Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս Դավթի՝ օրհներգ2 Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ էՕրհ…

1 Սաղմոս Դավթի՝ օրհներգ

2 Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ է

Օրհնելու և սաղմոսելու քեզ իմ փառքով։

3 Զարթնի՛ր, փա՛ռք իմ, զարթնի՛ր սաղմոսով և օրհնությամբ,

Եվ ես կարթնանամ առավոտյան։

4 Գոհություն կմատուցեմ քեզ, Տե՛ր, ժողովուրդների մեջ

Եվ սաղմոս կերգեմ քեզ ազգերի մեջ։

5 Քո ողորմությունը մեծ եղավ մինչև երկինք,

Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։

6 Դու երկինք ես բարձրացել, Աստվա՛ծ,

Քո փառքը ամբողջ երկրում է։

7 Որպեսզի սիրելիներդ փրկվեն,

Պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։

8 Աստված խոսեց իր սրբարանից.

«Բարձրանալով պիտի բաժանեմ Սյուքեմը

Եվ Վրանների հովիտը պիտի չափեմ։

9 Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն.

Եփրեմը՝ իմ գլխի սաղավարտը,

Հուդան՝ իմ թագավորը,

10 Մովաբը՝ հույսիս ավազանը։

Պիտի ուղղեմ երթն իմ Եդովմ,

Եվ այլազգիներն ինձ հնազանդվեցին»։

11 Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք,

Կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդովմ,

12 Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ մեզ մերժեցիր

Եվ մեր զորքերի հետ չեղար, Աստվա՛ծ,

13 Նեղության մեջ տո՛ւր մեզ օգնություն,

Որովհետև ունայն է մարդու փրկությունը։

14 Աստծով զորություն կստեղծենք,

Եվ նա մեր թշնամիներին ամոթահար կանի։