Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սկսվում է տաճարի վերաշինությունը(Բ Եզր. 5.1-17)1 Դարեհի թագավորության…

Սկսվում է տաճարի վերաշինությունը
(Բ Եզր. 5.1-17)

1 Դարեհի թագավորության երկրորդ տարում Անգե և Զաքարիա մարգարեները Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից սկսեցին խոսել Հուդայի երկրի և Երուսաղեմի բնակիչներին։ 2 Այդ ժամանակ էր, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն Տիրոջ մարգարեների աջակցությամբ սկսեցին շինել Տիրոջ տաճարը Երուսաղեմում։ 3 Նույն ժամանակ նրանց մոտ եկան Ասորիքի և Փյունիկեի իշխան Սիսինը, Սաթրաբուզանը՝ իրենց ընկերներով հանդերձ, և ասացին նրանց. 4 «Ո՞ւմ հրամանով եք շինում այդ տաճարն ու նրա տանիքը, և ո՞վքեր են ցանկանում շինել և ավարտել դա»։ 5 Բայց Տիրոջ այցելության շնորհքը եղավ քահանաների ու հրեաների վրա, 6 և նրանց չարգելեցին շինելու, մինչև որ գրեն Դարեհ թագավորին և հրաման առնեն նրանից։ 7 Ահա այն նամակը, որ գրեցին և Դարեհ արքային ուղարկեցին. «Սիսինը՝ իշխանը Ասորիքի ու Փյունիկեի և Սաթրաբուզանը, ինչպես և նրանց հետ եղող Ասորիքի ու Փյունիկեի գործակալները և գլխավորները՝ 8 Դարեհ թագավորին ողջույն։ Թող հայտնի լինի քեզ, մեր տե՛ր թագավոր, որ մենք գնացինք հասանք Հուդայի երկիրն ու մտանք Երուսաղեմ քաղաքը և այնտեղ՝ Երուսաղեմ քաղաքում, գտանք գերությունից վերադարձածներին ու նրանց քահանաներին և տեսանք, որ շքեղ կերպով կառուցում էին Տիրոջ մեծ տաճարը՝ մեծաշուք ու նորասքանչ, կոփածո և մեծամեծ քարերով, պատերի մեջ տեղադրված գերանակապերով։ 9 Նրանց ձեռնարկած գործը մեծ փութով ու հաջողությամբ առաջ էր գնում, նրանք ցանկանում էին շուտով և փառքով ավարտել այն։ 10 Հարցնելով ավագներին՝ մենք ասացինք. «Ո՞ւմ հրամանով եք շինում այդ տունը և կամ ո՞ւմ խոսքով եք դրա հիմքերը գցել»։ 11 Նրանց հարցրինք, որպեսզի տեղյակ պահենք քեզ և ցույց տանք քեզ նրանց առաջնորդներին ու գրենք նրանց անունները, որոնք այդ գործի ղեկավարներն են։ 12 Իսկ նրանք, պատասխան տալով մեզ, ասացին. «Մենք ծառաներն ենք Տիրոջ՝ Աստծու, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ 13 Այս տաճարը շինված էր շատ տարիներ առաջ Իսրայելի մեծ ու հզոր թագավորի ձեռքով։ 14 Երբ մեր հայրերը մեղանչելով դառնացրին Տիրոջը՝ Իսրայելի երկնավոր Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, նա մատնեց նրանց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որ քաղդեացիների թագավորն էր։ 15 Տունը քանդելով՝ հրկիզեցին և ժողովրդին գերեվարեցին Բաբելոն։ 16 Բաբելոնում Կյուրոսի թագավորության առաջին տարում Կյուրոս արքան գրեց և հրամայեց շինել այս տաճարը։ 17 Եվ ոսկյա ու արծաթյա այն բոլոր սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր Երուսաղեմի Տիրոջ տանից ու պահ էր տվել իր կուռքերի տանը, Կյուրոսը վերադարձրեց բաբելացիների կուռքերի տնից և հանձնեց Զորաբաբելին ու Սամանասարին։ 18 Եվ նրանց հրամայեց այդ կահ-կարասին ու սպասքը բերել դնել Երուսաղեմի Տիրոջ տաճարում՝ պատվիրելով, որ Տիրոջ այս տաճարը կառուցվի իր նույն տեղում։ 19 Այնժամ Սամանասարը, գալով Երուսաղեմ, գցեց այս տաճարի հիմքերը, և դրանից ի վեր՝ մինչև այսօր, շինում ենք ու դեռևս չենք ավարտել»։ 20 Արդ այժմ, մեր տեր և թագավո՛ր Դարեհ, եթե հարմար դատես, թող փնտրեն Բաբելոնի մատենադարանում, որտեղ պահվում են թագավորների հիշատակարանների գրքերը։ 21 Եթե պարզվի, որ Տիրոջ տունը Երուսաղեմում շինում են Կյուրոս թագավորի հրամանով ու պատվերով, և դա համապատասխանում է Կյուրոս թագավորի հրամաններին, ապա մեզ տեղյա՛կ պահիր այս ամենի մասին։

Կյուրոսի հրովարտակի հայտնաբերումը
(Բ Եզր. 6.1-5)

22 Այնժամ Դարեհ թագավորը հրամայեց փնտրել Բաբելոնի թագավորական մատենադարաններում։ Եվ Մարաց աշխարհի Եկբատան ամրոցում, որտեղ պահվում էին հիշատակարանների գրքերը, գտնվեց մի մատյան, որի մեջ կար հետևյալ գրությունը. 23 «Կյուրոսի թագավորության առաջին տարում Կյուրոս արքան հրամայեց շինել Տիրոջ տունը Երուսաղեմում, որպեսզի այնտեղ կարողանան ամենօրյա ողջակեզները մատուցել։ 24 Եվ հրամայեց շինել հետևյալ չափերով. բարձրությունը՝ վաթսուն կանգուն և լայնությունը՝ վաթսուն կանգուն, երեք քարաշեն և մեկ փայտաշեն հարկերով։ Իսկ ծախսը հրամայված էր վճարել արքունիքից։ 25 Եվ Տիրոջ տան ոսկյա ու արծայա սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան Երուսաղեմի Տիրոջ տաճարից բերել էր Բաբելոն, Կյուրոս թագավորը հրամայեց տանել Տիրոջ տունը, որ Երուսաղեմում էր, որպեսզի դնեն այնտեղ, որտեղ գտնվում էին նախապես»։

Դարեհ թագավորը հրամայում է շարունակել շինարարությունը
(Բ Եզր. 6.6-12)

26 Դարեհ թագավորն այդ հրամանին ավելացրեց նաև հետևյալը. «Ողջ Ասորիքի և Փյունիկեի իշխան Սիսինին, Սաթրաբուզանին և ձեր մյուս ընկերներին, որ գործակալության են նշանակվել Ասորիքում ու Փյունիկեում. հեռո՛ւ մնացեք այդ վայրից և մի՛ մոտեցեք Տիրոջ ծառա Զորաբաբելին, որ հրեաների իշխանն է, և ոչ էլ հրեաների ավագներին, որոնք շինում են Տիրոջ տունը՝ իր նախկին տեղում։ 27 Ես ևս հրամայում եմ, որ այն ամբողջությամբ շինվի։ Աջակցե՛ք այն հրեաներին, որ ելան Երուսաղեմ, մինչև որ վերականգնեն Տիրոջ՝ իրենց Աստծու տաճարը։ 28 Հրամայում եմ նաև, որ Տիրոջը զոհ մատուցելու համար Ստորին Ասորիքի ու Փյունիկեի հարկերից այդ մարդկանց և Զորաբաբել իշխանին տրվեն ցուլեր, խոյեր ու գառներ, 29 ինչպես նաև ցորեն, աղ, գինի և ձեթ, և այս ամենը, որքան ժամանակ Երուսաղեմի քահանաները կպահանջեն Տիրոջ ծախսերի համար, տարի առ տարի, օր առ օր անխափան պետք է տրվի, 30 որպեսզի նրանք Տիրոջը՝ Բարձրյալ Աստծուն զոհ մատուցեն թագավորի ու նրա զորքի համար և աղոթեն թագավորի կյանքի համար։ 31 Նաև հրամայում եմ, որ եթե մեկը ծուլանա կամ անտես անի այն, ինչ որ հրամանագրեցի, ապա կպատժվի ու կզրկվի ամեն ինչից, կկախվի ու կխոշտանգվի, և նրա ողջ հարստությունը հարքունիս կգրավվի։ 32 Եվ Տերը, որի անունը կանչվում է այնտեղ, թող ջնջի ամեն մի թագավորություն և ազգ, որը իր ձեռքը կերկարի՝ խանգարելու կամ չարագործելու Տիրոջ այն տանը, որ Երուսաղեմում է։ 33 Ես՝ Դարեհ թագավորս, հրամայում եմ մեծ բծախնդրությամբ իրագործել այս ամենը»։