է նա վանդակապատի միջով։

10 Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում.

«Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։

11 Քանզի ահա անցավ ձմեռը,

Անձրևներն անցան, գնացին-հեռացան։

12 Ծաղիկներ երևացին մեր երկրում,

էտելու ժամանակը հասավ,

տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։

13 Իր բողբոջն ընձյուղեց թզենին,

ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։

Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։

14 Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ,

վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։

Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո,

լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո,

և գեղեցիկ՝ դեմքը քո»։

Փեսան այսպես է ասում օրիորդներին.

15 Բռնե՛ք մեզ համար փոքրիկ աղվեսներին՝

այգիների ապականիչներին,

և մեր որթերը կծաղկեն։

Հարսն այսպես է ասում.

16 Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը.

նա, որ հովվում է շուշանների մեջ։

Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.

17 վերադարձի՛ր, եղբորորդի՛ իմ,

նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝

խնկաբեր լեռների վրա։