Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ընդդեմ անսանձ լեզվի1 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ չլինեք։ Իմաց…

Ընդդեմ անսանձ լեզվի

1 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ չլինեք։ Իմացե՛ք, որ այս առումով մեծ դատաստան ենք ընդունելու, 2 քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։

3 Տե՛ս, թե ինչպե՛ս ենք ձիերի բերանը սանձեր դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։

4 Ահավասիկ և նավերը. ի՜նչ հսկա են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են, ո՛ր կողմը նավավարի սիրտն ուզում է։

5 Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ 6 Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։ 7 Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, 8 բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող նրան հնազանդեցնել։

9 Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով ենք անիծում մարդկանց, որ ստեղծվեցին Աստծու նմանությամբ։ 10 Օրհնություններն ու անեծքները նույն բերանից են դուրս գալիս։ Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի։ 11 Մի՞թե մի աղբյուր նույն ակունքից միաժամանակ քաղցր և դառն ջուր կբխեցնի։

12 Եղբայրնե՛ր իմ, մի՞թե հնարավոր է, որ թզենին ձիթապտուղ տա կամ որթատունկը՝ թուզ։ Եվ աղուտ տեղից հնարավոր չէ քաղցր ջուր ստանալ։

Երկրային և երկնային իմաստություն

13 Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։

14 Իսկ եթե ձեր սրտերում դառն նախանձ և հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք, մի՛ ստեք ընդդեմ ճշմարտության։

15 Այս իմաստությունն ի վերուստ չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր և դիվական, 16 որովհետև որտեղ հակառակություն և նախանձ կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան։

17 Իսկ վերին իմաստությունը նախ սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, բարյացակամ, լի ողորմածությամբ ու բարի գործերով, անկողմնակալ, առանց կեղծավորության։

18 Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։