Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիմոնի դավաճանությունը1 Կար ժամանակ, որ բարեպաշտ ու չարատյաց Օնիա քահ…

Սիմոնի դավաճանությունը

1 Կար ժամանակ, որ բարեպաշտ ու չարատյաց Օնիա քահանայապետի շնորհիվ սուրբ քաղաքի բնակիչները ապրում էին խաղաղ և սրբությամբ պահում ճշմարիտ օրենքները։ 2 Եթե անգամ հարկ էր լինում, թագավորներն իրենք էին պատվում երևելի տաճարը հրովարտակներով, բազմաթիվ նվերներով ու ընծաներով։ 3 Նույնիսկ ինքը՝ Ասիայի արքա Սելևկիոսը, մասնակցում էր ծիսակատարությանը և իր սեփական եկամուտներից էր տալիս զոհեր մատուցելու հետ կապված բոլոր ծախսերը։
4 Բաղգեղի ցեղից Սիմոն անունով մեկը, որն իր տոհմի առաջնորդն էր, տարաձայնություն ունեցավ քահանայապետի հետ քաղաքի առևտրի առնչությամբ։ 5 Տեսնելով, որ չի կարողանում հաղթել կամ վնասել Օնիային, նա եկավ կանգնեց Դրասեի որդի Ապոլոնիոսի առաջ, որն այդ ժամանակ Ստորին Ասորիքի և Փյունիկեի սպարապետն էր, 6 և նրան հայտնեց, որ Երուսաղեմի գանձատունը լցված է բազում գանձերով, և տարբեր տեսակի այդ գանձերի թիվն ու հաշիվը ոչ ոք չի կարող պահել։ Նա ասաց. «Այդ գանձերը պետք է արքայի ձեռքն անցնեն և հատկացվեն զոհեր մատուցելուն»։ 7 Հանդիպելով թագավորի հետ՝ Ապոլոնիոսը նրան պատմեց այն գանձերի մասին, որոնց մասին իրեն տեղեկացրել էին։ Թագավորը կանչեց իր հանդերձապետ Հելիոդորոսին և հրամայեց նրան այդ գանձերը հանել ու բերել քաղաքից։ 8 Հելիոդորոսն շտապ ճանապարհ ընկավ՝ իբր Ստորին Ասորիքի ու Փյունիկեի քաղաքների վիճակն ստուգելու, բայց իրականում թագավորի հրամանն էր կատարում։ 9 Երբ հասավ Երուսաղեմ, այնտեղ քահանայապետն ու քաղաքացիները մեծ պատվով ընդունեցին նրան։ Նա սկսեց նրանց պատմել, թե արքային ինչ են հայտնել, ու ասաց. «Ո՞վ կամ ինչպե՞ս և կամ ինչո՞ւ են ձեր մասին ամբաստանել արքային, կամ էլ իրո՞ք այնքան գանձ կա, որքան ասել են»։ 10 Քահանայապետն առաջ եկավ ու ասաց. «Իսկապես կան պահ դրված ավանդներ, որոնք պատկանում են այրիներին ու որբերին, 11 մի մասն էլ՝ Տուբիի որդի Օրկանիոսին՝ երևելի մի մարդու, բայց ոչ այնքան, որքան ասել է ամբաստանության նամակ գրող անօրեն Սիմոնը։ Ամենը միասին չորս հարյուր քանքար արծաթ և երկու հարյուր քանքար ոսկի է։ 12 Չի կարելի զրկել նրանց, ովքեր վստահել են ամբողջ աշխարհում փառավոր հռչակ ունեցող և անձեռնմխելի սուրբ տաճարին»։

Երուսաղեմը խռովության մեջ

13 Երբ Հելիոդորոսը լսեց քահանայապետի խոսքերը, հիշեց արքայի հրամանն ու ասաց. «Հրամայված է, որ հօգուտ արքունիքի վերցվի այդ գանձը»։ 14 Նա օր ու ժամ նշանակեց և ըստ արքունի հրամանի՝ պատրաստվում էր մտնել, հաշվել ու բռնագրավել գանձը։ Այդ ժամանակ քաղաքում քիչ հուզումներ ու խռովություններ չառաջացան։ 15 Քահանաներն իրենք սրբազան պատմուճաններով ընկնում, թավալվում էին զոհասեղանի առաջ, աղաչում էին նրան, ով ավանդները սրբությամբ պահելու համար օրենքներ էր սահմանել, որ կարողանան այդ բոլորն անվնաս իրենց ավանդատուներին հասցնել։ 16 Մարդ խոցվում էր իր սրտում, երբ տեսնում էր քահանայապետի դեմքը, որովհետև երեսի արտահայտությունն ու գույնը հոգու տրտմությունն էին արտացոլում, 17 քանի որ ահն ու սարսափն էր պատել նրան, և մարմինը դողում էր։ Այդ ամենից հայտնի էր դառնում նրա սրտի մորմոքը։ 18 Բոլոր տներից ընտանիքները խումբ-խումբ դուրս էին գալիս ընդհանուր աղոթքի, որպեսզի չոտնահարվի մեծ տաճարի պատիվը։ 19 Կանայք քուրձ հագած ողբում էին հրապարակներում, ճգնավոր կույսերը կուսանոցներից գնում էին դեպի դարպասներն ու պարիսպները, ոմանք էլ պատուհաններից գլուխներն էին դուրս հանում, 20 և բոլորը միասին, ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, աղոթք էին մրմնջում։ 21 Սրտաճմլիկ տեսարան էր դա, որովհետև բոլոր մարդիկ, միասին գետին ընկնելով ու թավալվելով, աղոթք էին մատուցում դեպի երկինք, իսկ մեծապես տագնապած քահանայապետն անհանգիստ սպասումի մեջ էր։ 22 Նրանք, այսպես ընկնելով ու թավալվելով, դիմում էին Ամենակալին, որ վստահված ավանդներն ամբողջությամբ ապահով հասցնի ավանդատուներին։

Հելիոդորոսի պատիժը

23 Իսկ Հելիոդորոսը հետամուտ էր վճռի կատարմանը։ 24 Բայց երբ իր թիկնապահների հետ մտավ գանձատուն, բոլոր հոգիների և իշխանությունների վրա զորություն ունեցող Տերը մի մեծ հրաշք ցույց տվեց. բոլոր նրանք, ովքեր հանդգնել էին նրա հետ ներս մտնել, կաթվածահար եղան Աստծու զորությունից և ընդարմացան վախից։ 25 Նրանց հանկարծ երևաց մի փառահեղ ձի՝ ոսկե զրահով հանդերձավորված հեծյալի հետ։ 26 Հեծյալի առաջ կանգնած էին գեղեցիկ զարդերով զարդարված ու զորեղ երկու այլ երիտասարդներ, որոնք, աջ ու ձախ կողմերից անմիջապես մոտենալով, սաստիկ հարվածներ տեղացին Հելիոդորոսի վրա, 27 մինչև նա մերձիմահ, անզգա ընկավ գետին, և վերցրին նրան։ 28 Նրան, որ այդպիսի շուքով, պատվով, սպառնալիքով և թիկնապահներով մտել ու ճեմում էր գանձատանը, այժմ բարձրացրած տանում էին անզգա վիճակում։ Նրանք հայտնապես ճանաչեցին Աստծու զորությունը։ 29 Մինչ նա աստվածային միջամտությամբ անմռունչ ու անբարբառ, փրկության ամեն մի հույսից կտրված, կիսամահ ընկած էր գետնին, 30 Օնիայի շուրջը գտնվողներն օրհնում էին Տիրոջը, որն ամեն ինչով փառավորել էր իր սրբավայրը։ Այն տաճարը, որը քիչ առաջ լցված էր խռովությամբ, ամենակալ Տիրոջ փառքի երևալով լցվեց խնդությամբ ու անսպառ ուրախությամբ։
31 Այն ժամանակ եկածներից մի քանի բարեսիրտ մարդիկ՝ զորավարի ավագ ընկերները, շտապ հասան Օնիայի մոտ, որպեսզի նա Բարձրյալից խնդրի կյանք շնորհել նրան, քանի որ չարաչար ընկած վերջին շունչն էր փչում։ 32 Քահանայապետը մտահոգվեց, որ գուցե թագավորը մտածի, թե այդ մարդը տուժել է իր կամ հրեաների նյութած դավից, ուստի աղաչեց Աստծուն և զոհ մատուցեց այդ մարդու կյանքը փրկելու համար։ 33 Մինչ քահանայապետը քավության զոհերն էր մատուցում, նույն երիտասարդները, նույն հանդերձներով զարդարված, անմիջապես իջան և Հելիոդորոսի առաջ կանգնելով՝ ասացին. «Դու Օնիա քահանայապետից շատ շնորհակա՛լ եղիր, որովհետև հանուն նրա և նրա միջոցով Տերը քեզ կյանք շնորհեց։ 34 Իսկ դու, որ նրա համար այդքան տանջանքներով պատժվել ես, պատմի՛ր բոլորին Աստծու մեծ զորության մասին»։ Այս բանն ասելուց հետո նրանք անմիջապես աներևութացան։

Հելիոդորոսի դարձը դեպի Աստված

35 Երբ Հելիոդորոսն սթափվեց, անմիջապես ոտքի կանգնելով՝ Տիրոջը զոհեր մատուցեց և մեծամեծ ուխտեր ու աղոթքներ արեց Տիրոջը, որն իրեն կյանք շնորհեց ու դարձյալ առաջվա պես զորացրեց։ Նա Օնիա քահանայապետին մեծամեծ նվերներով պատվեց ու այնտեղից շարժվեց ու գնաց թագավորի մոտ։ 36 Ամեն տեղ նա վկայում էր Աստծու հրաշքների մասին, որ իր իսկ աչքերով էր տեսել։ 37 Երբ թագավորը հարց տվեց Հելիոդորոսին, թե՝ «Ինչպե՞ս, ի՞նչ արեցիր, ինչո՞վ վերջացրիր այն գործը, որի համար գնացել էիր», նա սկսեց պատմել գանգատվելով ու ասաց. «Ո՜վ Տեր, Երուսաղե՛մ ուղարկեք 38 նրան, ով ձեր թշնամին է ու ձեր մեծ գործերի հակառակորդը։ Հրամայե՛ք ուղարկել նրան և այնտեղից նրան հետ կբերեն չարաչար ձաղկված, եթե միայն մահվանից փրկվել կարողանա, որովհետև այդ վայրում այնպիսի՜ մեծ զորություն կա։ 39 Նա, որի զորությունը երկնքում է, Նա՛ է այդ տեղի հովանավորն ու օգնականը, և ով թշնամությամբ կամ արհամարհանքով մտնի այնտեղ, մեծամեծ չարիքներով կպատուհասվի, եթե ողջ մնա»։
40 Հելիոդորոսի ու գանձատունը պաշտպանելու մասին այսքանը։